Լրահոս
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Արդեն բոլոր խավերն են անհանգիստ, նյարդայնացած». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2013 12:19

Ինչո՞ւ իշխանությունը չի վախենում հասարակական ընդվզումից։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»–ը զրուցեց ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանի հետ։

– Կարծում եմ՝ իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են։ Ես շատ եմ տխրում նրանից, որ մարդիկ հուսահատվել են. ո՞նց կարելի է մարդու միջից կյանքի հավեսը հանել, չէ՞ որ բոլորս նույն խաղադաշտում, նույն տարածության մեջ ենք, ու եթե մեկը հիվանդ է, մյուսը վատ է, ես ո՞նց կարող եմ ինձ լավ զգալ։

Մի՞թե փողն այդ աստիճան կարեւոր է, չէ՞ որ այդ հարստությունը հաստատ հետները չեն տանելու, ու նաեւ մեծ հարցականի տակ է՝ արդյոք իրենց հաջորդ սերունդը կվայելի այդ հարստությունը, որը շատ աղքատ մարդու բերանից են խլել, երեխայի, ծերունու, հիվանդի… Եթե առաջ հուսահատված էր մի որոշակի խավ, հիմա հուսահատված են համարյա բոլորը, նույնիսկ պաշտոնյաները, բարձր դիրք գրավող մարդիկ, որովհետեւ կերակրատաշտից օգտվողները շատ են պակասել, արտոնյալների օղակը շատ է սեղմվել։

Եթե առաջ 50-60 տոկոս էր աղքատությունը, հիմա արդեն 80-ից անց է, դարձել է համատարած, եւ էական չէ՝ մտավորական ես, թե բանվոր, բոլորը մի առանձին հավասար կարգավիճակում են։ Եվ արդեն բոլոր խավերն են անհանգիստ, նյարդայնացած։

– Գուցե Շանթ Հարությունյանի այդ քայլը հենց դրանո՞վ էր պայմանավորված, դա զայրույթի, բողոքի ճի՞չ էր։

– Հիմա չի կարելի նման բաներ անել, պետք է շատ խելացի քայլեր անել։ Ճչաց պրծավ, հետո՞։ Շանթը հասուն տարիքի տղամարդ է, բայց այդ ամբողջը, այսպես ասած, մի քիչ երեխայական էր։ Այսպես երկար հնարավոր չէ ձգել, մի օր ամեն ինչ պայթելու է։ Իսկ իշխանավորները ձգում են երկար, որովհետեւ ամեն մի օրն իրենց համար գումար է։

Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն ավելի շատ հուսահատված է ոչ թե այս վիճակից, այլ այն հարցից, թե ինչին ինչով ես փոխարինում, ում՝ ումով։ Չեմ հանդիպել մի մարդու, ով մինչեւ վերջ հուսահատված ու զզված չլինի, եւ ինչ-որ տեղ նաեւ կասկածներ ունեմ, որ սա դիտավորյալ է արվում, որպեսզի դատարկվի Հայաստանը եւ «գուբերնյայի» կարգավիճակ ստանա:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930