Նոյեմբերի 19-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված ցուցահանդես:
Միջոցառմանը ներկա էին եւ բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին Բրիտտենի հայաստանյան այցի լուսանկարներն ու պաստառները:
Բենջամին Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին Լոուսոֆթում, Բրիտանիա: Նա դեռ իր կենդանության օրոք համարվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը: 1965 թվականին երգահանը օպերային երգիչ Փիթեր Փիրսի հետ այցելել է Հայաստան՝ հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միությունում, որի ընթացքում Էդվարդ Միրզոյանին հաջողվում է կազմակերպել «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը:
Կարդացեք նաև
Արեւիկ Սարիբեկյանը համոզված է, որ Բենջամին Բրիտտենը Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրար կապող ամենամեծ օղակներից է.
«Շատ հիշարժան է, երբ Բրիտտենը մեկնել է Հայաստանից, նա այնքան է հիացած եղել մեր երկրով, որ նշել է՝ «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»: Այսօր մենք ուզում ենք ի պատասխան նրա ասել, որ Բրիտտենը մնացել է մեր սրտերում եւ այդ նպատակով շատ եմ կարեւորում այսօրվա միջոցառումը»:
Ցուցահանդեսից բացի, տեղի են ունենալու նաեւ այլ միջոցառումներ՝ նվիրված երգահանի 100-ամյակին. Նոյեմբերի 22-ին «Միրզոյան» քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթեւի թեւեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ