Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, լսեց օգոստոսի 5-ին, ժամը 04.10 սահմաններում Գյումրու կենտրոնում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ արած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօր դատարանը հարցաքննեց երկու վկաների, ովքեր աշխատում են ոստիկանության պահպանության վարչությունում:
Դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը դատարանին պատմեց, որ իրենք` գիշերային հերթապահություն իրականացնող ոստիկանները, ահազանգ ստանալով, մոտեցել են ոսկերչական սրահին ու տեսել են, որ մեկը, ապակիները փշրելով դուրս է գալիս, իսկ մյուսը` կանգնած է սրահում: Հերթապահ ոստիկանները մեքենայով նրանց հետապնդել են, այնուհետ մեքենայից դուրս գալով` Կարեն Ավետիսյանը նախազգուշացրել է` կանգնեք, կխփեմ: «Տղաները կանգնեցին` առանց դիմադրություն ցույց տալու, ձեռքներին կար մուրճ ու կացին, իսկ Հրայրի մոտ զենք նկատեցինք», -ասաց վկան:
Կարեն Ավետիսյանը իր գործընկերների արարքը բնութագրեց որպես խուլիգանություն, քանի որ ինքը գողոն չի տեսել. փոխարենը ականատես է եղել, որ կոտրված էին «Ռուբին» ոսկերչական սրահի ապակիները: Դատախազը իր հերթին վկային հարցրեց. «Ըստ ձեզ գիշերվա կեսին սրահ էին մտնում խուլիգանություն կատարելո՞ւ, հենց նոր ձեր սուբյեկտիվ կարծիքը հնչեցրեցիք»: «Ես գողոն չեմ տեսել»,- կրկնեց վկան:
Կարդացեք նաև
Վկան շարունակեց պատմել, որ ինքը նախազգուշական կրակոց է արձակել ու Հրայր Քալաշյանին բռնել է, իսկ Հրայրը գոռացել է . «Բաց թողեք տղեք, մենք ոչ մի բան չենք գողացել»:
Կատարվածը ավելի մանրամասնորեն պատմեց պահպանության բաժնի մեկ այլ աշխատակից` Համլետ Խուրշուդյանը: Նա ասաց, որ օգոստոսի 5-ին ոստիկանության 06 մակնիշի ծառայողական մեքենայով դուրս են եկել իրենց պայմանագրով կցված կառույցների` բանկերի, ոսկերչական սրահների պահպանությունն իրականացնելու: Գիշերը ժամը 04.15 րոպեին հանկարծ նկատել են, որ Խաղաղության օղակում գտնվող սրահում երկու դիմակավորված անձինք կան` մեկը ներսում է, մյուսը՝ դրսում: «Էդ ժամանակ սիգնալիզացիան աշխատեց, հետո հետևեցինք իրենց, մեքենայով հետապնդեցինք, իջանք, բռնեցինք: Դասակի հրամանատար Կարենը Ավետիսյանը կրակոց արձակեց», -պատմեց վկան:
Դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նաև այս վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ, ըստ նրա, հակասություն կար երկու ցուցմունքների միջև: Ըստ այս վկայի նախաքննական ցուցմունքի, բարձրահասակ ոստիկանին` Արտակին, բռնել է ինքը, իսկ ցածրահասակին` Հրայրին, բռնել է Կարեն Ավագյանը, ընդ որում բռնել է օդում կրակոցներ արձակելուց հետո:
«Նրանք դիմակավորված էին, հանեցի դիմակը ու տեսա, որ օպերլիազոր Արտակն է, իսկ Կարենը հանեց փոքրահասակի դիմակը այն ժամանակ, երբ վերջինս ասաց` Կարեն մի կրակի: Նրանք ձեռնոցներով էին, հենց այդպես էլ բերել ենք նրանց բաժին»,- գրված էր այս վկայի նախաքննական ցուցմունքում:
Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ ոսկերչական սրահ մտած ոստիկանները փորձել են փախչել, մինչդեռ դատարանում նա այդ պահը հստակ չէր ներկայացնում, որի պատճառով էլ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:
Նա դատարանին նաև հայտնեց, որ ոսկու սրահ մտած ոստիկաններին հետապնդելիս, ինքը Կարեն Ավագյանի հեռախոսով զանգահարել է ոստիկանություն ու օպերխումբ կանչել:
Դատարանին ցուցմունք տված երկու վկաներն էլ պնդեցին, որ իրենք ոսկերչական սրահի ապակիները կոտրելու պահը չեն տեսել, չեն կարող ասել` իրենց կոլեգաները պատրաստվո՞ւմ էին այնտեղից գողություն կատարել, թե՞ ոչ , բայց նրանց բաժին են տեղափոխել գողություն կատարելու կասկածանքով:
Դատարանը անցավ ապացույցների հետազոտմանը, հրապարակեց դատակենսաբանական, դատահետքաբանական և այլ ապացույցներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ