Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի արձագանքը՝ Բաբկեն Պիպոյանի վերլուծությանը

Նոյեմբեր 19,2013 12:47

Ս.թ. նոյեմբերի 18-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Արձագանք Պիպոյանի «նոր» հաշվարկին» վերնագրով արձագանքել է քաղաքապետարանում ստեղծված ներքաղաքային ուղևորափոխադրման վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի 2-րդ նիստում գրեթե միաձայն ընդունված ծախսերի հիմնավորման «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի վերլուծությանը: Արձագանքում, մասնավորապես նշվում է, որ Պիպոյանը չի նշել սկզբնաղբյուր մասնագիտական հիմնավորման համար. ցանկանում ենք տեղեկացնել, որ Բ. Պիպոյանը բազմիցս շեշտել է, որ սեփական հաշվարկները կատարելը բավական բարդ և ծավալուն աշխատանք է, որի համար անհրաժեշտ են թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական միջոցներ, և ցավոք, Կազմակերպությունը կարող է միայն վերլուծել քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվարկը: Չգիտես ինչու քաղաքապետարանի արձագանքում փորձ է արվել ապակողմնորոշել քաղաքացիներին՝ ներկայացնելով, թե իբրև Կազմակերպությունը փորձել է վերլուծությունը ներկայացնել որպես հաշվարկ՝ քաղաքապետարանի կատարած աշխատանքը վերագրելով իրեն: Արձագանքում տեղ է գտել նաև Պիպոյանի կողմից հնչեցված պետական քաղաքականության հարցը, կրկին փորձ անելով մոլորեցնել քաղաքացիներին: Պիպոյանը պետական քաղաքականության բացակայությունը պայմանավորել է 2 իրարից էականորեն տարբեր ծախս ունեցող մեքենաների այսօրվա առկայությամբ, և խոսել բացառապես անցյալ ժամանակով և բացը շտկելու անհրաժեշտության մասին՝ մեկնաբանելով, որ « …եթե մինչ օրս ունեցել ենք, ապա անհրաժեշտ է կիրառել մեխանիզմ հետայսու խուսափելու», իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ նույն պարզաբանման մեջ նշվում է, որ «…դիզելային վառելիքը չի լինի այն որոշիչ ելակետը, որը կբարձրացնի ուղեվարձի գինը», ապա ստացվում է, որ քաղաքապետարանն ընդամենն ընդունել է Կազմակերպության առաջարկը, քանզի մինչ օրս նման խոսակցություն չի եղել, դեռ ավելին հանձնաժողովն էլ հաստատել էր դիզվառելիքով աշխատող մեքենայի ծախսը: Կարևորելով աշխատանքի արդյունավետությունն ու կառուցողականությունը, անկախ ներկայացման ձևից՝ չենք կարող չողջունել քաղաքապետարանի այս նոր որոշումը:

Հիմա անդրադառնանք ծախսերին. Ինչ վերաբերում է վառելիքի ծախսին, ապա չգիտենք՝ ինչպես է քաղաքապետարանը ստացել գազի 1 խորանարդ մետրի համար 200 դրամը գերազանցող գին, չգիտենք՝ արդյոք 200 դրամը գերազանցող միջին գինը ցածր է հաշվարկով ներկայացված 214 դրամից, այդուհանդերձ կամայական շրջայց Երևան քաղաքում ապացուցում է՝ Կազմակերպությա՞ն, թե՞ քաղաքապետարանի միջինացված գներն են ավելի մոտ իրականությանը՝ ըստ հայտարարված գնի, իսկ եթե քաղաքապետարանն իր հաշվարկներն իրականացրել է՝ հաշվի առնելով նաև գազալցակայանների կողմից կիրառվող խաբեությունները, ապա Կազմակերպությունը չի կիսում այդ կարծիքը և առաջարկում է լուծել խնդիրները, ինչը քաղաքապետարանը, ի վերջո կարծես ընդունելով,  չգիտես ինչու, չի մեկնաբանել:

Ինչ վերաբերում է պահեստամասերի ավելի էժան գներով ձեռքբերմանը, ապա կրկին փորձ է կատարվել մոլորեցնել քաղաքացիներին: Կազմակերպության հիմնական առաջարկությունը չքննարկելով՝  այն է իրականացնել մրցույթ, ինչը հնարավորություն կտա պարզելու հնարավոր նվազագույն ձեռքբերման գինը, քննարկվել է միայն մրցույթի անհրաժեշտության հիմնավորումը, և այն դեպքում, երբ Կազմակերպության նախագահը դեռևս հանձնաժողովի նիստում նշել էր, որ տնտեսվարողները հանդես կգան իրենց գնային առաջարկություններով, եթե հայտարարվի մրցույթ: Ստացվում է, որ Կազմակերպության նախագահի հստակ օժանդակությունն ընդունելու փոխարեն, քաղաքապետարանը դիմում է երկար և ոչինչ չասող նախադասությունների օգնությանը՝ կոչ անելով առարկայական օժանդակություն ցուցաբերել: Եվս մեկ անգամ մեր առարկայական օժանդակությունը՝ «Հայտարարե՛ք մրցույթ, ստեղծե՛ք մրցակցային դաշտ, ինչը հնարավորություն կտա պարզելու օպտիմալ գինը»:

Ինչ վերաբերում է ամորտիզացիոն ծախսերին, ապա այստեղ արդեն իսկապես նոր բացահայտում է. Քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ կրկին խոստովանում է, որ որպես ծախս ներառված է մասնավորի վարկի տոկոսը, այս նորությունից հետո կարծում ենք ավելորդ է  այս մասով որևէ բան ավելացնել:

Ինչ վերաբերում է վերադիր ծախսերին, ապա այստեղ էլ հերթական նոր բացահայտում է. Արձագանքից պարզ է դառնում, որ ամռանը քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի հիմնավորման հեղինակը քաղաքապետարանը չէ, և ստացվում է՝ ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը քաղաքապետը կայացրել է առանց քաղաքապետարանի վերլուծության, և այս նույն քաղաքապետարանը կարող է ինչ-որ մեկին մեղադրել սիրողական վերլուծություն անելու մեջ. դեռ ավելին, հիշեցնենք, որ նույն որոշումը դեռևս չեղյալ չի ճանաչվել: Ինչ վերաբերում է Կազմակերպության անդրադարձին (ամռանը ներկայացված հաշվարկին), ինչը քաղաքապետարանը որակել է որպես ոչ կոռեկտ, ապա վերջինս իրականացվել և հիմնավորվել է բացառապես ելնելով այն հանգամանքից, որ վերադիր ծախսերի փաստացի արժեքի հաշվարկի համար կողմնորոշիչ է միայն նախորդը, քանզի նորում փաստացի հաշվարկ չկա:

Ինչ վերաբերում է վարորդների աշխատավարձին, ապա քաղաքապետարանն առանց մեկնաբանելու, թե ինչպես են լուծվելու Կազմակերպության կողմից բարձրացված խնդիրները, կրկին անդրադարձել է միայն խնդիրների հետևանքով իրականությունից չկտրվելու առաջարկին: Նման բարձր աշխատավարձն իր հարկային պարտավորություններով չի լուծում խնդիրները, հետևաբար ոչ մի խորացող ստվերի մասին խոսք լինել չի կարող:

Ինչ վերաբերում է ուղևորահոսքի հորինվածքի կամ մտքի թռիչքի ժանրից լինելու որակմանը, ապա չգիտես ինչու չի նշվում՝ մեր կողմից հրապարակված թիվը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Վերջինիս պատճառն էլ կարծում ենք այն է, որ դժվար չէ հաշվարկել պլան-դիզվառելիք-կողմնակի ծախսեր-վարորդի եկամուտ գումարի համար անհրաժեշտ տեղափոխվող ուղևորների թիվը, իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ծախսերը հաշվարկվել են՝ դիտարկելով, որ մեքենաները շահագործվելու են 16 ժամ, ապա ներկայումս շահագործման 12 ժամից 4 ժամ ավելի շահագործումը կոմպենսացնում է գերծանրաբեռնվածության բացը: Թվերը ստանալիս հաշվի է առնվել նաև, որ գերծանրաբեռնվածությունից քաղաքացիների հիմնական դժգոհությունը ոչ թե ավտոբուսներից, այլ միկրոավտոբուսներից է, որտեղ կանգնելն անհնար է:

Կարծում ենք այսքանից հետո կարիք չկա մեկնաբանելու, թե ով է սովորական, սիրողական, ոչ կոռեկտ և ոչ իրավական մեկնաբանություններով մոլորեցնում քաղաքացիներին:

Հ.Գ.

Դեռևս նոյեմբերի 14-ին անդրադառնալով քաղաքապետարանի նոյեմբերի 13-ի հաղորդագրությանը՝ նշել էինք, որ «…չենք մեկնաբանում Կազմակերպության կողմից բարձաձայնված հարցերի վերաբերյալ քաղաքապետարանի նման պատասխանի հնարավոր դրդապատճառները՝ ակնկալելով ստանալ ս.թ. նոյեմբերի 12-ին Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցերի բավարար և հիմնավոր պատասխաններ, ինչն էլ հնարավորություն կտա շարունակելու կարևորագույն հարցի շուրջ համատեղ աշխատանքները»: Մինչ օրս Կազմակերպությունը չի ստացել իր կողմից բարձրացված բոլոր հարցեր բավարար և հիմնավոր պատասխանները:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930