«Որեւէ հանդիպում հերթականներից չի, հանդիպումը դրական պետք է գնահատել, որովհետեւ հանդիպումները նաեւ հետեւանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունը առաջին պլան մղվի»,-այսպես պատասխանեց այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիք ունի Սարգսյան-Ալիեւ այսօր կայանալիք հերթական հանդիպումից: Նաեւ նկատեց, որ պետք չի սպասել, թե Ալիեւը պատրաստ է արդեն այն բանին, որ «կարող է գա ու ասի՝ դուք ճիշտ էիք, Արցախը ձերն է»:
Ինչ վերաբերում է Մաքսային միությո՞ւն թե Եվրոմիությո՞ւն դիլեմային՝ պարոն Սահակյանը հայտարարեց, որ մենք արդեն «երկու հատ «եւ» ունենք, զուգակցել ենք մեր գործընթացները Եվրոպայի եւ Մաքսային միության հետ, ունենք եւ-եւ-ը, եւ եթե տեսնենք, որ շահեկան է, երրորդ «եւ»-ն էլ կունենանք, կլինի՝ «եւ-եւ-եւ»: Նա ասաց, որ եվրոպական շուկայում նախկին ՍՍՀՄ երկրները տեղ չունեն՝ իրենց արտադրանքով՝ որակի խնդիրներ կան, այդ իսկ պատճառով, մեր տնտեսության շուկան ԱՊՀ տարածքներն են, Ռուսաստանն է.«Այստեղ հարցադրում դնել, որ ռուսներին կարելի է ավել շատ սիրել, կամ եվրոպացիներին սիրել՝ սա պայման չէ»: Փոխարենը ակտիվացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ «ժողովրդավարական չափորոշիչներով» .«Ամբողջ աշխարհն է ընդունում եվրոպական արժեքները եւ գնում են այդ ճանապարհով, եվրոարժեքների համակարգում է մեր տեղը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկում էր չմտածել, թե Մաքսային միություն մտնելը մեր երազանքն է, ուղղակի «պետք է շահաբաժինը նայել». «Տեսնենք մեր շահաբաժինն ինչքա՞ն է լինելու, ձե՞ռ է տալիս , թե՞ ոչ: Ասում են, որ ձեռ է տալիս, այնպես չի, որ մենք ուրախացած երազներ չենք տեսնում: Մեզ ոչ մեկը չէր խնդրում, ոչ էլ հրավիրում էր, որ գնայինք Մաքսային միություն: Հասարակությունից մեկը մուրճն է սիրում, մեկը՝ սղոցը: Անգիտակից են նաեւ ժողովրդի մոտեցումները, սոցիոլոգիա են անում, մի մասն ասում է 20%-ն է համաձայն, մյուսը՝ 80%-ը: Մեր ժողովուրդը պահել է ՍՍՀՄ-ի նոստալգիան: Ներքին հույզերով մարդիկ կան՝ մտավորականներ, բանաստեղծներ, որոնք հիացական բացականչություններով են գնում են դեպի Ռուսաստան: Բայց մենք գնում ենք տնտեսական հարցերով, Հայաստանի շահով: Մեզ որեւէ մեկը հրավերք չէր արել, ոչ էլ Եվրոպան էր հրավիրել, մենք որեւէ տնտեսական միության մեջ մի կաթիլ էլ չենք, մարգարտահատիկ կարող ենք մեզ պատկերացնել, բայց կաթիլ էլ չենք, իրենք մեզնից տնտեսական շահ չունեն, մենք ենք տնտեսական շահ ուզում: Հազիվ մի անգամ բախտներս բերել է, հիմա էլ քչփորում են, մենք Վարդան Մամիկոնյանը չենք, բարոյական հաղթանակների հետեւից գնացող չենք»:
Ինչ վերաբերում է Ղազախստանի եւ Բելառուսի դեմ լինելուն՝ մեր ՄՄ մտնելու ցանկությանը, պարոն Սահակյանը բացատրեց. «Ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը մեր հորեղբոր տղերքը չեն, ուզում են որեւէ մեկի հետ իրենց հարաբերությունները չխոչընդոտվի»: «Որեւէ մեկը» տվյալ դեպքում Ադրբեջանն էր:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ