Հայաստանում այսօր կա 560 հազար ֆեյսբուքյան օգտատեր: Այսօր Կոնգրես հյուրանոցում մեկնարկած «Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում, օգտագործումը և օգտատերերը» թեմայով քննարկման ժամանակ ոլորտի փորձագետները փորձեցին պարզել նոր մեդիաների և սոցիալական ցանցերի ունեցած դերակատարումը հասարակական կյանքում: Քննարկումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը` Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Մասնակցում էին շուրջ ութսուն լրագրողներ, բլոգերներ, տեղական և միջազգային փորձագետներ, ԱԺ պատգամավորներ և քաղաքական գործիչներ: Քննարկվեցին քաղաքացիական ակտիվությանը և քաղաքական գործընթացների թափանցիկությանը, ավանդական և նոր մեդիաների միջև հարաբերակցությանը, տեղեկատվության անվտանգությանը վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Սոցիալական ցանցերի առաջացումը կտրուկ փոխեց մեր գաղափարներն արտահայտելու ու կարծիքները փոխանակելու ձևերը: Էթիկական կանոնների հարգման անհրաժեշտությունը, սակայն, լինի դա առցանց, թե ցանցից դուրս հաղորդակցության ընթացքում, մնացել է անփոփոխ` անկախ արագ զարգացող տեխնոլոգիաներից»:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը Ֆեյսբուքի լսարանը համարեց հայ հասարակության միկրոպատկեր ու նշեց. «Ֆեյսբուքը այն հարթակն է, որտեղ տեղի են ունենում լուրջ քաղաքական հասարակական գործընթացներ,որոնք մեծ ազդեցություն են թողնում ՀՀ-ում հասարակական կյանքի վրա: Մեր կատարած ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե սոցիալական ցանցերը ինչ դերակատարություն ունեն Հայաստանում բազմակարծիք տեղեկատվության տարածման համար: Արդյունքները ցույց են տալիս, որ ֆեյսբուքում մարդիկ ավելի ազատ են ու անկաշկանդ, ինչը, ըստ նրանց «չկա ԶԼՄ-ներում»:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե Ֆեյսբուքը Հայաստանում «ամենաանպատասխանատու» հարթակն է: Խոսելով այն մասին, որ համացանցի ազատության առումով Հայաստանը առաջատար դիրքերում է, մինչդեռ մամուլի ազատության առումով՝ «ոչ ազատ» Տիգրան Քոչարյանը նշեց. «Դա կախված է նրանից, թե ինչ փորձագետներ են զեկույցը ներկայացնում: Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, ապա այդտեղ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդուն վիրավորում, նրա իմիջի վրա ազդում, այդտեղ կա ամենաթողություն, քան ազատություն: Մյուս կողմից էլ լավ է, որ ֆեյսբուքը ազատ հարթակ է և պաշտոնյաներն են օգտվում ֆեյսբուքից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ո՞րն է այս անպատասխանատվության պատճառը, դա բնորոշ է միայն Հայաստանի՞ն, բլոգերը պատասխանեց. «Դա ավելի շատ բնորոշ է հետխորհրդային երկրներին: Մարդիկ ստացել են արտահայտվելու և ֆեյսբուքից ամեն ինչի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Հիմա Ֆեյսբուքը դարձել է տաքսու վարորդների նման, որոնք ամեն ինչից խոսում են:Բայց այս ամենաթողությունը պիտի սահմանափակել, որ տեղեկատվությունը չխեղաթյուրվի, որ մարդկանց չվիրավորեն: Պիտի արդարադատության նախարարությունը դա փորձի կանոնակարգել, լավ կլիներ, որ մի քանի դատական հայց ներկայացվեր, երբ Ֆեյսբուքով մարդուն են վիրավորում: Մի խոսքով պետք է շարժվել մի վնասիր սկզբունքով»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/121007795″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ