Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դոպինգի դեմ պայքարում 23-րդ երկիրն է աշխարհում

Նոյեմբեր 19,2013 17:37

Իոհանեսբուրգում անցկացված «Դոպինգը սպորտում» խորագրով Հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) համաշխարհային կոնֆերանսին մասնակցել է նաեւ Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Aravot.am-ը զրուցեց Արեգ Հովհաննիսյանի հետ:

– «Դոպինգը սպորտում»: Ի՞նչ հարցեր էին մտցված օրակարգ:

– Քննարկվեցին եւ հաստատվեցին հակադոպինգային նոր կանոնները: Կատարված փոփոխությունները հիմնականում 18-ն էին, որոնցից առանձնացնեմ ամենակարեւորները: Առաջին. տվյալ երկրի հակադոպինգային կազմակերպությունը պարտադիր հետաքննություն պետք է կատարի, եթե պարզվում է, որ մարզիկին ինչ-որ մեկը ստիպել է դոպինգ ընդունել, կամ մարզիկն ինքն է ուրիշին ստիպում, դոպինգներ տարածում: Եթե հետաքննություն չեղավ, կարող է այնպես լինել, որ տվյալ հակադոպինգային ծառայությունը կամ միջազգային ֆեդերացիան մարզիկն որակազրկել չեն կարողանա:

Երկրորդը բուժման նպատակով արգելված դեղերի օգտագործման թույլտվության հարցի քննարկումն էր: Եթե առաջներում ազգային հակադոպինգային կազմակերպությունը կարող էր թույլտվություն տալ, իսկ միջազգայինը դա չընդունել, հիմա ազգային դոպինգային կազմակերպությունը իրավունք ունի դիմել համաշխարհային հակադոպինգային կազմակերպություն` որպեսզի միջազգային ֆեդերացիայի որոշումը վերանայվի:

Շատ հնարավոր է, որ բոլոր մարզաձեւերում արգելվի կամ սահմանափակվի օրգանիզմում արյան մեջ ալկոհոլի խտության քանակությունը եւ դրա համար ինչ-որ նշագիծ սահմանվի, ինչպես կոֆեինի պարագայում: Այս առաջարկությունն արել են մի քանի ֆեդերացիաներ, որոնցում ալկոհոլ օգտագործած լինելն ընդհանրապես արգելված է: Մոտ երկու տարի առաջ նմանատիպ գործընթաց սկսվեց նիկոտինի համար: Հոլանդացիները պահանջում էին այն ընդհանրապես արգելել: Սակայն հաջողության չհասան:

– Այս փոփոխությունները Հայաստանին ի՞նչ կտան:

– Իմ կարծիքով, այս փոփոխությունները Հայաստանի նման փոքր երկրների համար այնքան էլ էական չեն, քանի որ մարզիկների թիվը քիչ է: Իսկ, ասենք, ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ յուրաքանչյուր երրորդ մարզիկը մյուսների մասին ինֆորմացիա է հայտնում, թե այսինչը դոպինգ է օգտագործում, սկսվում են սկզբում նշածս հետաքննությունները: Մենք նման խնդիր չունենք:

– Կոնֆերանսում, հավանաբար, նաեւ ազգային հակադոպինգային կազմակերպությունների աշխատանքի գնահատականնե՞ր էլ եղան:

– Այո: Մեզ համար շատ կարեւոր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Դոպինգի դեմ պայքարի ֆոնդի» գնահատականով Հայաստանի հակադոպինգային կազմակերպության աշխատանքը համարվում է լավագույններից մեկն աշխարհում, որ զարգացող երկրների մեջ այս առումով Հայաստանն առաջատարների մեջ է: Այսինքն, այս 5 տարիներին, սկսելով զրոյից, հասել ենք այնպիսի մակարդակի, որ մեր աշխատանքի որակով 23-րդ երկիրն ենք աշխարհում: Բայց շատ հետաքրքիր էր, որ կոնֆերանսում հատուկ մատնացույց արեցին Ճապոնիայի հակադոպինգային կազմակերպությունը: Վերջին 10 տարում միջազգային մակարդակի մրցումներում ոչ մի ճապոնացի մարզիկ դոպինգի մեջ չի բռնվել, հետեւաբար, չի խախտել հակադոպինգային կանոնները: Դրա համար էլ, խոսք կա, որ հենց այդ պատճառով 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպումը տրվի Տոկիոյին:

Իսկ գործնական հանդիպումներ ունեցա՞ք:

– Անշուշտ: Հանդիպեցի բազմաթիվ երկրների իմ գործընկերների հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերեցի: Անպայման աշխատելու ենք Ղազախստանի հետ, որտեղ շատ բարձր մակարդակով են աշխատում: Ղազախստանը, փաստորեն, ասիական տարածաշրջանի առաջատարն է:

– Վերջին շրջանում շատացել են դոպինգի վրա բռնվող մարզիկները: Ի՞նչն է պատճառը:

– Հիմնականում` նոր անալիտիկ մեթոդները, որոնք երեք անգամ բարձրացրել են սարքավորումների զգայունակությունը: Եվ մարզիկների հին հիվանդությունը. պրեպարատներ օգտագործում են առանց մասնագետների հետ նախապես խորհրդակցելու:

– Խնդրի նոր լուծումներ կա՞ն:

– Լուծումը մեկն է. մարզիկները չպետք է արգելված դեղամիջոցներ օգտագործեն: Հայաստանում պայքարում ենք հենց դրա համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930