Հատված ԵվրԱզԷսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի եվրասիական տնտեսական հարցերով բյուրոյի անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ հարցազրույցից:
– Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեավորված պետությունները տարբեր շահեր ու գերակայություններ ունեն իրենց արտաքին քաղաքականության մեջ։ Ձեր կարծիքով՝ դա խանգարո՞ւմ, թե՞ օգնում է, որ ՄՄ-ի շահերն արտահայտվեն Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով։ Ընդհանրապես՝ տարածաշրջանի զարգացումը դեպի ո՞ւր է ուղղվում։
– Տարածաշրջանի զարգացման առումով Ռուսաստանի համար կարևոր է նաև Վրաստանի ներգրավումը, բնականաբար, բանակցություններ են վարվելու տրանսպորտի առումով, ինչը կարևոր է և Հայաստանի համար։ Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, գուցե ոչ ՄՄ-ին անդամակցության, այլ դիտորդի կարգավիճակով, ինչպես Ուկրաինան։ Իսկ Թուրքիայի մասին ընդհանրապես խոսք չի եղել, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքից դուրս է եկել «եթե»-ն՝ եթե Թուրքիան դիմեր… Այլ հարց է, որ Ղազախստանը Ադրբեջանի ներգրավման քայլեր ձեռնարկի։ Ադրբեջանը բավականաչափ արդյունավետ դիրք ունի՝ երբ բոլոր ուղղություններով բոլորի հետ փոխգործակցում է՝ և Ռուսաստանի, և Ղազախստանի, և Թուրքիայի հետ, և մուսուլմանական այլ երկրների։ Այս առումով առանցքային ուղղությունը Ռուսաստանի համար Հայաստանը և Վրաստանն են։ Համապատասխանաբար հարցեր են ծագում Ուկրաինայի ու Մոլդովայի որոշումից։ Եթե Հայաստանի, Ղրղզստանի անդամակցությունը ստացվի և լուծվի Ուկրաինայի հարցը, կարելի է ասել, որ Մաքսային միությունը կայացել է իբրև այլընտրանքային տնտեսական հարթակ։ Եվ ոչ միայն տնտեսական, նաև՝ սոցիալական, կրթական, գիտամշակութային։
– Ղարաբաղը կլինի՞ այդ հարթակում։
Կարդացեք նաև
– Դա Հայաստանն է որոշում։
– Իսկ ՄՄ անդամները համաձա՞յն են Հայաստանի որոշմանը։
– Իհարկե, Բելառուսն էլ հարցեր կունենա, Ղազախստանն էլ, բայց Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչպես պիտի Ղարաբաղը ներկայացվի ՄՄ-ում։ Կարող է լինել մաքսային հատուկ տարածք հասկացությունը, որը նշանակում է Ղարաբաղը ևս կարող է ընդգրկվել ՄՄ-ի ուղեծրում՝ լինելով չճանաչված պետություն։
– Երևանում կայացած համատեղ նիստում հայ ընդդիմադիր պատգամավորները մտավախություն էին հայտնում, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը կարող է վտանգել հանրապետությունների ինքնիշխանությունը։ Այդպե՞ս է։
– Վերազգային կառույցներ հասկացությունը մի քանի նշանակություն ունի։ Օրինակ, Եվրոպայում կան վերազգային կառույցներ։ ԵՄ-ն, որ արտահայտում է ոչ միայն համաեվրոպական, այլև համաշխարհային օլիգարխիայի շահերը՝ մեծ ազդեցություն ունեն լոնդոնյան բանկիրները, թեպետ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտում չէ, վերազգային կառույց է։ Մենք ձևավորում ենք ոչ թե վերազգային կառույց, այլ միջպետական, որտեղ բոլոր պետությունները ձայնի հավասար իրավունք ունեն, և որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Եվրոբյուրոկրատիան վերածվել է իրոք վերազգային կառույցի, գործող օրենքներով ոչ մի երկիր նրանց որոշումների վրա ներգործել չի կարող։ Նրանք սերտ համագործակցում են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ տրանսազգային կառուցների հետ։ ՄՄ-ում նման կառույցներ չկան։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում