Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցին սփյուռքի Նոյյան տապանն է

Նոյեմբեր 19,2013 14:45

Իտալահայ համայնքն իր այժմյան վիճակով ձեւավորվել է 1900-ական թթ. սկզբին՝ Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից գաղթած հայերից
Ինչպե՞ս է ներկայումս կազմակերպվում իտալահայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը, ի՞նչ գործունեություն է իրականացնում Հայ եկեղեցին. այս եւ այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում պատմեց իտալահայոց հոգեւոր հովիվ հոգեշնորհ տեր Թովմա աբեղա Խաչատրյանը:
-Մի քանի խոսքով խնդրում եմ պատմեք Իտալիայի հայ համայնքի մասին. ինչպե՞ս է հայրենիքից հեռու կազմակերպվում հոգեւոր-մշակութային կյանքը:
-Իտալահայությունը կենտրոնացած է հիմնականում երկրի արդյունաբերական եւ առեւտրային շրջան համարվող Լոմբարդիայում եւ նրա կենտրոն Միլանում, հայերը քիչ չեն նաեւ Հռոմում, Բարիում, Պերուջիայում, Նապոլիում, Վիտերբոյում եւ այլուր:
Չնայած Հայաստանի բուն տարածքից հեռու ենք ապրում, բայց hայրենիքը մեր սրտում է: Նրա անցյալին, ներկային ու ապագային է ձոնված մեր ողջ առօրյան՝ ավելի, քան, միգուցե, կարող էր լինել հայրենիքում ապրողների դեպքում…
Բավական է միայն նշել, որ Եկեղեցու կամավոր երիտասարդների ու ուսանողների ջանքերով հրատարակվող «Փյունիկ» ամսաթերթի գաղափարախոսությունը հետեւյալն է՝ «Հայրենիքից հեռու, հայրենիքով եւ հայրենիքի համար»: Իսկ Միլանի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին ու քաղաքում գործող «Հայ տուն» մշակութային օջախը մի փոքրիկ Հայաստան են Իտալիայում, սիրելի ու հարազատ…:
-Ի՞նչ պատմություն ունի այս գաղթօջախը:
– Իտալիայում մեր ազգակիցները հաստատվել են դեռեւս նախաքրիստոնեական շրջանում: Մեծ է եղել հայերի դերը առաջին դարերում՝ Իտալիայում քրիստոնեական սուրբ կրոնը տարածելու գործում: Հայաստանից Իտալիա եկած բազմաթիվ քարոզիչներ են սրբացվել Կաթոլիկ եկեղեցու կողմից, նրանց անուններով տաճարներ, վանքեր ու եկեղեցիներ են կառուցվել, ոմանք Իտալիայի որոշ շրջաններում հռչակված են իբրեւ «պադրոնե», այսինքն՝ հովանավոր սուրբ այս կամ այն տարածաշրջանի: Հայտնիներն են՝ Սուրբ Մինաս, Սուրբ Վլաս, Սուրբ Էմիլիանո եւ այլն: Լայն տարածում ունի San Gregorio Armeno-ի՝ Սուրբ Գրիգոր Հայի «պաշտամունքը»:
Միլանի հայ համայնքը նաեւ մարզական փայլուն պատմություն ունի: Այսօր էլ ունենք ֆուտբոլի թիմ, բռնցքամարտիկներ եւ սպորտի այլ տեսակներով զբաղվող նշանավոր հայորդիներ:
Ուրախությամբ կարող եմ նշել նաեւ, որ մեր համայնքի անդամների մեծ մասը մշտական կապ ունեն Հայաստանի հետ, որոշակի հնարավորություններ ունեցողները նպաստում են մեր նորանկախ հանրապետության զորացմանը, ոմանք իրենց ամառային արձակուրդն են անցկացնում հայրենիքում եւ այլն:
-Հայերի մոտ պահպանվե՞լ է, արդյոք, ազգային ինքնագիտակցությունը. ձեռնարկվո՞ւմ են որոշակի քայլեր՝ հայոց լեզվի, ազգային մշակույթի պահպանման ուղղությամբ:
– Ազգային ինքնագիտակցությունը հայի գենի մեջ է: Հետաքրքիր է, որ պարբերաբար զանգեր ենք ստանում տարբեր իտալացիներից, ովքեր վկայում են, թե իրենց նախնիները հայեր են, եւ այդ պատճառով ուզում են մոտ լինել հայությանը: Համացանցի միջոցով բազմաթիվ այդ տեսակ հայերի հետ անձնապես կապ եմ պահպանում՝ հաճախ հայրենասիրական ու ազգային թեմաներով նյութեր տրամադրելով:
Մեր համայնքներում հայերենի դասեր մշտապես են կազմակերպվել: Անցյալ ողջ տարվա ընթացքում դրանց մասնակցեցին երկու տասնյակից ավելի երեխաներ: Դասերն անցկացվում էին եկեղեցում եւ «Հայ տանը»: Մայրենի լեզվի դասեր կազմակերպվում են նաեւ Հռոմում, Բարիում եւ այլ քաղաքներում:
Այս տարի շարունակվում են լեզվի դասերը «Հայ տանը», իսկ ես եւ իմ օգնականներն աշխատում ենք մեր նոր կայքէջի վրա, որտեղ լեզվական-կրթական ծրագրերի համար հատուկ բաժին ենք նախատեսել՝ առավել հեշտ ու մատչելի կերպով մեր մայրենին մատուցելու համար:
Մեր համայնքում մեծ հանդիսավորությամբ են նշվում գրեթե բոլոր ազգային, եկեղեցական եւ կարեւոր հայկական պետական տոները: Միլանում գործում է ՀՀ պատվո հյուպատոսությունը, Իտալիայի Հայոց միությունը եւ այլն:
-Ի՞նչ կասեք այլ եկեղեցիների հետ հարաբերությունների մասին:
– Մեր հարաբերությունները բավականին ջերմ են բոլոր քրիստոնեական եկեղեցիների հետ: Միլանում գործում է էկումենիկ խորհուրդ, որի մեջ ընդգրկված են 18 եկեղեցիների ներկայացուցիչներ, որտեղ իր ուրույն տեղն է միշտ ունեցել Իտալիայի Հայ առաքելական սուրբ եկեղեցին:
Անցյալ տարվանից ինձ հետ միասին մեր եկեղեցու էկումենիկ ոլորտում կամավորաբար աշխատում են նաեւ նվիրյալ աշխարհականներ: Էկումենիկ ծրագրերը բազմազան են, դրանց թվում՝ ընդհանրական աղոթքներ եւ միասնական կոչեր՝ սատարելու անարդարության եւ խտրականության զոհ դարձած անձանց:
– Ի՞նչ գործունեություն է իրականացնում Իտալիայի հայոց հոգեւոր հովվության Երիտասարդաց միությունը:
-Մեր եկեղեցու երիտասարդաց միությունը կազմավորվել է տասնամյակներ առաջ եւ գոյություն է ունեցել եկեղեցու գործունեությանը զուգընթաց:
Նախորդ հունվարին տեղի ունեցած Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպեցինք հայ երիտասարդների առաջին համաիտալական կոնֆերանսը, որին մասնակցեցին բազմաթիվ երիտասարդ հայորդիներ՝ Իտալիայի 16 քաղաքներից:
Այստեղ երիտասարդները եկեղեցու կյանքի առանցքն են. նրանք են սպասավորում եւ օգնում հոգեւորականներիս, ծառայում խորանին, երգում երգչախմբում, ժրաջանորեն կազմակերպում բազմատեսակ միջոցառումներ եւ այլն: Մեր էլեկտրոնային երկլեզու ամսաթերթի՝ «Փյունիկ»-ի բոլոր կամավոր աշխատակիցները մեր եկեղեցու երիտասարդներն են: Մեր նոր կայքի նախապատրաստական բոլոր աշխատանքներն իրականացվում են կրկին երիտասարդների ջանքերով:
– Որո՞նք են համայնքի անլուծելի կամ դժվար հաղթահարելի խնդիրների շարքում:
– Համայնքի առջեւ ծառացած խնդիրները հիմնականում գրեթե չեն տարբերվում սփյուռքի մեջ եղած էական հարցերից. հին համայնականների զավակների «հայացումը»՝ դեպի հայություն վերադարձնելը, մայրենի լեզվի պահպանումը, ողջ աշխարհը ցնցող համաշխարհայնացումը եւ դրա առանձնակի հետեւանքերի դիմակայումը սփյուռքում եւ այլն:
– Որքանո՞վ է կարեւորվում Իտալիայի հայոց հովվության դերը՝ համայնքի ներքին կյանքի կազմակերպման, հայապահպանության գործում. ի՞նչ գործունեություն է այժմ իրականացնում Հայ եկեղեցին:
– Եկեղեցին է, որ շաբաթական գոնե մեկ անգամ իր հյուրընկալ ու օրհնաբեր պատերի մեջ ժողովում է հայորդիներին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Եկեղեցին սփյուռքի Նոյյան տապանն է:
Թող Տերն օրհնի աշխարհասփյուռ մեր ժողովրդին եւ ուժ ու կարողություն տա ազգային բոլոր հաստատությունների կազմակերպիչ մարմիններին՝ հայ ինքնությունը հայորդիների սրտում արթուն պահելու համար:

Հարցազրույցը՝ Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930