Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը

Նոյեմբեր 20,2013 12:24

«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Մեկնարկ» ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել «Գյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն» անվանակարգում։

Երիտասարդական ակումբների դաշնությունը նոյեմբերի 13-17-ը կազմակերպել էր 5-օրյա սեմինար ՀՀ բոլոր մարզերի տարբեր համայնքների 18-25 տարեկան շուրջ 25 երիտասարդների համար։ Ծրագրի կազմակերպիչներից Սիրարփի Մանյանի տեղեկացմամբ՝ միջոցառման նպատակն է գյուղաբնակ երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ և ուսուցման կազմակերպմամբ նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հասարակական ոլորտ, խրախուսել գյուղում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված նախաձեռնությունները:

Երիտասարդները ծանոթացել են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքների դրույթներին։ Կազմակերպվել են դասընթացներ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մեխանիզմների, նորարարությունների վերաբերյալ: Տրամադրվել են տեղեկություններ տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերի (փոխանակման, կրթական և այլն) մասին:

Անահիտ Թաթոյանը Լոռու մարզի Աքորի համայնքից է։ Նա նշում է, որ սեմինարի ընթացքում շատ բան իմացավ նախևառաջ ՏԻՄ կառավարման մասին։ Ծանոթացավ վարկավորման խնդիրներին, խնայողության ձևերին, բիզնես ծրագիր մշակելու հմտություններ ստացավ, որոնք հետագայում կօգնեն իրեն հաշվարկել վտանգներն ու ռիսկերը։ Անահիտն ինքը բավականին ակտիվ երիտասարդ է, իրենց համայնքի սոցիալական աշխատողն է, մի խումբ համախոհների հետ գյուղում ստեղծել են մայրական աջակցության դպրոց, երիտասարդների ակտիվ խումբ, դպրոցում՝ աշակերտական խորհուրդ։ Եվ սեմինարում ստացած գիտելիքներն առաջիկայում կօգտագործի Աքորի համայնքի երիտասարդական ներուժը զարգացնելու համար։ Անահիտը նշում է, որ դեպի քաղաք ձգտողների կոնֆլիկտը հենց այդ մարդկանց ներսում է. «Աքորեցին ձգտում է Ալավերդի գնալ, ալավերդցին՝ Վանաձոր, վանաձորցին ասում է՝ այստեղ կյանք չկա, ու Երևան է մեկնում, երևանցու ցանկությունն արտասահմանում ապրելն է, արտասահմանցին էլ՝ մեկ ուրիշ երկիր։ Մի խոսքով, մարդ ուր գնում է, կյանքի պայմաններն իրեն դուր չեն գալիս։ Մենք պետք է փորձենք բարելավել մեր կյանքի պայմաններն այնտեղ, որտեղ ծնվել ենք։ Հակառակ դեպքում ամբողջ կյանքդ կդեգերես այս ու այն կողմ՝ ի վերջո չգտնելով մշտական մի բնակավայր։ Պետք է ձգտենք հանգամանքները մեզ հարմարեցնել, ոչ թե մենք հարմարվենք»։

Սերյոժա Պապյանն էլ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից է։ Սերյոժան վստահեցնում է, որ գյուղը երբեք չի լքելու, որքան էլ գայթակղիչ լինեն Երևանի վայելքները։ Համաձայն չէ այն պնդումների հետ, թե գյուղում աշխատատեղ չկա։ Ըստ Սերյոժայի՝ գյուղացու աշխատանքը գյուղատնտեսությունն է՝ հողագործությունն ու անասնապահությունը։ Եվ լավ աշխատանքի դեպքում այն բավականին եկամտաբեր է։

«Մեկնարկ» ծրագիրը շարունակվում է համայնքներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930