Լրահոս
Օրվա լրահոսը

Դուռը

Նոյեմբեր 19,2013 13:50

Երբ հիմա աշնանային կատուներն ամեն օր ճանկռոտում են նոր դուռս, այլեւս չեմ շտապում բացել: Դրսից զգացել են Սիլաչիից թաքուն գնած արգելված սիգի թարխունախառն բույրը: Իսկ արգելված սիգի ոսկորները, ինչպես հայտնի է, մեր դռան դեմ հավաքվող երեւանյան բոլոր կատուների համար առանձնապես քաղցր են: Բայց չեմ բացում, թող սպասեն…

* * *

Տարօրինակ ժողովուրդ ենք՝ 4 տարի շարունակ եվրոպական դռան առջեւ հերթ կանգնեցինք, մեկս չասաց՝ ախր կողքի դուռն ազատ է, հերթ չկա, մտնենք ազգովի: Անպայման պիտի այդ առանձնասենյակի տերը դուրս գար՝ ներս հրավիրեր:

Իհարկե, բնազդաբար, սեփական փորձից գիտենք՝ միշտ ամենակարեւորն այն դուռն է, որտեղ հերթ կա: Անհերթ դուռը շատ անորոշ դուռ է, անհասկանալի, միշտ կասկածները մնում են՝ եթե սա է ամենալավ դուռը, բա ինչո՞ւ հերթ չկա: Դրա համար էլ երկու բան արեցինք՝ նախ, մեր հերթը եվրոպական դռան առջեւ, այնուամենայնիվ, պահեցինք, թեեւ բոլորն ասում են՝ եթե անհերթ դուռը մտել եք, այստեղ այլեւս հերթ չունեք: Ու նաեւ սկսեցինք ինքներս մեզ համոզել, որ ճիշտ տեղ ենք մտել՝ մաքուր, լուսավոր ու տաք: Առանձնասենյակում հավաքվածներն էլ հուսադրում են՝ եթե նույնիսկ այդպես չէ, ոչինչ, կդառնա մաքուր, լուսավոր ու տաք: Դեռ նոր եք մտել՝ համբերեք ու մի՛ լսեք նրանց, ովքեր ասում են, թե սխալ դուռ եք ընտրել:

Դե մենք այդպիսի խոսք ունենք՝ «Մի դուռ անպայման կբացվի»: Երեւի հիմա դրան պիտի ավելացնենք՝ «Հենց որ բացվեց, անմիջապես մտիր՝ քանի հերթ չկա»:

* * *

Ինձ թվում է՝ մեզ հետ մի անգամ պատահել է այն, ինչ Հերբերտ Ուելսն է նկարագրել «Պատի դուռը» շատ գեղեցիկ պատմվածքում: Կարդացե՞լ եք: Հերոսը անընդհատ անցնում է մի սպիտակ պատի մոտով, որտեղ գայթակղիչ կանաչ դուռ կա: Չի համարձակվում երբեք բացել այդ դուռը, նորից ու նորից գալիս, գնում է: Մի օր էլ չի դիմանում՝ բացում ու մտնում է ներս: Ու հայտնվում է կատարյալ երջանկության պարտեզում, որտեղ բոլորը բարյացակամ են, սիրած էակի պես հարազատ ու հոգատար, նույնիսկ՝ կենդանիները: Մի խոսքով, երջանկություն առանց սահմանների: Բայց դուրս է գալիս, որպեսզի տնեցիներին էլ պատմի, որ նման եդեմական տեղ կա կանաչ դռան հետեւում:

Ու հետո կրկին վերադառնում է սպիտակ պատի մոտ՝ երջանկության ակնկալիքով: Բայց կանաչ դուռն այլեւս չկա:

Ու գիտե՞ք՝ մի միտք է ինձ անընդհատ հետապնդում՝ որ շատ վաղուց, միգուցե նույնիսկ այն ժամանակ, երբ Հայկը հաղթեց Բելին, մենք ազգովի մի անգամ բոլորս միասին տեսել ենք այդ կանաչ դուռը ու ներս մտել: Բայց, չգիտես ինչու՝ հետո դուրս ենք եկել, չգիտեմ, երեւի մյուս ազգերին էլ երջանկության պարտեզ հրավիրելու ազնիվ մտադրությամբ… Ու երբ նորից եկել ենք սպիտակ պատի մոտ, տեսել ենք, որ կանաչ դուռը չկա: Եվ այն անհիշելի ժամանակներից անընդհատ ու անվերջ այդ կանաչ դուռն ենք փնտրում: Մեզ մոտ չենք գտնում, ցրվում ենք աշխարհով մեկ ու այնտեղ ենք փնտրում: Հենց որ մի դուռ ենք տեսնում, միանգամից բացում ենք, բայց պարզվում է, որ դա այն կախարդական դուռը չէ: Եվ շարունակում ենք փորձել միջանցքի բոլոր այն դռները, որտեղ հերթ չկա: Որովհետեւ չենք սիրում համբերատար հերթ կանգնել: Ու մոռանում ենք, որ ամենակարեւոր դուռը միշտ այն է, որի մոտ հերթ է կանգնած:

* * *

Ու մեկ էլ սիրում ենք աղմուկով շրխկացնել մեր սեփական տան դուռը: Ներսից, ոչ թե դրսից: Մենք խելոք ենք՝ մնում ենք ներսում, որ տեսնենք, թե ինչ արձագանք կունենա շրխկոցը: Որովհետեւ, երբ հերթական անգամ հայտարարում ենք, թե այս երկիրը ապրելու տեղ չի, ու մնում է՝ թողնել, գնալ, դա հենց դուռ շրխկացնել է, բայց ներսից: Շատ էլ լավ գիտենք, որ նրանք, ում հասցեագրված է մեր շրխկացնելը, մեր գնալուց հետո միայն ձեռքով բարի ճանապարհ կմաղթեն մեզ՝ լրացուցիչ տրանսֆերտների ակնկալիքով:

* * *

Հիմա, երբ ամեն օր աշխատանքի եմ գնում Սայաթ-Նովայի պողոտայով, ձախ մայթին մի դալան կա, որի պատին անպաճույճ, բայց շատ գայթակղիչ մի դուռ է երեւում: Գիտեմ, որ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողներն են նկարել: Եվ, այնուամենայնիվ, սիրտս սկսում է բաբախել՝ իսկ միգուցե սա հենց այն դո՞ւռն է, որը դարերով փնտրում ենք բոլորս:

Բայց չեմ մոտենում: Ու ոչ թե այն պատճառով, որ տարիներ առաջ Երեւանի բժշկական կենտրոններից մեկի մասնագետներն ինձ մոտ ախտորոշել են էնտամաֆոբիա՝ դռների վախ: Պարզապես էսպես ավելի լավ է՝ ամեն օր հույս ունենալ, որ կա, այնուամենայնիվ, այն դուռը, որի հետեւում երջանկությունն է:

* * *

Այս պահին աշնանային կատուները կրկին հավաքվել են տանս դիմաց ու էլի ճանկռում են դուռը: Բացե՞մ…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հրաշալի է, Արմեն:Հաճույքով եմ կարդում:Օրիգինալ է ոճդ:

  2. Կարեն says:

    Հիանալի, ու շատ դիպուկ բնութագրումներ ու համեմատություններ են։ Արժե կարդալ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930