Այսօր Վիեննայում կայանալու է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Երկտարյա ընդմիջումից հետո կայանալիք նախագահների հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել`այսօր պատասխանելով լրագրողների այս հարցին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ ինքը չունի, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի. «Փորձենք վերլուծել վերջին ամիսների հայտարարությունը ադրբեջանական պաշտոնյաների, նոր ՊՆ-ի, կառավարության, պատգամավորների և հենց Ադրբեջանի նախագահի. տալի՞ս են մեզ հույս, որ նրանց մոտեցման մեջ ինչ-որ բան է փոխվել: Նրանք ավելի զիջող, ռեալիստ ու շրջահայա՞ց են դարձել: Ես չեմ տեսնում նման բան»:
Այնպես որ, իհարկե, բարձր գնահատելով այդ հանդիպումը և կարևորելով այդպիսի հանդիպումները, որոնք պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, ի վերջո կիսաբաց են թողնում դեպի խաղաղություն տանող դուռը, այնուամենայնիվ, կոնկրետ այս հանդիպումից, կոնկրետ ակնկալիքներ չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ