Բաց նամակ հրապարակախոս Սուրեն Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան:
Հայաստանի կոմունիստները, խոր վիշտ ապրելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ մտավորական եւ արժանապատիվ քաղաքացի Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավում են, որ հնարավորություն չունեցան իրենց շնորհակալությունը հայտնելու ազգային մեծանուն գործչին նրա հերթական ազգանվեր նախաձեռնության` հանրապետության նախագահին հասցեագրված բաց նամակի առթիվ, որով Մեծ մտավորականը եւ Դուք առաջարկել էիք նոյեմբերի 29-ը ճանաչել որպես երկրորդ հանրապետության տոն: Անկախ արդյունքներից, Դուք, հարգելի պարոն Սարգսյան, ցուցաբերել եք քաղաքացիական ճշմարիտ դիրքորոշում` պատմական անարդարությունը վերականգնելու ուղղությամբ, որի համար անձամբ Ձեզ հայտնում ենք կոմունիստների, ինչո՞ւ չէ, նաեւ ժողովրդի հսկայական մեծամասնությանը համակած զգացումը եւ սրտի խոսքը՝ շնորհակալություն:
…Հարցը քննվել է հավուր պատշաճի, մակարդակով, բայց արվել է հանիրավի, ոչ պատշաճ եւ իրատես հետեւություն. Ձեզ պատասխանել են, որ խորհրդային կարգերը հաստատվել են «անկախ հանրապետության վախճանի արդյունքում: Այդ առումով նոյեմբերի 29-ը նշել որպես երկրորդ հանրապետության ծննդյան օր, միաժամանակ կնշանակեր նշել առաջին հանրապետության պարտությունը եւ վախճանը: Ուստի նպատակահարմար է…» եւ այլն: Այդպես մտածել նշանակում է ոչ մի պատկերացում չունենալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. պարտության ու վախճանի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ իշխանության հանձնումը բոլշեւիկներին տեղի է ունեցել առաջին հանրապետության կամքով ու կամովին, թուրքական հերթական արշավանքի վերջնակործան հետեւանքներից խուսափելու եւ Արեւելյան Հայաստանը նոր եղեռնից փրկելու հրամայականով: Դաշնակցության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» գրքի 518-րդ էջում պարզ ու հստակ գրել է, որ դաշնակցական կառավարությունը թուրքական վտանգի հարկադրանքով է իշխանությունը հանձնել բոլշեւիկներին եւ խորհրդարանի գրեթե միաձայն որոշումով Հայաստան հրավիրել Կարմիր բանակին` դիմակայելու թուրքերին, որոնք արդեն մտել էին Շիրակի դաշտ, կոտորել Ալեքսանդրապոլի եւ շրջակա գյուղերի բնակչությանը եւ արշավում էին Երեւանի վրա… Նոյեմբերի 23-ին գումարվում է խորհրդարանի արտակարգ նիստ. «Սրահի հասարակության վերապահված մասը բերնեբերան լցված էր հուզումնալից բազմությամբ, պատգամավորները մռայլ նստած էին իրենց բաժնում` լուռ ու տխուր: Նախագահ Հ. Քաջազնունին կարդաց վարչապետ Հ. Օհանջանյանի նամակը կառավարության հրաժարականի մասին: Ապա խոսք առավ վարչապետն ինքը: «Հայաստանի խորհրդարանի հարգելի պատգամավորներ,- ասել է նա,- խորհրդարանի վերջին նիստից անցել է 10 -12 օր: Այդ ժամանակաշրջանում մեր կյանքում այնպիսի մեծ փոփոխություններ են առաջ եկել, որ կառավարությունը նորից դիմում է խորհրդարանին: Հաղթող թշնամին մեզ առաջարկել է զինադադարի այնպիսի պայմաններ, որոնց անհնար էր ընդունել, եւ կռիվը շարունակվեց: Հետագա դրությունը, որ ստեղծվեց ռազմաճակատում, ցույց տվեց, որ արյունահեղությունն անիմաստ է: Եվ մենք ստիպված եղանք ընդունել զինադադարի պայմանները եւ անցնել հաշտության բանակցություններին»: …Պատգամավոր Ս. Թորոսյանը արտահայտեց ընդհանուրի մտքերը: «…Մենք գիտեինք, որ Տաճկաստանը մի օր պիտի շարժվի մեր վրա, վերջնական մի հարված տալու համար: Պարզ չէր սակայն, որ այդ կկատարվի այդքան արագ եւ այդքան շուտ:…Նա հաղթեց:…Այն կառավարությունը, որ վեց ամիս պայքարել է եւ կարողացել է անվնաս դուրս բերել երկիրը եւ ժողովուրդը, այսօր, քաղաքական դրության այլ դասավորման պատճառով, պետք է հեռանա: Կառավարության փոփոխությունը անհրաժեշտաբար պետք է կատարվի: Հ.Հ.Դաշնակցության ֆրակցիան կառավարության հրաժարականը գտնում է հարգելի եւ ընդունում է այն»:
Վրացյանը ընտրվում է վարչապետ, որը հետագայում պիտի գրեր. «Որքան էլ պատգամավոր Թորոսյանը հավատացներ, թե հայ ժողովուրդը ուզում էր հաշտվել թուրքերի հետ, իրողությունը այն էր, որ պատմական այդ վայրկյանին հայության մեծ մասի աչքերը հառած էին դեպի հյուսիս. փրկությունը Ռուսաստանից էր սպասվում:
Եվ, հետեւաբար, նոր կառավարությունը, թե իր կազմով եւ թե քաղաքական ուղղությամբ, պետք է աշխատեր ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ: …Քաջազնունին իրավունք ուներ. նոր կառավարությունը պիտի զոհաբերվեր հայրենիքի փրկության սեղանի վրա: …Ամենքի համար պարզ էր այն օրերին, որ Հայաստանը կամ Ռուսաստանի հետ պետք է լիներ, կամ պետք է դառնար թուրքերի ձեռքին խաղալիք, եթե չբնաջնջվեր իսպառ: …Նա (կառավարությունը,-Ն.Պ.) առաջարկում է հետ կանչել Խատիսյանի պատվիրակությունը Ալեքսանդրապոլից, մերժել թուրքերի պահանջները եւ խորհրդային զորքը մտցնել Հայաստան:… Նոյեմբերի 29-ին սկսվեցին բանակցություններ կառավարության ներկայացուցիչ Դրոյի ու Տերտերյանի եւ Լեգրանի միջեւ, որոնք տեւեցին երկու օր»:
Ինչպես ասում են, մնացյալը հայտնի է: Մենք դիտմամբ մեջբերեցինք դաշնակցության վերջին վարչապետի նկատառումները, որ կառավարությունը հրաժարական է տվել հանուն Հայաստանի փրկության: Հետեւաբար` փրկիչները նրանք են, ում պետք է հանձնվեր երկիրը: Այստեղ խոսք չկա առաջին հանրապետության «պարտության եւ վախճանի» մասին, ընդհակառակը, կառավարությունը կամավոր, առանց դիմադրության իշխանությունը հանձնել է բոլշեւիկներին, որ խուսափի «պարտությունից ու վախճանից»: Այս միտքն են արտահայտել գրեթե բոլոր հայտնի դաշնակցական գործիչներն իրենց հուշագրություններում, որոնք հայտնի են հարցով հետաքրքրվողներին եւ իմաստ չունի նրանցից քաղվածքներ կատարել: Դրոն նշանակվեց Կարմիր բանակի Գերագույն գլխավոր հրամանատար եւ պետության պատասխանատու՝ մինչեւ հեղկոմի ժամանումը Երեւան: Ավելին, նա իր ղեկավարած դաշնակ բանակից երկու գունդ ուղարկել է Դիլիջան` մաքրելու ոլորանների ձյունը, որ կարմիրները ժամ առաջ հասնեն Երեւան ու փակեն թուրքերի ճանապարհը:
Ի դեպ, տարիներ հետո Սիմոն Վրացյանը ոչ մեկ անգամ անկեղծացել է, որ շատ ավելի ճիշտ կլիներ իշխանությունը բոլշեւիկներին հանձնել Մայիսյան ապստամբության ժամանակ, եւ Հայաստանը կունենար եռապատիկ ավելի տարածք:
Նենգափոխվել է հանրապետության նախագահի հանձնարարականը եւ հորինվել հարցի այնպիսի լուծում, որը նվաստացուցիչ է, նախ, դաշնակցության համար այն առումով, որ թերագնահատվել է այդ ճակատագրական օրերին դաշնակցության ձեռնարկած միակ ճիշտ քայլը, այլապես, ինչպես նկատել է ամերիկյան հանրահայտ պատմաբան եւ ցեղասպանագետ Վ. Դադրյանը, եթե Կարմիր բանակը «մոտերքում չլիներ, Հայաստանն ու հայ ժողովուրդը դատապարտված էին անհայտացման»: Արեւելահայությունը փրկվել է ոչ միայն Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ, այլեւ դրա հրամայական եւ անխուսափելիության նշանակությունը դաշնակցության կողմից ճիշտ ընկալվելու եւ հստակ կողմնորոշվելու շնորհիվ: Հայ ժողովրդի ու նրա քաղաքական ուժերի փոխըմբռնման պատմական նշանակությունը սերունդները պիտի հասկանան ու բարձր գնահատեն:
Եթե ցանկություն կա խորհրդայնացման տոնի օրը տեղափոխել մեկ այլ օր, հենց դրանով կհիմնավորվի, որ առաջին հանրապետությունը Թուրքիայի ճնշման տակ արդեն «պարտվել ու վախճանվել» էր այն աստիճան, որ բոլշեւիկներից երկու տարի պահանջվեց վերացնելու տապալված իշխանության հետքերը եւ հաստատելու նոր կարգեր: Ամեն ինչ ընթացել է փոխըմբռնման ճանապարհով, որի ընթացքում եղել են նաեւ փոխադարձ անվստահություն` ընդհուպ մինչեւ թշնամական հարաբերություններ: Բայց այդ «գործընթացներն» այստեղ որեւէ նշանակություն չունեն: «Մեկ այլ նշանավոր ամսաթվի կապակցությամբ» տոնի նշումը մինչեւ իսկ զավեշտական է, հակասում է հրապարակի վրա եղած ամբողջ գրականությանը, որ ստեղծվել են ժամանակակիցների կողմից, բոլշեւիկ եւ դաշնակ պատմաբանների հրապարակումներին եւ հուշագրություններին, նույնիսկ այսօրվա պաշտոնական գրականությանն ու բուհական ուսումնական ձեռնարկներին:
Իսկ ինչպե՞ս որակել…մինչեւ Խորհրդային Հայաստանի սահմանադրության կամ պետական զինանշանի եւ օրհներգի ընդունումն ընկած` երկու տարվա պատմաշրջանը: Պետություն չի՞ եղել: Հայաստանում սոցիալ-տնտեսական, գիտամշակութային բուռն զարգացում չի՞ եղել: Ալեքսանդր Մյասնիկյան չի՞ եղել: Նա, որ Հայաստան է եկել 1921 թվականի մայիսին, Հայաստա՞նը չէր բարձրացնում մոխիրներից, պետություն չէ՞ր կառուցվում այդ երկու տարիներին…Իսկ «Հայաստանը 1920-1991 թվականներին» բուհական ձեռնա՞րկը, գիրք, որը հրատարակության է երաշխավորվել Հայաստանի ազգային մայր համալսարանի պատմության ֆակուլտետի, մանկավարժական համալսարանի գիտխորհուրդների եւ գիտության ու կրթության նախարարության կողմից…Հանե՞լ շրջանառությունից: Ի՞նչ իրավունքով: Պատասխան նամակն ստորագրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը, ցավոք, չի հայտնում, թե ովքեր են Նուկիմ քաղաքի մեր օրերի խելոքները:
Ստացվում է, որ, իրոք, ըստ պաշտոնական պատասխանի, բոլշեւիկները կործանված Հայաստան են ժառանգել եւ ոչ թե որոշակի հաջողություններ արձանագրած երկիր: Երկրորդ հանրապետության կառավարության կազմում ընդգրկված են եղել նաեւ դաշնակցության անդամ նախարարներ եւ մասնակցել նոր հասարակարգի կառուցմանը:
Մեկ անգամ եւս շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հարգելի Սուրեն Սարգսյան, Ձեր առաջարկի արդարացիությունը բխում է եւ՛ պատմական ճշմարտության վերականգնման, եւ՛ սերունդների համերաշխության, եւ՛ քաղաքական ուժերի վերկուսակցական շահերից:
Խորհրդային Հայաստանի պատմական տեղն ու դերը ենթակա չեն վերանայման ու, մանավանդ, կամայական, անտրամաբանական ու անհեթեթ ձեւախեղումների:
ՆՈՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր
Հ.Գ.- Հարգելիներս, եթե չի եղել պարտություն, չի եղել վախճան, հապա ի՞նչ է եղել, «հաշտ ու խաղաղ մարդկությո՞ւն»: Ինչո՞ւ մոռանալ Փետրվարյան ապստամբությունը, որի հակաժողովրդական էությունը դատապարտել են նույնիսկ առաջին հանրապետության ղեկավարները: Ինչո՞ւ մոռանալ Զանգեզուրյան ոճրագործությունները, որի պատճառով նահատակվեցին երկու տասնյակ հազար անմեղ հայեր եւ ավելի քան ութ հազար հայության ու մտավորականների մղեցին արտագաղթի, որը, բարեբախտաբար, բոլշեւիկները Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ, կարճ ժամանակ անց գրեթե բոլորին վերադարձրին հայրենիք: Նրանք արժանապատվորեն լծվեցին հայրենիքի սոցիալիստական վերաշինման ու վերածննդի գործին: Դժբախտաբար, «այդ գործը»` յոթանասուն տարիների վերաշինումն ու վերածնունդը ոչնչացվեց: Տպավորություն մի ստեղծեք, որ այժմ երկիրը ղեկավարում են նախկին պարտվածների ու վախճանվածների «հերոսական» վրիժառուները…
Հայրենիքը դարձյալ զանգվածաբար հայաթափվում է, հայրենիքից հեռանում են գործազուրկները, կողոպտվածները, նժդեհական ուխտի պահապան` Հանրապետական կուսակցության նվիրյալներից հալածվածները…
Հասկացողի համար`այսքանը, չհասկացողի հերն էլ անիծած…
Իսկ հայ ժողովրդի մեծանուն զավակ Սոս Սարգսյանին ու հրապարակախոս Սուրեն Սարգսյանին` կրկին ու կրկին շնորհակալություն, այս անգամ անձամբ իմ կողմից:
«Առավոտ» օրաթերթ
Պատմությունը կեղծելու տարբեր ձևեր կան-կարելի է վարվել Բիսմարկի նման-տեղափոխել մեկ ստորակետ և դրանով նենգափոխել որևէ տեքստի իմաստը:Կարելի է նաև ՞հայ՞ կոմունիստների նման-կոնտեքստից պոկված մեջբերումներ անել,նույն պատմական անձի իրարամերժ մտքերից իրենց ձեռնտու տարբերակը հիշել,բայց ՞մոռանալ՞ հազարավոր փաստեր…Օրինակ,որ քեմալականներին ֆինանսավորել և զինել էին բոլշևիկները,որ 1920 թվականի ամռանը բոլշևիկները դաշինք կնքեցին թուրքերի հետ և ՞ֆաս՞ տվեցին Հայաստանի վրա,որ միացյալ ուժերով վիժեցրին հայկական հարցը-կասկածողները թող մտնեն ՌԵԳՆՈՒՄԻ արխիվ և Չիչերինի հուշերից տարասովյան մեջբերումները կարդան…