Օրերս խորհրդարանական հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, թե բուհերի ղեկավարները այդպես էլ անարձագանք են թողել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առաջարկը՝ յուրաքանչյուր բուհից ներկայացնել մեկական ուսանողի՝ անվանական կրթաթոշակ ստանալու համար: Նա նաեւ տարակուսանք էր հայտնել՝ մի՞թե հայաստանյան բուհերում չկան անվանական կրթաթոշակի արժանի ուսանողներ կամ դրա կարիքն ունեցողներ:
Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց՝ ո՞րն է մերժման պատճառը եւ արդյոք քաղաքական ենթատեքստ չկա՞: Գերատեսչության լրատվականից հետեւյալ պատասխանը ստացանք. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Վ. Բաբայանի և ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Վ. Էնֆիաջյանի նամակներին տրվել են պատասխաններ: Վ. Բաբայանի և Վ. Էնֆիաջյանի գրությունների պաշտոնական պատասխանները առաքվել են համապատասխանաբար 04. 11.2013 թ. եւ 13.11.2013 թ.:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը մեծ փորձ ունի բարեգործական հիմնադրամների հետ աշխատանքի, մասնավորապես համագործակցության հուշագրեր են կնքվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Մոսկվայի «Կրթություն» կրթաթոշակային հիմնադրամի, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի և այլ հասարակական ու բարեգործական հիմնադրամների հետ:
Առնվազն անհասկանալի է, թե ինչու է ամեն տարի հատկապես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պարագայում է առաջանում թյուրընկալման խնդիր:
Կարդացեք նաև
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում` ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել:
ՀՀ ԿԳՆ-ն հավատարիմ է իր որդեգրած գործընկերային, բաց ու թափանցիկ գործելակերպին, և շահագրգիռ է համագործակցել բոլոր հասարակական, քաղաքացիական և բարեգործական կառույցների, ինչպես նաև տնտեսվարողների հետ՝ անկախ քաղաքական հայացքներից՝ ի շահ մեր երկրի ուսանողների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ