Լրահոս
Օրվա լրահոսը

Էյֆմանի օրինակով, գուցե մենք էլ մտածենք Պարի ակադեմիա հիմնելու մասին

Նոյեմբեր 19,2013 13:47

6-1-2Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Մեղքից այն կողմ» բալետային ներկայացումը՝ աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի (լուսանկարում) ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Բալետի պետական ակադեմիական թատրոնի  արտիստների մատուցմամբ:

Դեռեւս 1977թ. Էյֆմանը ստեղծում է սեփական թատերախումբը՝ «Լենինգրադի  նոր բալետը», որն ըստ էության այն տարիներին բավականին համարձակ  քայլ էր պարզ պատճառով՝ ստեղծվում էր որպես հեղինակային, ռեժիսորական թատրոն՝ մեկ պարուսույցի փորձարարական լաբորատորիա:  Ընթացիկ տարվա սեպտեմբերին իր առաջին ուսումնական տարին սկսեց Էյֆմանի Պարի ակադեմիան, իսկ մոտ ապագայում էլ Սանկտ Պետերբուրգում կբացվի նրա Պարի պալատը, որը կոչված է դառնալու պարարվեստի համաշխարհային կենտրոններից մեկը: Ընդ որում, 2011թ. Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ է սկսվել Պարի ակադեմիայի շինարարությունը: Գուցե մեր պատկան մարմիններն էլ կամ կառավարությունը  մտածեն մեզանում ի վերջո հիմնադրելու պարի ակադեմիա, ինչի բոլոր նախադրյալներն ունենք: Փաստենք, որ Երեւանի պարարվեստի պետական քոլեջում են դասավանդում հայկական բալետի երախտավորներ Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աննա Մարիկյանը, Էլվիրա Մնացականյանը եւ մյուսները,  օպերային թատրոնի գլխավոր  բալետմայստերն է Ռուդոլֆ Խառատյանը: Այսինքն՝ հարուստ ենք մանկավարժներով եւ չմոռանանք նշել այն մի քանի տասնյակ բալետի արտիստներին, որոնք այսօր իսկապես զարդարում են  արեւմտյան թատրոնների բեմերը: Ի դեպ, «դրսում» ստեղծագործող բալետի հայ արտիստներին անդրադարձավ Էյֆմանը «Առավոտի» հետ զրույցում՝ որակելով մեր տղաներին բարձրակարգ արտիստներ:

Մեր դիտարկմանը՝ աշխարհում կարծես թագավորում են մոդեռն եւ ժամանակակից բալետային ներկայացումները, մոռանալով դարերից եկած դասականը, Բորիս Էյֆմանն ասաց. «Մեր թատրոնում, սկսած 1970-ականներից, ավելի ու ավելի են հայտնվում բալետներ, որոնց դրամատուրգիական հիմքը համաշխարհային դասական գրականության ստեղծագործություններն են: Այլ հարց է՝ ինչպես են դրանք ներկայացվում հանդիսականին: Պարուսույցը մշտապես պետք է աշխատի իր վրա, իրացնի նոր ժանրեր, արդյունքում ստեղծի պարային պատկերի սրությամբ աչքի ընկնող ներկայացումներ, որոնք կհաղորդեն հերոսների կրքերի թեկուզեւ ծայրահեղ պոռթկումներ»:

Անդրադառնալով «Մեղքից այն կողմ» բեմադրությանը, նշենք, որ այն ստեղծվել է Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» երկի հիման վրա, ըստ Վագների, Մուսորգսկու եւ Ռախմանինովի երաժշտության: Ըստ Էյֆմանի, այս բալետը տեխնիկական ու գեղարվեստական առումներով ժամանակակից բեմականացում է: Ընդլայնելով մարմնի «լեզվական» հնարավորությունները՝ որպես մարդու ներաշխարհի ճանաչման միջոց, փորձել ենք ներկայացնել հանրահայտ վեպի գլխավոր գաղափարների սեփական ընթերցումը:  «Սկզբունքորեն հրաժարվելով վեպի մի շարք սյուժետային գծերը բեմ տեղափոխելուց, կենտրոնացել եմ գլխավոր հերոսների միջեւ հակասությունների բերումով ծվատվող հոգիների մեջ ընկղմվելու վրա: Այստեղ, համոզված եմ՝ նկատեցիք նաեւ դուք, ինձ օգնության են եկել  բազմապիսի էֆեկտներ: Ասեմ նաեւ, որ յուրաքանչյուր աշխատանքում խոր ուսումնասիրում եմ հոգու գոյության ամենաբարդ կողմերը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Տաղանդաշատ խորեոգրաֆը հաստատեց այն, որ 1970-ականների սկզբին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող, այժմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը, ունենալով «մասնագիտական» կապեր Լեհաստանում, օգնել է իրեն Լոձի օպերային թատրոնում բեմադրել Խաչատրյանի «Գայանեն», որն ինքն արդեն բեմ էր բարձրացրել Սանկտ Պետերբուրգում: Հիշեց նույնիսկ, որ երիտասարդ հայուհու շնորհիվ էր, որ իրեն սիրով ու ընդառաջելու  մեծ ցանկությամբ է ընդունել Լոձ քաղաքի թատրոնի դիրիժոր Բագուսլավ Մադեյը: Մեր զրուցակիցը  հատուկ նշեց, որ իր խոսքերով՝ «մինչ օրս էլ հիանում եմ ձեր պարուհիների հատկապես ձեռքերի պլաստիկայով, ինչի ականատեսն առաջին անգամ եղա Հայաստանում, շուրջ 40 տարի առաջ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930