Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցեցին լսողության խանգարում ունեցող երեխաները

Նոյեմբեր 19,2013 23:20

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում օրը հայտարարված էր մարզական: Առիթը՝ կրթահամալիրում առաջին անգամ իրականացվող «Սպորտլանդիա» մարզական-առողջարարական միջոցառումն էր: Այսօր բոլորն էին դասի և աշխատանքի ներկայացել մարզահագուստով, հյուրերին մազական համազգեստով էր դիմավորում անգամ ուսմասվարը:

Կրթահամալիրի բակում առավոտյան 9:00-ից եռուզեռ էր, բակի ամեն անկյունում մարզական մի միջոցառում էր: Իսկ բուն միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի մարզադահլիճում:

«Սպորտլանդիան»՝ որպես այդպիսին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող առաջին նախագիծն էր: Ավելի քան մեկ ժամ տևած միջոցառումն անցկացվեց բարձր մակարդակով: Այս համոզմունքն ունեին թե կրթահամալիրի սաները, թե ուսուցչական կազմը և թե պետական գերատեսչության ներկայացուցիչները:

«Սպորտլանդիայում» ներգրավված 9 վարժություններից 8-ը մարզական էին, իսկ վերջինը՝ ինտելեկտուալ: Հարցերն առնչվում էին մարզաշխարհում հին ու նոր մարզաձևերին, մարզիկներին ու հայ պատմության մեջ մնացած երբեմնի մարզասեր թագավորներին: Մասնակիցները 20-ն էին՝ 10 աղջիկ և 10 տղա:

Նրանք մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին մասնակցում բոլոր վարժություններին, ակնհայտորեն պատրաստված էին նաև ինտելեկտուալ հարցերին:

Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց նմանօրինակ միջոցառումներով հնարավորինս հասարակությանն ինտեգրելն է՝ ապահովելով վերջիններիս լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես սպորտում:

Ծրագիրն ուղղված է հաշմանդամային սպորտի մասսայականացմանը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գիտակցության արմատավորմանը, մարմնակրթական ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:

Միջոցառման ավարտին կազմակերպիչ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսօրինակ միջոցառումները կազմակերպել պարբերաբար և ընդգրկել մասնակցության առավել լայն շրջանակներ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930