ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լուրջ չի վերաբերվում մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Վլադիմիր Պուտինը Հայաստան գալով իր հետ «Սմերչ» տեսակի զենք է բերում: Այսօր, «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ, այդ մասին լրագրողների հարցին պատասխանելով`պարոն Հովհաննիսյանն ասաց. «Դուք որոշել եք, որ դա ճշմարտություն է, ես էլ պիտի անպայման մեկնաբանեմ հա՞: Որտեղի՞ց գիտեք, որ ինքը դա բերելու է: Եթե տարբեր զենքերի տրամադրումը մեկնաբանում են պատգամավորներն ու լրագրողները, դա, կարծում եմ, լուրջ չէ»:
Դիտարկմանը, թե Պուտինի այցը Հայաստան ավելի շատ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն արագացնելուն է միտված, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման կերպ կարելի է մեկնաբանել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կամ այլ երկրի նախագահի այցը. «Բնականաբար յուրաքանչյուր նման այց որոշակի նպատակներ է հետապնդում, որոշակի անհրաժեշտություններից բխած է տեղի ունենում, բայց պետք չէ մոռանալ, որ մոտ երկու օր առաջ Ազգային ժողովում կայացած երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ մեր արտաքին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը փետրվարին պատրաստ է լինելու ՄՄ-ին անդամակցելու բոլոր փաստաթղթային, օրենսդրական և այլ դետալներով հանդերձ, այնպես որ, հիմա կապել դա Պուտինի այցելության հետ, այնքան էլ ճիշտ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ