Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Նելլի Դուրյան. «Անտարբերությունը չարիք է»

Նոյեմբեր 19,2013 14:51

Այսօր երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ներկա էին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Երեխաների պաշտպանության ցանց, ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, «Ընտանիք եւ համայնք» հ/կ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանը:

Բանախոսները հայտնեցին, որ մեզանում երեխաների հանդեպ կիրառվող բռնությունները, ինչպես աշխարհում, նույնպես մտահոգության առարկա են:

Հավաստիացրին, որ ընթացիկ տարում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպություններն աշխատել են անտեսման զոհ դարձած 514 երեխայի հետ, նշելով, որ նրանց մեծամասնությունը ենթարկվել է նաեւ ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների:

Քանիցս էլ շեշտեցին, թե Հայաստանում քիչ են համապատասխան փորձառությամբ եւ կարողություններով մասնագիտացված ծառայությունները:

Բանախոսները բարձրաձայնեցին, որ մեր երկիրը կարիք ունի վերանայելու երեխաների հանդեպ բռնությունները կանխարգելող, զոհ երեխաների օգնության կազմակերպման իրավական փաստաթղթերն ու համապատասխան ընթացակարգերը:

Մեծ հաշվով՝ անպաշտպան են մուրացիկ երեխաները: Վերջին շրջանում TV-ներով ցուցադրվում է հոլովակ, որում կոչ է արվում չաջակցել մուրացիկ երեխաներին, այլ տեղեկացնել համապատասխան մարմիններին: Մյուս կողմից էլ, տեսնում ենք, թե ինչպես են մարդաշատ վայրերում, հատկապես գետնանցումներում, ոստիկանները անտարբեր անցնում նրանց կողքով կամ՝ մեզ մոտ ընդունված չէ, որ իմանալով, ասենք, հարեւանի երեխան բռնության է ենթարկվում ծնողի կողմից, դիմենք ոստիկանություն: Այս մշակույթը մեզ համար դեռ խորթ է, ինչը նորմալ է Արեւմուտքի համար: Aravot.am-ի այս դիտարկման առիթով ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նախ ասաց, թե երեխաների հանդեպ բռնությունը ճիշտ չէ տարածել միայն ընչազուրկ ընտանիքների վրա: Նրա խոսքերով՝ քիչ, բայց կան նաեւ ունեւոր ընտանիքներ, որոնց երեխաներն էլ են անպաշտպան: «Անտարբերությունը չարիք է: Ես չեմ կարող հավատալ, որ մուրացիկ երեխայի կողքով անտարբեր կարող է անցնել ոստիկանը: Ի դեպ, մուրացիկների «մասով» այլ երկրներում զբաղվում են զուտ սոցիալական ծառայությունները, մինչդեռ մեր ոստիկանությունը համագործակցում է նույնիսկ մի քանի նախարարությունների հետ, այդ թվում՝ կրթության եւ գիտության, առողջապահության եւ այլն: Հավատացնում եմ ձեզ՝ հայաստանյան դպրոցներում իրենց ծառայությունն են կատարում 19 ոստիկան: Ընդ որում, բռնություն դիտվում է նաեւ, մեղմ ասած, ուսուցչի ոչ հարգալից վերաբերմունքը կամ խոսքը աշակերտի նկատմամբ եւ այլն»,- ասաց գնդապետ Դուրյանը:

Նաեւ հավելեց, թե ոստիկանությունը ամենօրյա աշխատանք է տանում Հայաստանի տարածքում, ասել է թե՝ համագործակցում մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ:

Հաջորդ դիտարկմանն էլ՝ գուցե մարդու մոտ առաջանա ահազանգելու ցանկություն, սակայն չդիմի դրան, առաջինը՝ որ այդ արարքը խորթ է մեր մենթալիտետին, երկրորդ՝ չցանկանալով հայտնել իր անունը: Տիկին Դուրյանի պատասխանը հակիրճ էր. «Ահազանգողի անուն-ազգանունը, նրա ցանկությամբ, կարող է չհրապարակվել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930