Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին
«Արդյոք իմ պաշտպանյա՞լն է այն միակ մեղավոր անձը, ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը եւ պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին: Գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շենքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած՝ գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն, ինչպես հայտնի է, ավարտված է: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը վերջին նիստում հրապարակեց իրենց պաշտպանական ճառը:
«Մարդկային եւ իրավական առումով ամբողջությամբ հասկանում եմ տուժողին, ով միակ եւ վերջին անձը չէ մեր երկրում նման իրավիճակում հայտնված, ով կորցրել է գումար կամ բնակարան: Բայց արդյոք սույն գործով հիմնավորվե՞ց իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը եւ եթե այո, արդյոք իմ պաշտպանյա՞լն է այն միակ մեղավոր անձը, ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, բնականաբար՝ ոչ»,- նշեց փաստաբանը եւ անդրադարձավ մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակյանի ճառին, որը բառացիորեն մեղադրական եզրակացության կրկնությունն էր: Ըստ պաշտպան Կարինե Հակոբյանի, դատախազի մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ հանգամանքներ հերքվել են այս դատաքննության ընթացքում եւ սրան զուգահեռ՝ միանգամայն այլ հանգամանքներ են բացահայտվել, մասնավորապես այն, թե՝ այնուամենայնիվ ում էր ձեռնտու, եւ ով էր ունեցել ինքնանպատակ Լ.Գյուլխասյանի բնակարանը չտալու: «Մի շարք ապացույցներով հիմնավորվեց, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում Ռ. Մանգասարյանի կողմից այլ անձի չի օտարվել, այլ տրվել է Վլադ Մանգասարյանի պարտավորությունների կատարման երաշխիք, վերադարձման պայմանով, Արմեն Գալստյանը եւ Գայանե Ստեփանյանը ակնհայտ սուտ ցուցմունք տվեցին բնակարանը գնելու վերաբերյալ, մինչդեռ որեւէ լումա եւ հատկապես գործարքի օրը Գայանե Ստեփանյանը Արթուր Գալստյանին չէր տվել: Իսկ Արթուր Գալստյանը Ռուբեն Մանգասարյանից բնակարան չէր գնել եւ նրան գումար չէր վճարել»,- նշեց պաշտպանը՝ գալով այն եզրահանգման, որ այս ամենի դեպքում Եսայանին պատժելը ինքնանպատակ է եւ ոչ թե՝ իրական արդարության բացահայտում: «Արդյոք Է. Եսայանին մեղավոր ճանաչելը կհանգեցնի սոցիալական արդարության վերականգնմանը, իհարկե՝ ոչ, քանի որ ստեղծված իրավիճակի իրական մեղավորները կվայելեն իրենց անպատժելիությունը, իսկ Լ.Գյուլխասյանն էլ կմնա նույն կոտրված տաշտակի առաջ, ընդհանրապես զրկվելով թե՛ իր գումարը, թե՛ բնակարանը ստանալու հույսից, քանի որ մեղավոր ճանաչվելով՝ կլուծվի քաղհայցի հարցը, եւ այլեւս Լ. Գյուլխասյանը կզրկվի պահանջ ներկայացնելու իրավունքից, այն դեպքում, երբ ձեռքին ունի նախնական առուվաճառքի պայմանագիր, որտեղ գումարը համարվում է նախավճար, նաեւ սույն գործով արժեքավոր մի փաստ՝ Վլ. Մանգասարյանի ցուցմունքը»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձավ այն հանգամանքին, որ այս գործով նախաքննությունը կատարվել էր թերի, ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի, քրեական գործը հարուցվել է խարդախության հատկանիշներով, ապա կարճվել, հետագայում մեղադրանք է առաջադրվել Եսայանին: Ըստ նրա՝ նախաքննությունը ընթացել է ուղղորդված, չեն պարզվել եւ բացահայտվել գործի համար այնպիսի հանգամանքներ, որոնք բացահայտվեցին դատական քննության ընթացքում, արհեստական ապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով, մեղմ ասած, տուժողին կլռեցնեին: Իսկ արդյունքում՝ ձեւական ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրելով, նույնիսկ ջանք չի գործադրվում բացահայտելու ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին: Ըստ պաշտպանի. «Բազմիցս սույն գործով հնչեց Սեւակ Արզարանունու անունը, ով եւս մեծ դերակատարություն ունի Վլ. Մանգասարյանի հետ միասին, սակայն այդպես էլ այդ անձը չհարցաքննվեց: Դատարանի կողմից պետք է գնահատման արժանանան նաեւ Գայանե Ստեփանյանի եւ Արմեն Գալստյանի ակնհայտ սուտ ցուցմունքները, քանի որ այդ անձինք, զգուշացվելով քրեական պատասխանատվության մասին, միեւնույն է՝ սուտ ցուցմունք տվեցին: Այն, որ ցուցմունքները սուտ էին, հաստատվում է հենց Վլ. Մանգասարյանի ցուցմունքով, ով հայտնեց, որ Լ. Գյուլխասյանի բնակարանը պարտքի դիմաց է տվել եւ հարցեր կան, դրանց լուծվելուց հետո կտա բնակարանը, Ն.Հարթունյանի եւ Արթուր Գալստյանի ցուցմունքերով եւս: Նարեգ Հարթունյանը մանրամասն պատմեց իրավիճակը՝ կապված վիճելի բնակարանի հետ»: Դատական նիստը հետաձգվեց տուժող Լուսինե Գյուլխասյանի պահանջով: Տուժող կողմը դատարանից 10 օր ժամանակ խնդրեց՝ իրենց ներկայացրած քաղհայցի մասով վերջնական դիրքորոշման գալու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 29-ին:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
«Առավոտ» օրաթերթ