Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պարտավորվել էր ընտանիքին տրամադրել ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարը

Նոյեմբեր 20,2013 14:08

Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ
հայցվոր Գրիգոր Գասպարյանի նախնական դատական նիստը:

Երեւանի քաղաքապետարանի եւ Գրիգորի ու նրա ընտանիքի մյուս անդամների՝ Նվարդի, Հասմիկի, Հայկի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր չկնքելու կամ նշված բնակարանը պայմանագրի 2. 4 կետի 2. 4.1 ենթակետում նշված ժամկետում չհանձնելու դեպքում վճարել Գրիգոր Գասպարյանի եւ նրա ընտանիքի մյուս անդամների ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարի գումարը, որը կգոյանա 2012 թվականի նոյեմբերի 1-ից հետո:
Նախնական դատական նիստը կայացավ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ: Երեւանի քաղաքապետարանից որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ ներկա էր Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Պապյանը: Գրիգորի հայցը ներկայացնում էր փաստաբան Մարո Խաչատուրյանը:
Լուսինե Պապյանը դատարանին հայտնեց, որ դեռեւս չեն հասկանում, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը, ինչպես նաեւ հայտնեց, որ Գրիգորն իր ընտանիքով այժմ փաստացի բնակվում է Սիսակյան փողոցի 22 հասցեում գտնվող 18-րդ բնակարանում, որը նրանց է հանձնվել նրանց վթարային բնակարանի դիմաց: Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ ցանկանում է միջնորդություն կատարել եւ փոփոխում մտցնել հայցապահանջի մեջ, քանի որ այդ գործով թույլ է տրվել վրիպակ: «Խնդիրն այն է, որ Գրիգորի ընտանիքին բանալիները հանձնվել են ապրիլ ամսին, մինչդեռ կողմերի միջեւ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 13. 07. 2013 թվականին, որից հետո հանձնվել են բանալիները: Հետեւաբար, Գրիգորի ընտանիքին վարձավճարով ապահովելու պարտավորությունը Երեւանի քաղաքապետարանը կրել է մինչեւ 2013 թվականի հուլիսը»,- նիստի ժամանակ ասաց հայցվորի ներկայացուցիչը: Մարո Խաչատուրյանը նաեւ հայտնեց, որ այդ կապակցությամբ խնդրում է փոփոխել հայցապահանջը՝ պատասխանողից բռնագանձելով 09.12. 2011 թվականի պայմանագրի 2. 4.2 կետով սահմանված 9 ամսվա վարձավճարը, այդ գումարի նկատմամբ հաշվարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսները՝ մինչեւ վճռի փաստացի կատարումը, ինչպես նաեւ պետական տուրքի եւ փաստաբանին իրավաբանական ծառայությունների դիմաց վճարված գումարները եւ փոխել հայցի փաստական հիմքն այն մասով, որ պատասխանողի պարտավորությունների դադարման հիմքը կողմերի միջեւ 13. 07. 2013 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն է:
Պատասխանող կողմի ներկայացուցիչն իր հերթին հարց ուղղեց հայցվորի ներկայացուցչին, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը վճարի 9 ամսվա վարձավճարը եւ որքա՞ն է կազմում 9 ամսվա վարձավճարի չափը: Ներկայացուցիչն ասաց, որ հայցապահանջի հիմքում նա անդրադարձել է նախահաշվարկին: Ասաց նաեւ, որ քաղաքապետարանը 2 ամսվա վարձավճարը սկզբնական շրջանում տրամադրել է, որը կազմել է ամսական 70.000-ական դրամ: Ներկայացուցիչը շեշտեց հատկապես այն փաստը, որ վարձավճարի հաշվարկման հետ կապված դիմում է գրել քաղաքապետարանին, սակայն այնտեղից բացասական պատասխան է եկել՝ մերժել են հաշվարկել: Դատավորի կողմից պատասխանողին ուղղված այն հարցին, թե՝ ի՞նչն է խանգարել հաշվարկել 9 ամսվա վարձավճարի չափը, եթե այդ առումով նույնիսկ կա կառավարության որոշում, պատասխանողն ասաց, որ պայմանագրում վարձավճարը հաշվարկելու մասին խոսք չկա:
Վարձավճարի չափը ներկայացնելու համար նշանակվել է եւս մեկ նախնական դատական նիստի օր, որը նոյեմբերի 26-ն է:
Թե որքա՞ն կհաշվարկի ներկայացուցիչն 9 ամսվա վարձավճարի չափը, որը սահմանված է կառավարության որոշմամբ, այդ մասին կանդրադառնանք «Առավոտի» հաջորդ հրապարակումներում, սակայն մեկ փաստ ակնհայտ է՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Գրիգորի ընտանիքի միջեւ կնքվել է պայմանագիր, որով սահմանվում է, որ քաղաքապետարանը պարտավորվում է նրա ընտանիքին տրամադրել ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճար, մինչեւ նոր բնակարանի տրամադրումը: Պայմանագրի համաձայն՝ նոյեմբերի 1-ից հետո 9 ամիս Գասպարյանները բնակվել են ժամանակավոր կացարանում եւ վարձավճարի հարցը լուծել են քաղաքապետարանի փոխարեն: Քանի որ պայմանագրով նշված ժամանակահատվածում, որը նշվում է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը, քաղաքապետարանը Գրիգորի ընտանիքին չի տրամադրել նոր բնակարանի բանալիները, այդ իսկ պատճառով քաղաքապետարանը պարտավորվում է վճարել Գրիգորի՝ ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարը, որը գոյացել է 2012 թվականի նոյեմբերի 1-ից հետո:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930