Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են շտապում Հայաստանի իշխանությունները

Նոյեմբեր 19,2013 14:29

Եվրասիական ինտեգրումը՝ «ժողովրդական նախագի՞ծ»

Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ռուսաստանի պետական եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, իսկ միությանը երկրի անդամակցությունը տեղի կունենա հաշված ամիսների ընթացքում՝ հայտարարել է Սլուցկին:

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ նա հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր, որ ի շարս այլ հարցերի՝ կքննարկի նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։ «Ուզում ենք շարունակել մեր համագործակցությունը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ, իհարկե, հետխորհրդային տարածքում գործող կառույցների՝ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարն ու հավելել. «Ակտիվորեն կաջակցենք բոլոր հարցերի լուծմանը, որոնք անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի՝ Մաքսային միությանը շուտափույթ միանալու համար»,- երեկ հայտարարել է Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ Լեոնիդ Սլուցկու՝ կիրակի օրը կայացած համատեղ մամլո ասուլիսում Սլուցկին ընդգծել է, որ եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ: Նրա համոզմամբ՝ մարդիկ պետք է զգան, որ եվրասիական ինտեգրումը անհրաժեշտ է եւ բարելավում է իրենց կյանքը: Պարոն Սլուցկին կարեւորել է նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում ռուսերենի զարգացման ծրագրերը եւ հայկական դպրոցների բացումը Ռուսաստանում: Նրա կարծիքով՝ քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե ինչ է եվրասիական ինտեգրման ծրագիրը, եւ ինչ կտա այն իրենց:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ն էլ հայտնում էր, որ հաջորդ տարվա մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը կսկսի իրավաբանորեն ձեւավորել Եվրասիական տնտեսական միությունը, եւ այդ պահից Մաքսային միությունն ու Միացյալ տնտեսական տարածքը կձուլվեն ու կվերածվեն Եվրասիական տնտեսական միության։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վկայակոչել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, ով հայտնել է, որ առջեւում իրավական հիմքերի ամփոփման մեծ աշխատանք է սպասվում, եւ հայկական կողմը գործընկերներին խնդրում է աշխատել արագացված ռեժիմով եւ մինչեւ մայիս ապահովել ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին, ինչը հանրապետությանը կընձեռի ինտեգրման հետագա գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու հնարավորություն։ «Մեր գործընկերներից ակնկալում ենք պատշաճ վերաբերմունք Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցում։ Մենք հասկանում ենք, որ այդպիսի բարդ պայմանագրերի վավերացումը որոշակի ժամանակ է պահանջում, սակայն շատ ենք ցանկանում, որ այդ գործընթացն ավարտվի որքան հնարավոր է արագ»,- ասել է Շ. Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ստորագրելով ՄՄ անդամակցության պայմանագիրը՝ Հայաստանը կմիանա մոտ 9 տասնյակ համաձայնագրերի։

Փաստորեն, երեքուկես տարի ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ հետեւողական աշխատանք տանելուց հետո այժմ ՀՀ իշխանությունները խնդրում են ռուսական կողմին, որպեսզի արագացված ընթացակարգով մինչեւ մայիս ապահովվի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

Տասը օրից Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ այժմ Հայաստանը հիշատակվում է որպես Արեւելյան գործընկերության ծրագրի ձախողման օրինակ: Իհարկե, հավանականությունը մեծ է, որ առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինան նույնպես չի ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Մոլդովան եւ Վրաստանը, ըստ էության, հավատարիմ մնացին իրենց երկրների հռչակած՝ եվրոպական համամարդկային արժեքների ուղով ընթանալու ձգտմանը:

Մենք ինտենսիվորեն ներգրավվում ենք եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին՝ գոնե այս պահին չունենալով հստակ ուսումնասիրություններ, թե ինչ է սպասվում մեր երկրին տնտեսական-առեւտրային հարցերով այլ երկրների հետ փոխհարաբերություններում: Ավելին, օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Իսկ հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի Երեւանում հնչող մտահոգություններին, թե անդամակցելով ՄՄ-ին՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, դեսպանը պատասխանել է. «Իսկ մի՞թե ԵՄ անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը…»:

Ուշագրավ է, որ նման հայտարարությունը հնչում է ՀՀ-ում հավատարմագրված ՌԴ դեսպանի մակարդակով՝ այն դեպքում, երբ ամիսներ առաջ ռուս նախկին եւ գործող դիվանագետները, ինչպես նաեւ Հայաստանում ռուսամետ տարբեր գործիչներ պնդում էին, թե Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում:

Ինչեւէ, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունների շտապողականությունը դեպի Մաքսային միություն կապված է ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակը շեշտակիորեն իջեցնելու եւ գոնե Մոսկվայի կողմից արհամարհված չմնալու մղումով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Լավ էս եվրոպացիները չեն տեսնում թէ ինչ դրախտավայր է Մաքսային Միությունը։ Թող լսեն էլի՛ ինչ լավ բաներ են ասում ռուս և հայ պաշտոնյաները Մ.Մ. մասին։ Փոխանակ հետևեն մեր օրինակին՛ խնդրեն, աղաչեն, որ իրենց էլ ընդունեն միության կազմի մեջ ՛մի բան էլ նեղսրտվում են։ Հաստատ՛ նախանձում են։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930