Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ Հայաստանի շուրջ զարգացումները կրում են չափազանց դինամիկ բնույթ, և դիմակայությունը աշխարհաքաղաքական սուբյեկտների միջև հասնում է բավական բարձր լարվածության: Ըստ էության այս ամենը Հայաստանում տեսնում են բոլորը, պարզապես իշխանությունները այս կապակցությամբ փորձում են արտաքին մարտահրավերների ուժգնացումը դարձնել գործիք ընդդիմախոսների դեմ և նրանց կոչ անել, այսպես ասած, ջուր չլցնել թշնամու ջրաղացին, իսկ ընդդիմությունն էլ իշխանություններին կոչ է անում գոնե այս պայմաններում խելքը գլուխը հավաքել և ապաշնորհությամբ երկիրը կործանման տանելու փոխարեն հրաժարական տալ:
Իրականում, արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամային ռիսկերը ինչքան էլ հանդիսանում են լրջագույն խնդիրներ ցանկացած պետության համար, այնքան էլ դրանք ըստ էության կարող են հանդիսանալ նաև բեկումնային փոփոխությունների և թռիչքաձև զարգացման խթաններ: Բանն այն է, որ ճգնաժամային իրավիճակները դառնում են պատճառ կամ առիթ, որպեսզի իրավիճակի վերագնահատում կատարվի և նման սուր պայմաններում տեղի ունենա, այսպես ասած, արթնացում:
Ըստ էության ամեն ինչ շատ հիշեցնում է հայտնի համեմատությունը ժայռի կատարին կանգնած երկու մարդկանց միջև, երբ մեկի մոտ այդ բարձրությունն առաջացնում է ճախրելու զգացում, իսկ մյուսն ընդամենը ունենում է այդ բարձրությունից ներքև թքելու ցանկություն: Եվ հիմա Հայաստանի պարագայում կոնկրետ խնդիրը հենց այս է՝ մարտահրավերները մեզ կտան ճախրելո՞ւ խթաններ, թե՞ մենք կթքենք, կթքենք ներքև, ու մենք էլ կգնանք մեր իսկ թքի հետևից՝ դեպի անդունդ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում