«Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե որ երկրների հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություններ եւ այդ փաստը Համաշխարհային բանկն ի գիտություն է ընդունում: Բանկը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ ներդրումային, բիզնես միջավայրերի, մրցակցության բարձրացման առումով, բարեփոխումների ուղղությամբ, որպեսզի Հայաստանում հնարավորինս ստեղծվեն բաց շուկաներ, մրցակցային տնտեսություն, արդար մրցակցություն»,-այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակում կազմակերպված ասուլիսին ասաց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մաքսային Միություն (ՄՄ) գնալով կարդարանա՞ն ՀԲ-ի ակնկալիքները բարեփոխումների մասով:
Ըստ տարածաշրջանային տնօրենի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը ՀԲ-ին վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները:
Տարածաշրջանային տնօրենից, որը ասուլիս էր հրավիրել Հայաստանին 843 միլիոն դոլար ֆինանսական աջակցության մասին տեղեկացնելու, լրագրողները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ է «Կարֆուր» սուպերմարքեթն ի՞նչ խնդիր ունեցավ եւ ինչո՞ւ Հայաստան չեկավ, որքա՞ն տնտեսական աճ է կանխատեսում եկող տարվա համար, ի՞նչ կարծիք ունի, այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում տարիֆները 2,5 անգամ բարձրանալու են եւ այլն:
Հենրի Քերալինին հարցրին նաեւ, թե ճանաչում է մի երկիր, որն անդամակցի մի միության, որն ընդհանուր սահման չունի այդ երկրի հետ: «Այո, Իռլանդիան»,- պատասխանեց տարածաշրջանային տնօրենը, ապա ավելացրեց`Հայաստանը կլինի այդ առանձնահատուկ երկիրը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՄՄ-ի բարձր տարիֆներին, ապա ՀԲ ներկայացուցիչները նկատեցին, որ այդ հարցը դեռ բանակցությունների փուլում է եւ քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ավելի շատ կարող է իր տարբերակն առաջ տանել:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափինը պատասխանելով «Կարֆուրի» վերաբերյալ հարցին ասաց. «Մենք գիտենք իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք կարող կարծիք հայտնել մասնավոր ձեռնարկության գործունեության վերաբերյալ»:
Բանկի ներկայացուցիչներից նաեւ հետաքրքրվեցին, թե եթե որոշ կազմակերպությունների հրապարակած ցուցանիշներով մեր երկիրը տնտեսական հաջողություններ է արձանագրել, Համաշխարհային բանկն էլ փաստում է, որ կոռուպցիան նվազել է, ինչո՞ւ են ներդրումները նվազում, օտարերկրյա կապիտալն ինչո՞ւ է փախչում Հայաստանից, պարոն Հենրի Քերալինը վստահեցրեց, որ ներդրումները ողջ աշխարհում են նվազել:
Հարցին էլ, թե Հայաստանն աղքա՞տ երկիր է, որ այդքան շատ փող եք տալիս տարածաշրջանային տնօրենն ասաց, որ Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր. «Ո’չ աշխարհի ամենաաղքատ երկրների շարքին է դասվում, ո’չ էլ աշխարհի ամենահարուստ: Դա նշանակում է, որ որոշակի խնդիրներ կան, որոնց ուղղությամբ Հայաստանը պետք է առաջընթաց ապահովի դեռեւս, ինստիտուցիոնալ կարողությունների, պետական կառավարման, կրթության, առողջապահության հետ կապված»: ՀԲ ներկայացուցիչների մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Եկող տարվա համար պարոն Հենրի Քերալինը կանխատեսեց տնտեսության 4-5 տոկոս աճ:
Նշենք, որ Հայաստանին տրամադրվելիք 843 միլիոն դոլարը նախատեսված է առաջիկա չորս տարիների ռազմավարական ծրագրերով: Այն կուղղվի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ես իրոք չեմ հասկանում, թե կոռուպցիայի դեմ փողը ինչպե՞ս են ծախսում:
Նոր օրե՞նք են գրում: Բայց կոռուպցիան անօրինական է իր բնույթով:
Դատավորին կաշա՞ռք են տալիս, որ արդար դատի: Բայց դա էլ կոռուպցիայի է նման:
Ինչպե՞ս պիտի ծախսել այդ փողը, որ արդյունք տա: Ո՞վ գիտի:
Ես ի նկատի ունեմ տեսականորեն, ոչ թե իրականում ինչ է լինում:
843 միլիոնը տեղից արդեն կաշառք է, բնույթով՝ կոռուպցիա, նպատակը՝ քաղաքական կախվածություն, իմաստը՝ տնտեսական ճգնաժամ, արդյունքը՝ կտեսնենք ավելի ուշ, ամենագլխավոր խնդիր-պրոբլեմը՝ ստիպողական է, կառավարությունը չի կարող հրաժարվել դրանից… Բայց սա առաջին կաշառքը չէ, ոչ էլ կլինի վերջինը: Աշխարհում թույլ ու անկարող պետությունները այսպես են կառավարվում, որպիսի միշտ մնան թույլ ու անկառավարելի: Մարդկային գործոնը այստեղ դեր չի խաղում, մի տարակուսեք: Ձեզ թվում է Լևոնն ինչու՞ ինքն իրեն գահընկեց արեց ու նրա փոխարեն եկավ նրանից ավելի անկարող մեկը: