Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացիները վարձակալել են «չգործող» ռադիոաստղադիտակը

Նոյեմբեր 20,2013 13:50

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, «Էմիլ Հայկի Միրզաբեկյան» հիմնադրամը նամակ է հղել ՀՀ նախագահին՝ աջակցություն խնդրելու 2014թ. հոկտեմբերին այլընտրանքային միջազգային գիտաժողով անցկացնելու համար: Նախագահականից պատասխանել են, թե այդ խնդրով պետք է դիմել ՀՀ գիտությունների ակադեմիա կամ Գիտության կոմիտե, թեեւ հղված նամակում հատուկ խնդրել են, որ ակադեմիային հարցում չարվի, որովհետեւ բացառվում է, որ «ՀՀ գիտությունների ակադեմիա անունը կրող գրեթե մասնավորեցված կառույցը դրական արձագանք տա իր զառամած մտածելակերպից դուրս որեւէ գիտական նախաձեռնության», այնուհանդերձ, միակ պատասխանը ակադեմիային դիմելու անբեկանելի ճանապարհն է: Հիմնադրամի խորհուրդը, ըստ իր ունեցած փորձի, համոզված է, որ ակադեմիային դիմելու պատասխանը «անքննարկելիորեն բացասական կարծիք է լինելու»:
«Առավոտը» «Էմիլ Հայկի Միզաբեկյան» հիմնադրամի տնօրեն Գոհարիկ Գյուրջյանին խնդրեց նախ ներկայացնել նախատեսվող միջազգային գիտաժողովը, հետո էլ ՀՀ գիտությունների ակադեմիայի մասին նման բացասական կարծիք ունենալու պատճառը:
Մեր զրուցակիցն ասաց, որ հարցն առաջին հերթին վերաբերում է բազմատաղանդ գիտնական Էմիլ Միրզաբեկյանի թողած հսկայական գիտական ժառանգությունն անտարբերության ճիրաններից փրկելուն եւ նրա լայնամասշտաբ գործունեությունը մեր՝ անկախություն նվաճած երկրի հանրությանը ներկայացնելուն: Գ. Գյուրջյանն ասաց նաեւ, թե Էմիլ Միրզաբեկյանի մասին մինչ օրս ՀՀ գիտությունների ակադեմիան անհասկանալիորեն լռում է, այն դեպքում, երբ ակադեմիայի նախագահը քաջածանոթ է մեծ գիտնականի գործունեությանը, ավելին՝ ժամանակին ինքն էլ որպես գիտնական ձեւավորվել է անձամբ Միրզաբեկյանի տնօրինության եւ հովանավորության ներքո: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ չտեսնել ու չգնահատել Միրզաբեկյանի գործունեությունը, նշանակում է դիտավորյալ փակ պահել առանց այդ էլ խորհրդային տարիներին փակ համակարգում աշխատած գիտնականի արգասավոր ու հայրենանվեր գործունեությունը:
«Մեր խնդիրը բոլորովին էլ ակադեմիային սեւացնելը չէ, այլ գիտական, ազատ եւ այլակարծիք մտածողության մեր եւ ուրիշ գիտնականների իրավունքը պաշտպանելը, ինչպես նաեւ գիտական մեծ նշանակության արգասավոր գործունեությունը անտարբերության կործանարար ճիրաններից փրկելը: Եվ քանի որ բացահայտ է Հայաստանում Միրզաբեկյանի գործունեության վերաբերյալ բացասական վերաբերմունքը՝ «հազար տեսակի» անձնականացված պատճառաբանություններ բերելով, մնում է հենվել միջազգային մասնագիտական հեղինակություն ունեցող գիտնականների գնահատանքի վրա, որոնց համեմատությամբ մերոնց՝ իբր մասնագիտական կարծիքը դառնում է մանկամիտ խաղ,- հայտնեց Գոհարիկ Գյուրջյանը, հավելելով,- ելնելով անկախություն ձեռք բերած Հայաստանի ազատ հնարավորությունից, մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել մեր երկրում կազմակերպել միջազգային գիտաժողով՝ համաշխարհային տիեզերագիտական թեմայով, հաշվի առնելով, որ աշխարհում մասնագետների շրջանում Միրզաբեկյան անվան չխամրող հեղինակությունը Հայաստան կբերի ամենաբարձրակարգ մասնագետների: Ընդ որում, դրանում համոզվեցինք արդի խոշորագույն գիտնականների հետ էլեկտրոնային կապի եւ հեռախոսազանգերի միջոցով զրույցների արդյունքում»:
Մեր զրուցակցին խնդրեցինք լայն լսարանին հնարավորինս սեղմ ներկայացնել մեծանուն գիտնականին: «Միրզաբեկյանը հանդիսանում է համաշխարհային տիեզերագիտության ականավոր ներկայացուցիչներից մեկը, ում հետազոտությունները տիեզերագիտության եւ ռադիոֆիզիայի բնագավառում մինչ օրս կիրառվում են: Նրա աշխատանքները պահվում են անվտանգության համակարգերի խիստ գաղտնի կոդավորման տակ եւ արդիական են տիեզերանվաճման եւ պետական անվտանգության պահպանման տեսանկյուններից»,- հայտնեց հիմնադրամի տնօրենը: Գյուրջյանի խոսքերով՝ «Օրինակ՝ Միրզաբեկյանի շնորհիվ ժամանակին Աշտարակում տեղադրված, ներկայումս իբր «չգործող», տիտանից պատրաստված աշխարհում եզակի, բացառիկ նշանակության ռադիոաստղադիտակը, «հին» սերնդի դիտակ լինելով հանդերձ, մինչ օրս ամենազգայունն է աշխարհում եւ միակը Անդրկովկասում: Նկատենք, որ «հին» լինելը ամենեւին չխանգարեց, որ գերմանացիները չնչին գումարով վարձակալեն այն եւ աշխատեցնեն իրենց ինչ-ինչ չափումների համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեսակետը:

Լուսանկարում` Կենտրոնում ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանն է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930