«Եթե Ռուսաստանը հզոր է, թող հենց հիմա ներողություն խնդրի Հայաստանից՝ սանձազերծված պատերազմի համար: Իսկ եթե ի վիճակի չէ, խորտակվող նավ է, էլ ինչո՞ւ ենք խորտակվող նավով ճամփա դուրս գալիս »,-այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց ԱԺ առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ՀՀ-ի համար երկընտրանք համարվող հարցին՝ ԵՄ, թե՞ Մաքսային միության անդամակցում: Նա նշեց. «Եթե մենք միանում ենք որևէ դաշինքի, դա պետք է մեզ ավելի ուժեղացնի ու լավացնի մեր քաղաքացիների կյանքը: Պետք է չեղյալ համարել Ղարաբաղի հանձնման ակտը: Մեր դաշինքը ՌԴ-ի հետ պետք է սկսվեր այդ հայ-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելով: Դեռ հանցավոր պատերազմի հետքերը չբուժած՝ մտնում ենք ՌԴ-ի հետ նոր դաշինքի մեջ, ինչը մեզ ստիպում են»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երկրի ներսում գոյություն ունեցող մարտահրավերներից ամենաահավորը համարեց «դեպոպուլյացիան»: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին բացասաբար արտահայտվելով՝ ասաց. «Դեռ մի քանի տարի առաջ ես ու Արծվիկ Մինասյանը մեռանք այդ մասին բարձրաձայնելով, բայց հասարակությունը չաջակցեց: Մարտահրավեր է նաև բիզնեսի և իշխանության սերտաճումը: Մեր սխալներից է այն, որ այսօր ԱԺ-ում ոչ թե Արշակյանն է նստած, այլ շատ մարդիկ, որ անգամ իրավունք չպիտի ունենային պառլամենտի դարպասներին մոտենալ»: ՄՄ-ԵՄ երկընտրանքի մասին պարոն Մարտիրոսյանն այսպես արտահայտվեց. «ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի մեջ մտնելը դեռ չի նշանակում մտնել ԵՄ: Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցմանը, ապա ՌԴ-ն Ղարաբաղը մանրադրամ է սարքելու և վերջում նորից նվիրելու Ադրբեջանին, որ այն նորից ՌԴ ազդեցության դաշտում լինի»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Մաքսային միության անդամակցության մասին ասաց. «Ինձ համար խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը»: Եվրոպական կողմնորոշման մասին փոխանցեց. «Խոսում ենք ԵՄ ասոցացման համաձայնագրի և եվրոպական արժեհամակարգի մասին, բայց ի՞նչ է անում այսօր Եվրոպան: Խոսում է Հայաստանի մասին, մեղադրում ՀՀ-ին, որ բանակցությունների արդյունքում հրաժարվում է համագործակցել, բայց արդյոք նա բանակցում էր հասարակության, հայ ժողովրդի հետ, նա բանակցում էր իշխանությունների հետ: Չկա լուրջ տեղեկատվություն, ի վերջո ԼՂՀ-ն ասոցացման համաձայնագրում անկախ պետություն է Ադրբեջանի մաս, թե՞ Հայաստանի տնտեսական տարածք: Անորոշության մեջ է նաև ՄՄ-ի հետ կապված հարցը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ ի պատասխան քննադատությունների՝ նշեց. «Այո, ռուս-թուրքական դաշինքներ էլ են եղել, սխալներ էլ են եղել, բայց ո՞վ է ասում, որ մենք սխալներ չենք ունեցել: Լավ գիտենք, որ ՌԴ-ի թիվ մեկ հակառակորդը հենց Թուրքիան է, այսօր էլ ՄՄ մեջ մտնելով պետք է հաշվի առնենք այդ ամենը: Այսօր ոչ թե մեզ ստիպում են, այլ մենք ստիպված ենք, մեր ռեսուրսներից, տարածքային իրավիճակից ելնելով՝ ինչ-որ տեղ ստիպված ենք մտնել ՄՄ: Եվրոպան շատ լավն է, բայց իրոք այսօր մենք պատրաստ ենք հավասարը հավասարի հետ առևտուր անել Եվրոպայի հետ, իսկ ՌԴ-ի հետ մենք նման ենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ