Եվ այսպես, երեկ Վիեննայում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Թե կոնկրետ ինչի շուրջ են բանակցել նրանք՝ բնականաբար, գաղտնի է պահվում, բայց մի հանգամանք, այնուամենայնիվ, տարօրինակ է. հանդիպմանը նախորդած մի քանի օրերին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, եւ առաջին հերթին՝ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ Ղարաբաղի իշխանությունները, միահամուռ քարոզում էին, որ այդ հանդիպումից որեւէ ակնկալիք չպետք է ունենալ, լուրջ բան չկա, հերթական ձեւական հանդիպումն է, «գնում են մի քիչ զրույց անեն», «իրար հետ նրբերշիկ կուտեն, ու վերջ» եւ այլն։ Հայաստանի քաղաքական դաշտում որեւէ հարցի շուրջ նման «կոնսենսուս» վաղուց չէր եղել, եւ դա շատ տարօրինակ է, մանավանդ որ նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակահատվածում շատ էական փոփոխություններ են եղել։
Խոսքը մադրիդյան սկզբունքների մասին չէ. Հայաստանը դրանք վաղուց է ընդունել։ Հիշեցնենք, որ ըստ այդ փաստաթղթի՝ հայկական զորքերը պիտի դուրս բերվեն ազատագրված հինգ շրջաններից, Լաչինի միջանցքը (ոչ թե շրջանը, այլ հենց միջանցքը, որի լայնությունը բանակցությունների առարկա է) պիտի մնա Ղարաբաղի կազմում, Քելբաջարի շրջանն ավելի ուշ նույնպես վերադարձվի Ադրբեջանին, բայց՝ ինչ-որ ձեւով դառնա ապառազմականացված գոտի, հետո Ղարաբաղում հանրաքվե անցկացվի։ Ընդունելի է սա, թե ոչ՝ այլ հարց է, բայց շատ ավելի կարեւոր է այն, որ այդ սկզբունքներն ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, ընդ որում՝ հնարավորինս արագ։
Եթե հիշում եք՝ Ալիեւը ժամանակին հայտարարում էր, թե ավելի ճիշտ կլինի՝ Ղարաբաղի հարցով բանակցի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, մենք էլ դրանից ահավոր նեղվում էինք։ Հիմա փաստորեն այդպիսի վիճակ է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հարցով պիտի ոչ թե Հայաստանի հետ բանակցի, այլ Մաքսային միության (հետաքրքիր է՝ առանձնազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն Ալիեւին ասե՞լ է այդ մասին): Ասվածի մեջ, ի դեպ, բացարձակապես հեգնանք չկա։ Եթե Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնում Մաքսային միության առջեւ (որն, ի դեպ, վերպետական կառույց է), ուրեմն՝ պարտավոր է արտաքին քաղաքական հարցերում հաշվի առնել Մաքսային միության կարծիքը, մանավանդ՝ եթե այդ հարցերը վերաբերում են արտաքին սահմաններին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում