«Երբ պատիժը կրելուց հետո անչափահասը հայտնվում է հասարակության մեջ, մենք նրան ազատ ենք թողնում իր ունեցած խնդիրների հետ միասին, ոչ մի օգնություն չենք ցուցաբերում»: Այս կարծիքն այսօր հնչեց «Էրեբունի Պլազա» բիզնես- կենտրոնում կազմակերպված «ՀՀ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հզորացում, անչափահաս իրավախախտների հետ պրոբացիոն աշխատանքների պիլոտային մոդելի փորձարկում» ծրագրի փակման ժամանակ: Բանախոսները ներկայացրին ծրագրի արդյունքները, ինչպես նաև իրենց խնդիրներն ու դժվարությունները:
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը նշեց, որ իրենք համագործակցել են մշակույթի նախարարության, կրթության և գիտության նախարարության և այլ պետական կառույցների հետ, որի ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել: Մասնավորապես, նշվեց անչափահաս դատապարտյալների մասնագիտական կրթության հարցը. «Դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից, սակայն լինում են դեպքեր, երբ երեխաները մարտ ամսին, ապրիլին… ուզում են սովորել ոսկերչություն, սակայն ստիպված են ամիսներ շարունակ սպասել »,-ասաց Արշակ Գասպարյանը:
Նա նաև հավելեց՝ քանի որ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ընթացել են կամավորական սկզբունքով, թե՜ իրենց աշխատակիցների, թե՛ անչափահաս դատապարտյալների շրջանում, ևս դժվարություններ են եղել: «Կար անվստահություն. ծնողներից շատերը մերժում էին մեզ՝ կարծելով, թե մենք աղանդավորական շարժում ենք: Մենք նրանց կանչեցինք մեզ մոտ, որպեսզի ցույց տանք, որ նման բան չկա»:
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հոգեբաններ Սիրարփի Մուղդուսյանն ու Ինգա Մուկուչյանն էլ նշեցին, որ բարդ էր անչափահաս դատապարտյալներին, նրանց ծնողներին համոզելը, որ հոգեբանական խորհրդատվությունները հօգուտ նրանց են, այդտեղ ոչ մի «ամոթ» բան չկա: «Որպես մասնագետ կարող եմ նշել, որ մեր աշխատանքներից հետո նրանք դարձան ավելի հանդուրժող, ձեռք բերեցին սառը դատողություն, առողջ մտածողություն»,-ասաց Ինգա Մուկուչյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրականացրել են խմբային և անհատական աշխատանքներ, վերջինս, չնայած ծրագրի ավարտին, դեռևս շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծրագրի պատասխանատուները հայտնեցին, որ դեռևս ֆինանսական և այլ խնդիրների պատճառով սոցիալական, հոգեբանական, իրավական խորհրդատվական և վերականգնողական բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել միայն արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող և այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներում փորձաշրջան անցնող ընդհանուր առմամբ 38 անչափահաս դատապարտյալների և նրանց ընտանիքի անդամների հետ: Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն շարունակել այն, որպեսզի անչափահաս դատապարտյալներին օգնեն ինտեգրվել հասարակությանը:
Նշենք, որ «ՀՀ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հզորացում, անչափահաս իրավախախտների հետ պրոբացիոն աշխատանքների պիլոտային մոդելի փորձարկում» ծրագիրը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան»-ի աջակցությամբ: Այն նպատակ ունի աջակցել Հայաստանում իրականացվող քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին::
Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ