Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցը սրվելու է մաքսային միությանը միանալու դեպքում». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 19,2013 13:10

Հատված Մաքսային վարչության նախկին պետ, քաղաքական գործիչ
ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:
– Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ անդամակցելով Մաքսային միությանը, Հայաստանը զիջելու է իր ինքնիշխանության որոշ մասը, ինչպես զիջում են թե՛ Ռուսաստանը, թե՛ ՄՄ մյուս անդամները։ Եթե համարենք, որ պրն դեսպանի հայտարարությունը արտացոլում է Ռուսաստանի քաղաքականությունը, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ են ցանկանում Հայաստանից, ինքնիշխանության ո՞ր մասը։

– Սերժ Սարգսյանի ինքնագլուխ որոշումը ոչ մի հիմք չի տալիս հասկանալու համար, թե Հայաստանից ինչ է պահանջվել այդ Մաքսային միությանը անդամակցելու համար։ Ոչ էլ ռուսական կողմն է հոդաբաշխ որեւէ բացատրություն տվել։ Այդ հարցին պատասխան չի տալիս նույնիսկ ներկայիս ՄՄ–ի հիմնարար փաստաթուղթը միասնական մաքսասակագնային համակարգի մասին, որի մեջ առանձին երկրներ տարբերություններ ունեն առանձին ապրանքների, ապրանքային խմբերի եւ ծառայությունների մաքսասակագների դրույքաչափերի եւ ռեժիմների, ինչպես նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժերի հարցերում։ Այսպիսի հարցերում տարբերությունների առկայությունը անխուսափելիորեն գզվռտոցի տեղիք է տալիս որեւէ մաքսային համակեցության ներսում՝ երեւույթ, որի վկան ենք այսօրվա ռուսական ՄՄ-ում։ Սա եւս անհասկանալի է։ Այսինքն՝ հայ հասարակությունը ստիպված է այս հարցում կամ տրամաբանությանը զոո տալ, կամ՝ ենթադրությունների գիրկն ընկնել, որոնք երկուսն էլ չեն բացառում սխալվելու հավանականությունը։

Ես, միանշանակ դեմ լինելով Հայաստանի անդամակցմանը որեւէ Մաքսային միության, որտեղ առկա է որեւէ հեգեմոն երկիր, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, չեմ կարող ինձ թույլ տալ հասկանալ, թե նրա պաշտոնյաները տվյալ դեպքում իր մաքուր տեսքով բացառապես տնտեսական նշանակություն ունեցող հարցի պարագայում ինչո՞ւ են դա պայմանավորում քաղաքական բնույթի բաղադրիչներով, տվյալ դեպքում՝ ինքնիշխանության «որոշ մասի» զիջումներով։

Իրականում այդտեղ կա ո՛չ թե քաղաքական, այլ պետական անվտանգության մեկ բաղադրիչ՝ տնտեսական անվտանգությունը, որը հավասար պարտավորությունների եւ իրավունքների իրագործման դեպքում, անկասկած, պարտադիր պահանջ է որեւէ Մաքսային միության համար։ Ի դեպ, կոնկրետ Հայաստանի դեպքում դրանք էլ չեն օգնում, որ մեր երկիրը դառնա ռուսական Մաքսային միության անդամ։ Նախ, որ երկիրը ընդհանուր սահման չունի ներկայիս ՄՄ-ի որեւէ անդամ-երկրի հետ, ինչը որեւէ Մաքսային միության անդամ դառնալու համար պարտադիր պայմաններից մեկն է (կալինինգրադյան ապուշությանը չեմ անդրադառնա), ապա մեր Սահմանադրության 2-րդ, փոփոխության ոչ ենթակա հոդվածը չի լիազորում ՀՀ իշխանության որեւէ մարմնի՝ զիջել որեւէ այլ երկրի կամ երկրների խմբի իր ինքնիշխանության որեւէ «որոշ մաս» կամ բաղադրիչ։

Էլ չենք խոսում, որ այդ միության մեջ մտնելը կաշկանդում է մեր երկրի զարգացումը, քաղաքական, անվտանգության եւ այլեւայլ կարգի նորանոր խնդիրների առջեւ է կանգնեցնում նրան, իսկ որ ամենագլխավորն է՝ դեմ է մեր ազգային արմատական շահերին, որոնց պաշտպանությունը եւ ընդլայնումը չեն կարող նժարի վրա դրվել գազի գնի, կամ այդ կարգի մի այլ զիջման կամ արտոնության դիմաց։ Հայաստանի (նաեւ Արցախի) անվտանգության հարցը սրվելու է ՄՄ-ին արհեստականորեն անդամակցելու եւ ոչ թե մեր երկրի անկախությունը պաշտպանելու պարագայում։
Ի դեպ, ռուսների, ինչպեսեւ ՄՄ-ի մյուս անդամների համար Հայաստանի անդամակցությունը լումայի արժեք չունի։ Դա այն քաղաքական հարցի պատասխանն է, ինչպես իրավացիորեն նշեց Լուկաշենկոն, թե ապագայում Արեւելք-Արեւմուտք հարաբերություններում Հայաստանը «որ կողմում է» լինելու։ Սա է կարեւորը Պուտինի համար։

Զրուցեց Մհեր ՂԱԼԵՉՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930