Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հասկացան Ուկրաինայում՝ ըստ Վահան Շիրխանյանի. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 19,2013 12:52

Հատված ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Այն, որ Վիլնյուսի նախօրեին Ուկրաինայում սկսեցին խոսել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին, կանխատեսելի, տրամաբանակա՞ն ընթացք էր, թե՞, ինչպես արեւմտամետներն են ասում, Ռուսաստանի ճնշման հետեւանք:

-Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացն ամենեւին էլ անսպասելի շրջադարձ չէր, ոչ էլ Ռուսաստանի ճնշման հետեւանք, այլ, իրոք, տրամաբանական ընթացք: Դեռ երկու ամիս առաջ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանը չպետք է շտապի նախաստորագրելու ԵՄ հետ համաձայնագիրը, այլ պետք է սպասի, տեսնի, թե ինչի կհանգեցնի Ուկրաինայի ստորագրումը, որից հետո միայն որոշում կայացնի:
Իսկ այն, որ Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում լինելու է արդյունաբերության անկում, սարսափելի արտագաղթ, ճգնաժամային երեւույթներ՝ ակնհայտ է:

-Իսկ գուցե նախկին վարչապետ Տիմոշենկոյին ներում շնորհելու ԵՄ պարտադրա՞նքը առիթ դարձավ հակաասոցացման տրամադրությունների առաջացման:

– Հայտնի է, որ Ուկրաինայի առաջ Եվրամիության դրած երկու տասնյակից ավելի պահանջներից երեքը, այդ թվում եւ Տիմոշենկոյին ներում շնորհելը, դեռ կատարված չեն: Նախկին վարչապետին ազատ արձակելու Եվրամիության պնդումը, կարծում եմ, ավելի շատ գործող իշխանությանն է անհանգստացնում. մտավախություն ունեն, որ այդ քայլը կարող է երկրում նոր խմորումների հնարավորություն տալ:
Բայց Տիմոշենկոյին ներում շնորհելը չէր կարող հակաեվրոպական տրամադրությունների պատճառ դառնալ: Այդ պատճառն այլ տեղում պետք է փնտրել. Ուկրաինայի արտադրողները վերջապես հստակ հաշվարկ են արել ու հասկացել, որ ԵՄ ասոցացումը հանգեցնելու է երկրի արդյունաբերության ոչնչացման: Վերջին ամիսներին նրանք սկսեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ներկայացնել կոնկրետ փաստեր, որոնք Ուկրաինայի ղեկավարությունն անտեսել չի կարող: Այնպես որ ոչ թե Տիմոշենկոյի ազատ արձակման ԵՄ պահանջն է այս շրջադարձի պատճառը, այլ Ուկրաինայի տնտեսության վտանգման հեռանկարը:

-Ի դեպ, ուկրաինացի ձեռնարկատերերը երկրի նախագահին, վարչապետին ուղղված նամակում պահանջեցին մեկ տարով հետաձգել համաձայնագրի ստորագրումը, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը համապատասխանեցնել եվրոչափանիշներին: Նախ՝ մեկ տարին բավարա՞ր է նման գործընթացի համար, եւ երկրորդ՝ սա չի՞ հաստատում մեզանում արտահայտված այն մտահոգությունը, որ Եվրամիության հետ ասոցացման դեպքում հայկական արտադրանքը եւս կորակվեր այդ չափանիշներին չհամապատասխանող եւ դուրս կմղվեր եվրոպական շուկայից:

-Իհարկե: Հայաստանի պարագայում այդ գործընթացն առավել ծանր կլիներ՝ իր բոլոր խոցելի հետեւանքներով: Մեր տնտեսությունն ուղղակի կփոշիանար: Ահա թե ինչու ես սեպտեմբերի 3-ից հետո ողջունեցի Մաքսային միությանն անդամակցման հայտարարությունը:
Ինչ վերաբերում է ուկրաինացի արդյունաբերողների խոսքին, թե մեկ տարում կկարողանան իրենց արտադրությունը համապատասխանեցնել եվրոչափանիշներին, ասեմ, որ նրանք կեղծում են, չեն ասում ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ մեկ տարում դա հնարավոր չէ անել, դա երազ է:

-Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, թե ոչ ոք Ուկրաինային չի առաջարկել եւ չի առաջարկի փոխհատուցում ռուսական շուկայի կորստի դիմաց: Ակնարկը, անշուշտ, ուղղված էր Արեւմուտքին: Փաստորեն Ուկրաինայում եւս Եվրամիությունից սպասելիքներ չունեն:

-Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:
Ի վերջո, Եվրոպային չի հետաքրքում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Հայաստանի ու ԱՊՀ տարածքի պետությունների տնտեսական զարգացումը, Եվրոպան ընդամենը լուծում է ստրատեգիական խնդիր: Ասել եմ ու դարձյալ կրկնում եմ՝ Եվրոպայի նպատակն է հասնել Ռուսաստանի դիրքերի թուլացման եւ Հայաստանին, մյուս երկրիներին դուրս բերելով Ռուսաստանի դաշնակցային դաշտից՝ ձգտում է հասնել այդ նպատակին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930