Լրահոս
Օրվա լրահոսը

Բովանդակալից ու սպասված նոր ձեռնարկ

Նոյեմբեր 19,2013 14:39

Մեր ժամանակներում մասնագիտական գրականության յուրաքանչյուր նոր հրատարակություն արժանի է ուշադրության եւ գնահատանքի, քանի որ գիտակցում ենք, թե որքան ջանք ու նվիրվածություն է պահանջել հեղինակներից դրա իրականացումը: Օրերս լույս տեսավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակաշատ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի եւ խմբավարության ամբիոնի փորձառու դոցենտ Վարվառա Հովհաննիսյանի համատեղ ուսումնամեթոդական ձեռնարկը՝ «Խմբերգային պարտիտուրի ընթերցում»:
Նոր հրատարակությունն արժեքավոր է նրանով, որ բարձրորակ տպագրությամբ լույս է տեսել հայ խմբերգային ստեղծագործությունների բծախնդիր ընտրությամբ իրականացված մի ժողովածու: Այս փաստն ինքնին կարեւոր է, քանի որ ժողովածուում ընդգրկվել են հայ խմբերգային արվեստի դասականների՝ Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ք. Կարա-Մուրզայի, 20-րդ դարի երկրորդ կեսի մեծանուն հեղինակների՝ Գ. Չթչյանի, Է.Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Վ. Աճեմյանի եւ արդի երիտասարդ կոմպոզիտորական սերունդը ներկայացնող հեղինակների՝ Ա. Կարապետյանի, Վ. Շարաֆյանի խմբերգային ստեղծագործությունները: Ի դեպ, ներկայացված գործերից շատերը, մասնավորապես Վ. Մանուկյանի «Կեսգիշերային մեղեդի», Տ. Մանսուրյանի «Ռավեննայում», Ե. Երկանյանի «Աշնան ծաղիկներ», Ռ. Սարգսյանի «Աղոթք», Վ. Աճեմյանի «Հայաստան» խմբերգերը, հրատարակվում են առաջին անգամ, թեեւ ծանոթ են ունկնդրին, քանիցս հնչել են առաջատար երգչախմբերի կատարմամբ:
Սակայն ներկա հրատարակությունն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ զուտ խմբերգային ժողովածու լինելուց բացի, այն կատարելապես համապատասխանում է «Խմբերգային պարտիտուրի ընթերցում» մասնագիտական դասընթացին օժանդակող ուսումնամեթոդական ձեռնարկի պահանջներին: Պարտիտուրի ընթերցումը այն կարեւոր դասընթացներից է, որը խմբավար ուսանողներին տալիս է հիմնորոշ գիտելիքներ՝ սկսած բազմաձայնության գրառման ձեւերի մասին պատմական տեղեկություններից, խմբերգային արվեստի զարգացման ընթացքին վերաբերող պատկերացումներից մինչեւ դասական խմբերգային պարտիտուրի ձեւավորումն ու հետագա զարգացումը մինչեւ մեր օրերը:
Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարբեր բանալիներում գրառման ձեւերին եւ դրանց ընթերցման գործնական հմտություններին: Այդ նպատակին են ծառայում համապատասխան գեղարվեստական նմուշները Ա. Տեր-Ղեւոնդյանի, Գ. Արմենյանի եւ Մ. Մազմանյանի երկերից: Անչափ կարեւոր են հակիրճ եւ հստակ շարադրված մեթոդական ցուցումները՝ պարտիտուրի դաշնամուրով վերարտադրման վերաբերյալ: Ձեռնարկի հեղինակները, իրենց ասպարեզում կուտակված տարիների փորձի եւ հմտությունների շնորհիվ, անգնահատելի պարգեւ են մատուցել: Հրաշալի հայերենով, պարզ, հստակ ձեւակերպումներով նման ձեռնարկի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել:
Պատմական, տեսական եւ մեթոդական ցուցումներից բացի, ժողովածուում առանձին ենթաբաժնով զետեղվել է խմբերգային պարտիտուրներում առավել հաճախ հանդիպող երաժշտական տերմինների համառոտ բառարան, որտեղ լատինատառ տերմինները ներկայացվում են հայատառ արտասանությամբ եւ հայերեն թարգմանությամբ:
Ձեռնարկը հրատարակության է երաշխավորվել Երեւանի կոնսերվատորիայի Գիտական խորհրդի կողմից: Հրատարակությունն իրականացվել է «Ամրոց Գրուպ» հրատարակչության կողմից, 250 օրինակ նվազագույն տպաքանակով:
Կարեւորելով ժողովածուի հեռանկարային մասնագիտական ուղղվածությունը՝ գրքի առաջաբանում հայ երգչախմբային արվեստի անգերազանցելի վարպետը՝ Հովհաննես Չեքիջյանը նշում է. «Ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է օգտակար լինել ինչպես խմբավար ուսանողներին, այնպես էլ գործող խմբավարներին»: Ավելացնենք, նաեւ իրենց առաջին փորձերը խմբերգային արվեստում իրականացնող ստեղծագործողներին եւ երաժշտագետներին:
Մնում է շնորհավորել գրքի հեղինակներին՝ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին եւ դոցենտ Վարվառա Հովհաննիսյանին, իրենց բազմամյա փորձի արդյունքը վավերացնող արժեքավոր այս հրատարակության առթիվ:

ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930