Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

Նոյեմբեր 20,2013 11:44

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականության» որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930