Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Չի կարելի երկու երկրներին դնել նույն հարթության վրա, երբ մեկը խաղաղությունից է խոսում, մյուսը՝ պատերազմից»

Նոյեմբեր 20,2013 12:58

Այսօր, «Հայելի» ակումբում, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խոսում էին երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, կարճ անդրադարձան նաեւ նախորդ շաբաթ Ազգային ժողովում լսված եւ մերժված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Տիկին Աճեմյանը, դրական գնահատելով նախագահների հանդիպումը, ասաց, որ «այս ձեւաչափով հանդիպումները շատ կարեւոր են, մոտեցնում են խաղաղ գործընթացին, հեռացնում են ռազմական գործողություններից», եւ նշեց, որ հիմա իրենք ակնկալիքներ ունեն համանախագահողներից, որ վերջիններս ավելի օբյեկտիվ լինեն՝ «Չի կարելի երկու երկրներին դնել մի հարթության մեջ, երբ մի երկիրը անվերջ խոսում է խաղաղությունից եւ բանակցություններից, իսկ մյուսը՝ անվերջ ագրեսիա է անում»:

Այս համատեքստում տիկին Աճեմյանը նկատեց, որ «դիվանագիտությունը շատ նուրբ է, եւ անգամ փոքր քայլը, որ համարվում է անարդյունավետ, դիվանագիտութան մեջ շատ հարց կլուծի», ու նախատեց Թեւան Պողոսյանին, որ այս լարված ֆոնին «ձեր խմբակցության կողմից Ազգային ժողով էիք ներկայացրել մի պոպուլիստական նախաձեռնություն, հույսը դրել էիք մեր լայնախոհության վրա, բայց այս դեպքում պոպուլիզմը կարող է ահավոր հետեւանքների բերել»:

Պարոն Պողոսյանը հակադարձեց, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ակնարկում էր տիկին Աճեմյանը, ոչ թե խմբակցության նախաձեռնությունն էր, այլ մեկ հոգու՝ Զարուհի Փոստանջյանի, եւ որ իրենք չէին կարող հույսը դնել ՀՀԿ-ի լայնախոհության վրա, քանի որ արդեն իսկ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել այս նախագիծը: Նա նաեւ նկատեց, որ այս օրենքի նախագիծը տիկին Փոստանջյանը պատրաստել էր անգամ մինչեւ իր պատգամավոր դառնալը:

Ինչ վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահներին՝ Թեւան Պողոսյանը նկատեց, որ այդ երկրները իրենց շահերով են առաջնորդվում, եւ միայն այն օրը, երբ Արցախը կվերադառնա բանակցությունների սեղան, կարելի է խոսել այն մասին, որ կա ցանկություն՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Տիկին Աճեմյանը վրա բերեց՝ բարեբախտաբար, գործող նախագահն էլ հենց դա է ուզում անել, նա միշտ ասում է, որ Ստեփանակերտը պիտի նստի բանակցությունների սեղանին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930