«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամների լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» հետ համատեղ այսօր ներկայացրին «Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցը:
«Մեդիաների թվայնացման քարտեզագրում» նախագիծն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամների լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» կողմից՝ մոտ 60 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը:
2011-2013թթ. ընթացքում հայաստանյան հետազոտական թիմը միջազգային խմբագրական և փորձագիտական թիմի հետ համատեղ պատրաստել են հայաստանյան զեկույցը: Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են երկրներն իրականացնում ավանդականից դեպի թվային մեդիա անցումը:
«Բաց հասարակության հիմնադրամների լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» գլխավոր պատասխանատու, հրապարակումների խմբագիր Մարիուս Դրագոմիրն նկատեց, որ Հայաստանը վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցել ինտերնետի և բջջային հեռախոսների տարածվածության առումով: Նրա խոսքով՝ այս ցուցանիշն աճել է մոտ յոթ անգամ. «Դեռ հինգ տարի առաջ Հայաստանը վերջին տեղերում էր այս ցուցանիշով, իսկ հիմա ինտերնետի և բջջային հեռախոսների տարածվածությամբ այն աշխարհի առաջին 15 երկրների շարքում է»,- ասաց Մարիուս Դրագոմիրը:
Կարդացեք նաև
Նա նաև իր ուրախությունն արտահայտեց այն առթիվ, որ Հայաստանի զեկույցն արդեն պատրաստ է, մինչդեռ, տեղեկատվության պակասի պատճառով դեռևս վերջանական տեսքի չեն բերվել Ադրբեջանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զեկույցները:
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը, անդրադառնալով թվայնացման վերաբերյալ դրույթներին, նկատեց, որ դրանք չեն իրագործվել՝ չնայած կառավարության խոստումներին:
Ա. Իսրայելյանի խոսքերով՝ այս տարի՝ հունիսի 29-ին, կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, որով երկարաձգվել է թվայնացման հետ կապված դրույթը: Մինչդեռ Հայաստանը նախատեսում էր մինչև 2015թ. ավարտել թվային հեռուստահեռարձակման ներդրումը և երկրի ողջ տարածքում անցնել թվային հեռուստահեռարձակման: Սակայն Աննա Իսրայելյանը կասկած հայտնեց, որ կառավարությունը կկարողանա պահպանել անգամ երկարաձգված ժամկետը: «Ես կասկածս հիմնավորեմ հետևյալ փաստով. անապահով ընտանիքները մինչև թվայնացումը պետք է պետության կողմից սուբսիդավորվեն թվային կցորդներով, բայց փաստն այն է, որ կառավարությունը մինչև հիմա դրա համար միջոցներ չի նախատեսել: Եթե ծրագրում է ավարտել նշված ժամկետում, ապա ինչո՞ւ չկան»,- հարցնում է Ա. Իսրայելյանը:
Ապա նա անդրադարձավ նաև հասարակությանը իրազեկող քարոզարշավների բացակայությանը՝ նկատելով, որ դրանք նույնպես խոստացվել են հաստատված հայեցակարգով. «Արդյունքում ՀՀ-ում, մասնագետներից բացի, չկա մի քաղաքացի, որ իմանա, թե իր հեռուստացույցը ինչպես և երբ է սկսելու հեռարձակել թվային սկզբունքով»,- ընդգծեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ