Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Դավութօղլուն կարեւորել, որ Կիպրոսի եւ ԼՂ հարցում «որոշակի մեխանիզմներ են քննարկվել». «Ազգ»

Նոյեմբեր 20,2013 10:33

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են «Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որոշ մեխանիզմներ»: Սա կարծես կարեւոր հանգամանք է: Կիպրոսի հարցում Թուրքիայի անզիջում կեցվածքն, ինչպես հայտնի է, Եվրոմիության հետ այդ երկրի հարաբերությունների հիմնական փորձաքարն է:
Բայց ինչո՞ւ է Դավութօղլուն Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի «կարգավորման որոշ մեխանիզմները» դիտարկել նույն հարթությունում, եթե չասենք, թե ինչո՞ւ առհասարակ Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը նախորդել են Քերրի-Դավութօղլու բանակցությունները:
Եթե ամերիկյան կողմի նախաձեռնողականությունը պայմանավորված է Թուրքիա- ԱՄՆ երկխոսությամբ, ապա առաջին իսկ տպավորությունը ոչ բարենպաստ է, քանի որ հայտնի է, թե ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Անկարան ԼՂ հարցում:
Մյուս կողմից, սակայն, ինչո՞ւ է Դավութօղլուն կարեւորել, որ Կիպրոսի եւ ԼՂ հարցում «որոշակի մեխանիզմներ են քննարկվել» ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը: Թուրքիան փորձում է ԼՂ հարցում կիրառելի դարձնե՞լ Կիպրոսի տարբերակը, երբ կղզի-պետությունը փաստացի բաժանված է հունական եւ թուրքական մասերի, թե՞ «համակարծիք է» դուրս գալ Կիպրոսից, եթե «Հայաստանը համաձայնի հեռանալ ԼՂ շրջակա տարածքների՞ց»:
Ենթադրություններ կարելի է անվերջ անել: Բայց էականը կարծես այն է, որ Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումն այնքան էլ «շարքային» չէ` գոնե կանխածրագրման առումով:
Բացառված չէ, որ ԱՄՆ-ը ձգտում է ամեն ինչ անել, որ Կազանի ձախողումը չկրկնվի: Ինչպե՞ս է դրան նայում պաշտոնական Մոսկվան, կարելի է դատել ՌԴ ԱԳ նախարարի այն արտահայտությունից, որ իր երկիրը «պատրաստ է աջակցելու» բանակցությունների շարունակմանը:
Այստեղ թերեւս հարկ է նաեւ ընդգծել, որ Վիեննա ուղեւորվելուց առաջ Իլհամ Ալիեւը գտնվել է Թուրքիայում, որտեղ, անկասկած, քննարկվել է նաեւ ԼՂ կարգավորման հեռանկարը: Դատելով ադրբեջանական կողմին բնորոշ լռակյացությունից, Բաքվում ոչ ոք չգիտի, թե Վիեննայում ինչ կարգի բանակցություններ են ընթացել:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930