Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կմեկնարկի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը

Նոյեմբեր 19,2013 21:52

ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի որոշմամբ ՀՀ  կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը:

Ողջ տարվա ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ առավելագույն տեղեկատվության տարածման, պատմության և առկա վիճակի ներկայացման ուղղությամբ:

Հոկտեմբերից ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը:

Տարվա կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել նաև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործության և կիրառական արվեստի փառատոնը, Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական արևելյան գորգ» աշխատության հայերեն թարգմանությունը և հրատարակումը:

Լոնդոնում հրատարակվող գորգարվեստի ուղղվածությամբ «Հալլի» ամսագրի գլխավոր խմբագիր Բեն Էվանսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եղել է բոլոր այն երկրներում, որտեղ զարգացած է գորգագործությունը, և անչափ հետաքրքրված է հայկական գորգերով:

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը նկատեց, որ հայոց գորգագործական մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ մասնագիտական շրջանակներում: Նա կարևորեց գիտաժողովը հույս հայտնելով, որ այն երիտասարների ուշադրությունը կհրավիրի հայոց գորգարվեստի վրա:

Տեղեկացնենք, որ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայկական գորգարվեստ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 17-20-րդ դդ. հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից՝ Վասպուրական, Ուտիք, Ջավախք, Կիլիկիա, Պարսկահայք և այլն:

Իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում հասարակությանը կներկայացվեն Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուները:

Հայաստանում «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովը կմեկնարկի վաղը՝ նոյեմբերի 20-ին: Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Գիտաժողովում ներգրավված են նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930