Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժհաստատություններում ֆինանսական հոսքերն արդյունավետ կառավարելու եւ որակ ապահովելու համար առողջապահության նախարարությունը պետպատվերի մասին պայմանագրեր է կնքում Հայաստանի շուրջ 470 բժշկական հաստատությունների հետ: Սույն պայմանագրերում ամրագրված են դրույթներ, որոնք կոչված են որոշակի վերահսկողություն սահմանելու բուժհիմնարկներում պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների տնօրինման արդյունավետության նկատմամբ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Նրա խոսքերով՝ այդ հարցերը կարգավորվում են ինչպես ՀՀ կառավարության որոշումներով, որտեղ սահմանված են, մասնավորապես, թե առաջնահերթ ինչ ծախսեր պետք է ունենան պետպատվերով հատկացվող միջոցները, այնպես էլ առողջապահության նախարարի կողմից հաստատված առանձին հրամաններով, կարգերով ու չափորոշիչներով. «Դա առաջին հերթին աշխատավարձն է, հարկային պարտավորությունը, դեղորայքով ապահովումը, կոմունալ ծախսերը, գործունեություն իրականացնող անձնակազմի վարձատրության մեխանիզմները, մասնավորապես, թե ըստ կատարված աշխատանքի ծավալի՝ բուժանձնակազմի յուրաքանչյուր կատեգորիա՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ եւ այլն, ինչպիսի վարձատրություն պետք է ստանա այն գումարներից, որը հատկացվում է պետության կողմից: Այս բոլոր նորմերի պահպանումը նախարարությունը որպես կողմ՝ վերահսկում է պայմանագրային պետպատվերի պայմանագրի շրջանակներում, եւ բուժհիմնարկը, ստորագրելով պայմանագիրը, ըստ էության ստանձնում է պարտավորություններ ոչ միայն անհրաժեշտ ծավալով եւ որակով մատուցել այդ ծառայությունները, այլ նաեւ մեզ ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն իր ֆինանսական հոսքերի մասին: Այդ թվում՝ ամսական կտրվածքով մենք այդ բոլոր բուժհիմնարկներից հավաքագրում ենք տեղեկատվություն՝ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների, վճարված հարկերի մասին, ըստ տարբեր հարկատեսակների վճարված ծառայություններն էլ տարաբաժանված՝ համավճար, ապահովագրական հատուցումներ, այլ վճարովի ծառայություններ եւ այլն, որն, ըստ էության, մեզ թույլ է տալիս մշտադիտարկում իրականացնել բժշկական հիմնարկների ֆինանսական վիճակին եւ նաեւ հետեւել տենդենցներին»:
Գործակալության պետի ներկայացմամբ՝ բացի այդ, նախարարությունը հավաքում է տեղեկատվություն բուժհիմնարկների կրեդիտորական պարտքերի մասին, եւ եթե տեսնում է, որ այս կամ այն բուժհիմնարկում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում պարտքերի ավելացման հետ կապված, որը կարող է վտանգել այդ հիմնարկի բնականոն աշխատանքը եւ հարցականի տակ դնել նաեւ պետպատվերով ծառայությունների մատուցման անխափան ընթացքը, ապա, ինչպես Սարո Ծատուրյանն է վստահեցնում, համապատասխան միջոցներ են ձեռնարկում. «Իսկ եթե դա, ասենք, մարզպետարանի ենթակայության կամ տեղական համայնքի ենթակայության բուժհիմնարկ է, մենք հրավիրում ենք այդ համապատասխան իրավասու մարմնի ուշադրությունը իր ենթակայության բուժհիմնարկի ֆինանսական իրավիճակի վրա եւ առաջարկում համատեղ միջոցառումներ մշակել, որպեսզի կարգավորենք խնդիրը»:
ֆինանսական իրավիճակի մշտադիտարկումը, աշխատավարձի վճարման ու նաեւ վճարովի ծառայությունների գների որոշակի կանոնակարգումները, որն իրականացվում է պայմանագրի շրջանակներում, նախարարության պատասխանատուներին արդեն թույլ է տալիս խոսել որոշակի արձանագրված արդյունքների մասին: Այսպես. պարոն Ծատուրյանի տվյալներով՝ 2011 թվականի համեմատությամբ՝ 2012 թ.-ին համակարգում վճարովի ծառայություններից ստացված եկամուտների զգալի աճ է արձանագրվել, եւ այդ տենդենցը շարունակվում է նաեւ 2013 թվականին. «2011-ին այդ գումարները կազմում էին շուրջ 19 միլիարդ դրամ, 2012-ի արդյունքներով՝ 25 միլիարդ, իսկ այս տարվա մինչեւ տարեվերջ ակնկալում ենք ավելի քան 30 միլիարդ դրամի ցուցանիշ: Այսինքն՝ վերջին տարիներին տարեկան ապահովում ենք 25-30 տոկոս աճ, եւ սա խոսում է համակարգում ստվերի դեմ պայքարի արդյունքների մասին, որովհետեւ այդ գումարները հիմնականում ստվերային շրջանառության մեջ էին, եւ բոլոր վերոնշյալ միջոցառումներում մեզ հաջողվել է ստվերն այդ չափով կրճատել եւ այդ գումարները բերել օրինական հարկման դաշտ, որոնց մեծ մասը հիմնականում դարձել է բուժանձնակազմի կամ այլ անձնակազմի աշխատավարձ, այդ գումարներից նաեւ հարկեր են վճարվել եւ այլն»:
Պարոն Ծատուրյանը գտնում է, որ, ըստ էության, այս հարցերն առաջին հերթին պետք է գտնվեն յուրաքանչյուր բժշկական ծառայության տնօրինության ուշադրության կենտրոնում, քանի որ պատասխանատվությունն առաջին հերթին հենց նրանք են կրում. «Որպեսզի իրենց բուժհիմնարկներում նախ չլինեն ստվերային երեւույթներ, պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսվեն եւ նպատակային տնօրինվեն: Առաջին հերթին ուղղվեն պետպատվերի սահմաններում բուժվող հիվանդներին անհրաժեշտ բուժօգնության ապահովման ծախսերին, ինչպես նաեւ որպեսզի բուժհիմնարկը կարողանա ճիշտ կառավարելով այդ ֆինանսները՝ նաեւ զարգացման ծրագրեր իրականացնել»:
Գործակալության ղեկավարի խոսքերով՝ այս գործընթացում առողջապահության նախարարության դերը նաեւ կայանում է նրանում, որ աջակցություն, վերահսկողություն իրականացնելով՝ նաեւ վստահ լինեն, որ այն երաշխիքները, որոնք որ ՀՀ կառավարության օրենքներով, որոշումներով պետությունը տրամադրել է իր քաղաքացիներին, հնարավորինս աշխատեն, այլ ոչ թե լինեն դեկլարատիվ բնույթի հայտարարություններ. «Ներկայումս նախարարությունում ընթանում են որոշակի նախապատրաստական աշխատանքներ՝ լրացուցիչ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, մասնավորապես՝ բարձրացնելու համար պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող քաղաքացու իրազեկվածության աստիճանը իր իրավունքների մասին: Այդ նպատակով հաջորդ տարվանից պարտադիր կարգով նախատեսվում է պետպատվերով բուժվող յուրաքանչյուր հիվանդի բուժհիմնարկի կողմից տրամադրել գրավոր իրազեկվածության թերթիկ, որը պարունակում է այն բոլոր կետերը, որոնց մասին մարդը պետք է տեղեկացված լինի: Բացի դրանից, նախարարությունն այլ մեխանիզմներ էլ է մշակում, որոնք ուղղված են լինելու պետպատվերի արդյունավետության բարձրացմանը»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ