«Միլանոյի գործով» այսօր լրատվամիջոցների հետ հանդիպեցին ճանաչված փաստաբաններ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը:
Մինչ օրս այս արտադրական կոոպերատիվի հետ կապված եղել է 15 գործ: Այսօրվա դրությամբ, «Միլանոյի գործով» դատական ատյաններում կա 4 գործ, մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ 1995թ.-ին եռահարկ շենքը սեփականության իրավունքով տրվել է Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական միավորմանը: Տրվել է սեփականության վկայական, եւ էլիտար զգեստների խանութի շենքի՝ «Օլիմպի» 3-րդ հարկը նշվել է որպես ինքնակամ շինություն:
2007թ. հանրային գերակա շահ անվան տակ, պետությունը «լավություն» է արել մեկ այլ սեփականատիրոջ՝ վերոնշյալ շենքը տալով «ԱՎՈ Ֆ.Մ» ընկերությանը:
Կարդացեք նաև
Կազմվել է համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի՝ երկու հարկերը ճանաչվել են օրինական:
Երբ նախկին սեփականատերը դիմել է դատարան՝ փոխհատուցման պահանջով, դատարանը երկու հարկի փոխարեն փոխհատուցման որոշում է կայացրել մեկ հարկի համար:
Մինչ «Օլիմպ», հետագայում «Միլանո» անվանված ընկերությունը դատարանում կվիճարկեր իր իրավունքների խախտման հարցը, քանդվել է շինությունը: Հետագայում Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ «Օլիմպից» պահանջելով երեք հարկերի գույքահարկը:
Դատարանը բավարարել է, որոշումն օրինական ուժի մեջ է մտել:
Ըստ ընկերության ներկայացուցիչների, հինգ հատորանոց գործ է մուտքագրվել դատարան, որպեսզի նորահայտ սեփականատիրոջից պահանջվի փոխհատուցման գումարը բոլոր երեք հարկերի, նկուղի համար, սակայն դատարանը հերթական հայցը հերթական անգամ մերժել է:
Ըստ Հայկ Ալումյանի, երբ պետությունը վաճառում էր «Միլանոյի» գույքը, շենքը երեք հարկ էր, երբ փոխհատուցման հարց բարձրացավ, գույքը դարձավ մեկ հարկ. «Մենք գիտենք աճպարարների մասին: Այս աճպարարությունը մեծ շահերի հետ է կապված:
Պետությունը լավություն արեց սիրիահայ գործարարի՝ հատուցելով մեկ հարկի համար»:
Փաստաբանները նշեցին, որ հասնելու են նրան, որ վաղ թե ուշ վերականգնվելու են «Միլանոյի» իրավունքները, ըստ Հայկ Ալումյանի, ցավալին, սակայն, այն է լինելու, որ պետությունը հատուցելու է այն գումարները, որը զիջել էր օտարերկրյա գործարարին, պետությունն իր բյուջեից, մեր հաշվին է հատուցելու ընկերության վնասները:
Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ դիմել են անգամ այս գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար արդարադատության խորհուրդ, սակայն դիմումը մնացել է անպատասխան:
Խոսքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի մասին էր:
«Պետությունը պիտի պատրաստվի, վճարելու մեր գումարները»,-ասաց Հայկ Ալումյանը:
Ի դեպ, մեկ այլ դատարանի որոշմամբ էլ «Միլանոյում» առկա թանկարժեք զգեստներն ի պահ էին տրվել «ԱՎՈ Ֆ.Մ»-ին, սակայն դրանք հետագայում տրվել են «Միլանոյին» ոչ միայն պակաս քանակով, այլ «փչացած»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ