Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են համոզված, որ մեր կենսաթոշակային հիմնադրամները չեն պայթի. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 20,2013 10:53

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
   Հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի անցնելու փաստը սվիններով ընդունվեց հանրության մի հատվածի կողմից։ Հիմնական մտահոգությունն այն է, որ մարդիկ փաստորեն զրկվում են իրենց եկամուտների մի մասից՝ որեւէ երաշխիք չունենալով, որ այդ գումարները չեն փոշիանա, այսինքն՝ կծառայեն իրենց նպատակին։
   -Հայաստանում բանկային համակարգը բավական զարգացած է՝ տարիների ընթացքում այդ բնագավառում իրականացվել է հետեւողական բարեփոխումների մի մեծ շղթա, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, եւ այսօր ԿԲ-ը ունի չափազանց լուրջ վերահսկողության լծակներ այդ ոլորտի նկատմամբ։
Մասնագիտական լուրջ կառույցները եւս արձանագրում են, որ մեր բանկային համակարգը կայացած է, եւ գործնականում բացառվում են այն ռիսկերը, որոնց մասին խոսում են մեր ընդդիմախոսները։
Նմանատիպ եւ շատ ավելի վստահելի մի համակարգ միջազգային շատ բարձր վարկանիշ ունեցող կառավարիչների կողմից ստեղծվելու է նաեւ այս բնագավառում։ Ռիսկայնության գործոնը այստեղ նվագագույնի է հասցված, այնպես որ, կարծում եմ, այդ մտահոգություններն ուղղակի անհիմն են։
   –Այս համատեքստում արծարծվող հաջորդ խնդիրը հետեւյալն է. ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինելու քաղաքացիների ամենամսյա մասհանումներից գոյացած միջոցները։
   -Գիտեք, որ հայտարարվել էր միջազգային մրցույթ ԿԲ կողմից առաջադրված չափազանց բարձր չափորոշիչներով, եւ այդ մրցույթում հաղթող են ճանաչվել երկու կառույցներ, որոնք շատ բարձր համարում ունեն ֆինանսական միջոցների կառավարման առումով։ Իհարկե, մրցույթը բաց էր, բայց պահանջների նշաձողն այնքան բարձր էր, որ ընդամենը երկուսն են բավարարել այդ չափորոշիչներին եւ ստացել են կենսաթոշակային հիմնադրամները կառավարելու արտոնագրեր։ Սա եւս մի փաստարկ է, որ այդ գումարների հուսալիությունը շատ բարձր է լինելու։
Ընդ որում, կուտակված դրամական միջոցների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի հենց Հայաստանում։ Քանի որ խոսքը բավական մեծ գումարների մասին է, հարկ եղած դեպքում եթե հավելյալ ներդրումների կարիք զգացվի, դրանց ընդհուպ 100 տոկոսը կարող է տնօրինվել Հայաստանում։
Բայց այստեղ կա շատ կարեւոր մի հանգամանք, որը բխում է հենց այս միջոցների հուսալիության գերակայությունից. կենսաթոշակային հիմնադրամների հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ ներդրումները պետք է կատարվեն հնարավորինս ոչ ռիսկային ոլորտներում։ Այսինքն՝ իրենք ագրեսիվ քաղաքականություն չեն իրականացնելու՝ վարելու են պահպանողական քաղաքականություն։ Սա լրացուցիչ գրավական է, որ մեր քաղաքացիների կուտակած գումարները չեն ներդրվելու ռիսկային ծրագրերի մեջ, որոնց իրականացումը կարող է խնդրահարույց լինել։
   –Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ «անսասան» թվացող բազմաթիվ բանկեր սնանկացան, փուչիկի պես պայթեցին ֆինանսական բուրգեր, որոնց հուսալիությունը կարծես որեւէ կասկած չէր հարուցում։ Ինչո՞ւ եք համոզված, որ մեր կենսաթոշակային հիմնադրամները չեն հայտնվի նման իրավիճակում։
   -Մեր բանկային համակարգն իրեն չափազանց կայուն դրսեւորեց գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ՝ պետական բյուջեից, ըստ էության, ոչ մի լումա չհատկացվեց բանկային համակարգին, որպեսզի նա կարողանար դիմակայել ճգնաժամի հետեւանքներին, ի տարբերություն շատ երկրների, որտեղ բյուջեից այդ նպատակով զգալի գումարներ ծախսվեցին։ Սա եւս մեկ փաստարկ է հօգուտ մեր բանկային համակարգի կայունության։
Ինչ վերաբերում է հետճգնաժամային զարգացումներին, միջազգային ֆինանսական համակարգն այդ մեծ փորձությունից հետո մշակեց լրացուցիչ մեխանիզմներ, որոնք պետք է զերծ պահեն բանկային համակարգը նման ցնցումներից։ Բնականաբար այդ մեխանիզմները կիրառվելու են նաեւ Հայաստանում՝ էլ ավելի բարձրացնելով կուտակային կենսաթոշակային հիմնադրամների հուսալիությունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930