Հասարակությունն ու ընդդիմությունը` ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը վերջին օրերին արժանացավ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության որոշակի շերտերի հակազդեցությանը: Համակարգի ներդրմամբ հունվարի 1-ից 6.6-13%-ով կրճատվելու են փաստացի աշխատավարձերը: Ավելին՝ հիմնադրամները, որտեղ պետք է մուտք արվեն այդ գումարները, մասնավոր են եւ, ըստ էության, գումարների վերադարձի երաշխիքներ չեն տալիս: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, ինչպես հայտնի է, ուրբաթ օրը արտահերթ նիստ հրավիրվեց՝ օրենքի «պարտադիր» բաղադրիչը մեկ տարով հետաձգելու օրակարգով: Նիստը տապալվեց քաղաքական մեծամասնության ձեռամբ, թեեւ արտահերթի ստորագրահավաքին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մասնակցել էին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտարարել էր, որ չեն տապալելու արտահերթը: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն ասաց, որ նիստը տապալելու պատճառը հետեւյալն էր՝ իրենց հայտնի էր դարձել, որ ընդդիմությունը բովանդակային քննարկումներ է պատրաստվում իրականացնել: Հետո «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացրեցին խորհրդարանի եւ ՀՀԿ գրասենյակի առջեւ, խորհրդարանական ընդդիմությունն էլ համատեղ հայտարարություն տարածեց՝ դատապարտելով քաղաքական մեծամասնության ոչ կառուցողական կեցվածքը: Երեկ մամուլի ասուլիսում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են: Ասացին, թե քննարկվում են մասսայական գործադուլներ եւ հանրահավաքներ կազմակերպելու հնարավորությունները:
Ի՞նչ կերպ պետք է շարունակել պայքարը՝ «Առավոտի» հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր պատկերացմամբ՝ պետք է ընդվզումը շարունակել. «Բոլոր աշխատավայրերում, կարծում եմ, պետք է ստեղծվեն փոքր խմբեր եւ սկսեն արդեն գործադուլ-ակցիաների շարք»: Իսկ իրավական պայքարի ի՞նչ տարբերակներ կան, որոնք խորհրդարանական ընդդիմությունը պետք է կիրառի, տիկին Փոստանջյանն ասաց, որ հավանաբար, նույն օրակարգով կրկին կհրավիրվի արտահերթ նիստ. «Իրավական մեխանիզմներ կան, բայց քանի որ մեծամասնությունը հակված չէ իրավական մեխանիզմները հարգել, այդ իսկ պատճառով էլ իրավական այսպիսի մեխանիզմները հաջողություն չեն ունենում: Բայց ես կարծում եմ, որ այս իշխանությունը շատ հեշտ կզիջի այն ժամանակ, երբ սկսվեն գործադուլի կոնկրետ գործողություններ: Գրեթե չկա այդպիսի ընտանիք, որի կազմին չվերաբերի պահումը՝ շուրջ 250 հազար մարդու է դա վերաբերում, ու այդ հսկայական դրամահավաքը անհայտ մի կուտակային հիմնադրամի է փոխանցվելու»: Հետաքրքրվեցինք՝ խորհրդարանական ընդդիմության շրջանում կա՞ կոնկրետ պայմանավորվածություն՝ նորաստեղծ շարժման հետ համագործակցելու, համակարգելու, ուղղորդելու առումով: Տիկին Փոստանջյանն ասաց, որ վերջին հանդիպման ժամանակ ընդդիմադիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ նշել են, որ չի կարելի օրենքի կիրառումը թույլատրել հունվարի 1-ից, ու դրա համար բոլորի ջանքերն են պետք: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ այս մտայնության մեջ էլ պետք է շարունակել: Բայց կոնկրետ եւ հստակ պայմանավորվածություններ կամ գործողությունների ծրագիր դեռեւս չկա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ այս թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց պատկերացմամբ եւս պայքարի հետագա գործողությունները պետք է շարունակվեն ուրբաթ օրը տարածած խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության տրամաբանության շրջանակներում: Գործողությունների առավել հստակ ծրագիր դեռ չկա, բայց Ուրիխանյանը կարծում է, որ համատեղ քայլերի տարբերակները դեռեւս կքննարկվեն խմբակցություններում: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն այս օրենքի վերաբերյալ իր առաջարկներն էր ներկայացրել կառավարությանը, որոնց մի մասը՝ կապված տարիքային շեմի, պարտադիր բաղադրիչի հետ եւ այլն, այսօր էլ արդիական են: Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ժամանակին ավանդների հատուցման մասին նախագիծ էր ներկայացրել կառավարությանը, որի հիմնական մտայնություններից մեկն էլ այն է, որ այդ ավանդները պետք է ձեւակերպվեն որպես ներքին պետական պարտք, ոչ թե նյութական օժանդակություն, ինչպես ձեւակերպված է այժմ: «Մի պետություն, որը դեռ չի հատուցել, նույնիսկ չի էլ ճանաչել իր այդ պարտավորությունը սեփական քաղաքացիների հանդեպ, ինչպե՞ս է հավակնում, որ քաղաքացին նորից վստահություն ունենա իր նկատմամբ՝ երկարաժամկետ հեռանկարով տալով քրտինքով վաստակած գումարները՝ երբեւէ վերադարձնելու պարագայում՝ ինդեքսավորման, գնաճի եւ մնացյալ խնդիրների ոչ հստակության պարագայում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս հարցում հասարակական ընդվզումը եւ քաղաքական ուժերի ակտիվությունը կարող են իշխանություններին լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել, ինչպես որ ակնկալում են որոշ ընդդիմադիրներ, Ուրիխանյանը պատասխանեց. «Իշխանությունների համար լուրջ խնդիր է այն ծանր վիճակը, որը որ դրդում է մարդկանց նախեւառաջ լրջորեն խորհել՝ նման նախագծերի պարագայում բողոքելու եւ ոտքի ելնելու: Եթե չլիներ ծանրագույն սոցիալական վիճակ, կարծում եմ՝ այս նախագիծն այդ աստիճանի դժգոհություն չէր առաջացնի: Եվ վերջապես՝ այդ բողոքի արտահայտումն արդեն ինքնին խնդիր պետք է լինի իշխանությունների համար: Իշխանությունը, մասնավորապես՝ կառավարությունը, որպես հեղինակ ու նախաձեռնող, եթե արդեն իսկ լուրջ խնդրի առաջ չէ, ուրեմն եզրակացությունները թողնում եմ ձեզ»: Տիգրան Ուրիխանյանը նաեւ հեգնեց, որ արդեն ունենք «ազնվության» դրսեւորում՝ նկատի ունենալով վերջին խորհրդարանական քառօրյայում վարչապետի կողմից իր հարցին տրված պատասխանը՝ ասելով. «Փաստորեն, ստացվում է, որ շատ բան իրենց համար հասկանալի եւ ընդունելի է, շտկելու համար կան հնարավորություններ, բայց չկա ցանկություն: Հնարավոր է, բայց՝ ոչ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ