Այսօր «Էկոլուր» ակումբում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության նոյեմբերյան գագաթաժողովի մասին:
«Սեպտեմբերի երեքից հետո տեղի ունեցածից հետո քննարկումներ են ընթանում, որոնք մինչ այսօր շարունակվում են: Քաղաքացիական հասարակությունում տարբեր լուծումներ են տեսնում, թե ինչ է պետք անել այս իրավիճակում: Պայքարել մի արդյունքի համար, որը անորոշ է` անիմաստ է: Ես այն կարծիքի եմ, որ Հայաստանը չի միանա Մաքսային միությանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը, շարունակելով, որ
մտահոգություն կա այն առումով, թե ինչ պետք է անի ազգային պլատֆորմը: «Ընդհանրապես դա երկխոսությունն է` իշխանության հետ, բարեփոխումների շուրջ:
Մեր մի քանի գործընկերներ նույնիսկ որոշել են սառեցնել իրենց գործունեությունը պլատֆորմում, բայց մեծամասնությունը գտնում է, որ շտապելու կարիք չկա եւ պետք է սպասել մինչե Վիլնյուս: Բայց ամեն դեպքում, մինչ դա էլ պետք է գործողություններ անել, եւ մենք որոշել ենք փաստաթուղթ ընդունել, որին ծանոթ են պլատֆորմի անդամ կազմակերպությունները: Փաստաթղթում մոտեցումներն են: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել իշխանությունների հետ, բայց մեր օրակարգով, այսինքն` բնականաբար մենք չենք կարող խոսել իշխանությունների հետ այն մասին, թե ինչպես ենք շարժվում դեպի Մաքսային միություն»,- տեղեկացրեց Բորիս Նավասարդյանը:
Նա նաեւ հավելեց, որ պատրաստ ենք երկխոսության նաեւ ցանկացած հասարակական-քաղաքացիական ուժերի հետ, որոնք թեկուզ ընդդիմություն լինելով պատրաստ են պաշտպանել այն փոքր հաջողությունները, որ գրանցել ենք վերջին տարիներին. «Այսօր մենք պատրաստ ենք հարթակ հանդիսանալ բոլոր նրանց համար, ում համար թանկ է այն, ինչին մենք ուզում էինք հասնել մինչեւ սեպտեմբերի երեքը»:
Բորիս Նավասարդյանի խոսքով` Մաքսային միությունը չկայացած կառույց է, որի մեջ կան հակասություններ, չկայացած հարցեր եւ Մաքսային միության ոչ մի երկիր գոհ չէ, նրանից, ինչ որ կա այդ միության մեջ:
Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Հայաստանը համաշխարհային առեւտրի անդամ է եւ բանակցել է այդ կառույցի հետ, նախատեսել այնպիսի առեւտրային պայմաններ, որոնք հակասում են այսօր Մաքսային միության պայմաններին: Եվ այս տարիֆները բերել միասնության` հնարավոր չէ: Այսինքն`«Եթե Հայաստանը փորձի նորից բանակցել, այդ կազմակերպությունը պարզապես կարող է հրաժարվել եւ Հայաստանը կարող է դուրս մնալ: Բացի այդ`ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը ուրախ չեն, որ Հայաստանը դառնալու է Մաքսային միության անդամ:
Չեմ պատկերացնում, թե ինչպիսի լուծումներ ենք գտնելու բոլոր այն խնդիրներին, որպեսզի կարողանանք միանալ Մաքսային միությանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը, հավելելով, որ այսօր քողարկված պրոցեսներ են տեղի ունենում, մեզ ոչ մեկը չի հայտնում, թե ինչ երկխոսություններ են գնում մեր դիվանագետների եւ եվրոպական գործընկերների միջեւ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ