Վերջերս Tool խմբի վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանը, խոսելով խմբի նոր ձայնասկավառակի մասին, ասել է, թե դա շատ մանրակրկիտ գործընթաց է: Երգիչը նաեւ նշել է, որ չի ցանկանում սեփական «լավագույն հիթերի» տարբերակը դառնալ:
Վերջին ժամանակաշրջանում Մեյնարդ Ջեյմս Քինանը զբաղված է եղել գինեգործությամբ, ինչպես նաեւ իր A Perfect Circle եւ Puscifer խմբերի թողարկումներով, սակայն նրա հիմնական երաժշտական նախագիծը` Tool-ը, 2006-ի «10,000 Days» ալբոմից հետո ձայնասկավառակ չի թողարկել: Rolling Stone ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Քինանը բացատրել է, թե ինչն է եղել այդքան երկարատեւ բացի պատճառը:
«Ես չեմ գրում երաժշտությունը: Նրանք են երաժշտությունը գրում, – ասել է Քինանը` նկատի ունենալով իր խմբակիցներին` կիթառահար Ադամ Ջոնսին, բաս կիթառահար Ջասթին Չենսելորին եւ հարվածահար Դեննի Քերիին: – Ես սպասում եմ, որ նրանք ինձ բերեն երաժշտությունը: Նրանք սովորաբար շարունակ վերադառնում են եւ անցնում են նյութի վրայով: Դա երկար գործընթաց է: Ինձ նման անձնավորության համար դա կարող է շատ մանրակրկիտ գործընթաց լինել»:
Քինանն ընդունում է, որ նա չափազանց բարձր ստեղծագործական չափանիշներ ունի, բայց ավելացնում է. «Որոշ առումներով նրանք ավելի մեծ պերֆեկցիոնիստներ են, քան ես: Բայց դու միայն կարող ես օգնել նրանց՝ պահպանել նրանց տաղանդը այդքան երկար ժամանակ: Նրանք պարտավոր չեն անցնել դրա վրայով 700 անգամ: Բայց դա նրանց գործընթացն է, եւ դու պետք է նրանց թույլ տաս անել դա»: Հարցին, թե արդյոք այդ գործընթացը տեղի՞ է ունենում, նա պատասխանել է. «Չեմ կարող ասել»:
Մեյնարդ Ջեյմս Քինանը նաեւ ասել է, որ խմբի համար պարտադիր չէ նոր երաժշտական նյութ թողարկել՝ մի ամբողջ մարզադաշտ հանդիսատեսով լցնելու ունակ լինելու համար: Ավելի վաղ այս տարի Tool-ն արդեն հասցրել է համերգներով շրջագայել: «Բայց որպես արտիստ դու չես ցանկանում ինքդ քո «լավագույն հիթերի» տարբերակը դառնալ: Դու ցանկանում ես ընդլայնել սահմանները: Դու ցանկանում ես հասկանալ, թե ինչպես կարող ես ինքդ քեզ մարտահրավեր նետել` ինչ-որ նոր բան բացահայտելու, քո մասին ինչ-որ այլ բան բացահայտելու համար: Որո՞նք են քո սահմանները: Ի՞նչ տարածքների ես դու ընդունակ հասնել եւ դրանք ընդլայնել: Դա կյանք է: Ես դեռեւս իներցիայով շարժվելու մեջ հետաքրքրված չեմ»:
Քինանը հրաժարվեց խոսել այն մասին, թե երաժշտական առումով որ ուղղությամբ կշարժվի Tool-ը: «Ընդհանրապես, ցանկացած նախագիծ գտնելու է իր սեփական ճանապարհը՝ կախված մոտիվացիայից, – ասել է նա, – սրա մեջ մենք բոլորս միասին ենք: Ես ոչ ոքի մատնացույց չեմ անում: Ես ամբողջ պատասխանատվությունը կվերցնեմ, եթե հարկ լինի»:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ