Մարց գյուղի տարածքում ՀԷԿ-երի կառուցման խնդրի մասին այսօր հրավիրված ասուլիսը վերածվեց իսկական շոուի:
Կարդացեք նաև
Երբ բնապահպանները պատմում էին, թե ինչ բնապահպանական աղետ է սպասվում գյուղում, հանկարծակի մամուլի ակումբ մտավ ձեռնարկատեր Լիպարիտ Սիմոնյանը` երեք գյուղացու հետ ու սկսեց ամոթանք տալ` զրպարտության համար:
Պարոն Սիմոնյանը վստահեցնում էր` բացի օգուտից գյուղին վնաս չի տալու:
Երկու գյուղացիներն էլ հպարտացան, որ Լիպարիտ Սիմոնյանը, ՀԷԿ-ը կառուցելով, իրենց համար գյուղում աշխատատեղ կբացի եւ կլուսավորի գյուղի փողոցները, գազ էլ կքաշի:
«100 աստիճան» նախաձեռնության անդամ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն էլ պատմեց Մարց գյուղում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները, թե ինչպես էր ամբողջ գյուղը միահամուռ ոտքի կանգնել և ակտիվիստների հետ ճանապարհը փակել`արգելելով շինարարությունն իրականացնել. «Ամբողջ գյուղը դեմ է, գյուղապետի տղան ու էլի 6 հոգի են միայն կողմ արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը…Մարց գետի վրա արդեն երկու ՀԷԿ կա, տեսնում ենք` ինչ է կատարվում, գետը ցամաքած է, ջուր չի հոսում։ Կողքի բուսականությունն էլ զուգահեռ չորացել է»:
Նրան ընդհատեց ներդնող Լիպարիտ Սիմոնյանը ու սկսեց մի քանի էջանոց հայտարարություն կարդալ. «Սույն թվականի նոյեմբերի 17-ին ակտիվիստները հերթական անգամ փորձել են խոչընդոտել շինաշխատանքները, էական վնաս են հասցրել ընկերության բարի համբավին, ահաբեկել են ժողովրդին»:
Հետո անդրադառնալով նոյեմբերի 17-ի միջադեպին, վստահեցրեց, որ միակողմանի նկարահանում է եղել եւ կողմ խոսող գյուղացիներին տեսանյութից հանել են: Հետո հրավիրեց խոսելու իր հետ բերած գյուղացիներին` հրահանգելով. «Ասե’ք, որ դեմ չեք»:
Գյուղացիներն էլ պատմեցին, որ ակտիվիստների ակցիային գնացել են, որովհետեւ կաշառել են իրենց. «Երեխեքին խաբել էին, ասել ` հեռախոս կտանք, հետո երեխեքը մեզնից էին հարցնում` բա հեռախոսն ուր ա, ասել են `կտանք»:
Բնապահպան Լևոն Գալստյանի տվյալներով էլ Լիպարիտ Սիմոնյանն արդեն երեք ՀԷԿ ունի:
«Մի ՀԷԿ-ի դեմ էլ Գետահովիտում պայքարեցին գյուղացիները, ովքեր սկզբում կտրականապես դեմ էին, հետո կամաց-կամաց համակերպվեցին, մեկին կաշառելով, մեկին վախեցնելով…Խնդիրը ոչ Մարց գյուղին է, ոչ Լիպարիտ Սիմոնյանինը, ոչ գյուղացիները, խնդիրը Հայաստանինն է, այդ ՀԷԿ շինարարությունը, որ կատարվում է նման մասշտաբների, մի 20-30 տարի հետո բնապահպանական ու սոցիալական աղետի է բերելու մեր երկիրը։ ՀՀ բոլոր գետերում 90% փոքր ՀԷԿ եր են, որոնք խոշոր գետեր չեն, այլ փոքրիկ, և եթե գնանք չոր սեզոնին, դրանք բոլորը չորացած են, ջուր չի հոսում։ Մենք միայն նման չորացած վեց գետ ենք արձանագրել և Բնապահպանության նախարարություն ներկայացրել»,-ասաց նա։
Բնապահպանի խոսքով, Լիպարիտ Սիմոնյանի այլ ՍՊԸ-ի անունով Չիչխան գետի վրա էլ ՀԷԿ ունի, որը ամբողջ գետը ցամաքեցրել է և նույնիսկ դրա համար վարչական պատասխանատվության է ենթարկվել. «Հերիք է, խեղճ գյուղացուն հացի փող տալով ստիպեն ծախել հողը։ Այդ ՀԷԿ-ում նախագծով 7 հոգի են աշխատելու, աշխատավարձն էլ 30-40 հազար դրամ, իսկ ամբողջ գետը դառնում է խողովակաշար։ Որևէ մեկը չի կարող ասել, որ դա ոչ մի վնաս չի հասցնում բնությանը, խմելու ջրի պահանջներին, էկո ռեսուրսներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ