Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի մեկից, նախատեսված ագրոպահանջներին համապատասխան, սկսվել են ծառերի աշնանային էտման աշխատանքները:
Մասնագետների գնահատմամբ՝ աշնան վերջին և ձմռան առաջին ամիսներն այս գործընթացը ծավալելու լավագույն ժամանակաշրջանն են: Այս ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է ձևավորման և սանիտարական էտի ենթարկել շուրջ 17000 ծառ: Նպատակը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում ու պուրակներում առկա ծառատեսակների կենսունակությունը մեծացնելն ու, ձևավորման շնորհիվ գեղեցիկ տեսքն ապահովելն է:
Բանուկ փողոցներում ծառերի էտը կատարվում է նաև ճանապարհային նշանների տեսանելիությունն ու արտաքին լուսավորությունը պատշաճ ապահովելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում ձգտելու են, որ, ինչպես սահմանված է չափորոշիչներով, փողոցներում ծառերի բարձրությունը չգերազանցի 5, իսկ զբոսայգիներում՝ 7-10 մետրը:
Կարդացեք նաև
Մասնագետը նաև հավելել է, որ աշնանային փուլում խոր էտի կենթարկվեն միայն տապալվելու վտանգ ներկայացնող բարդիները, որոնց արմատային համակարգն ինչպես հայտնի է, ավելի թույլ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն