Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Այդ երբ է ՌԴ-ն դադարել Եվրոպա լինելուց»

Նոյեմբեր 19,2013 12:03

«ՌԴ-ին միշտ Եվրոպայում գործընկերներ է ունեցել: Այսօր դա չկա: Դա չի կարող մեզ չանհանգստացնել: Քաղաքակիրթ  չէ, երբ ասում են Հայաստանը պետք է ընտրի ՌԴ-ի եւ Եվրոպայի միջեւ: Այդ երբ է ՌԴ-ն դադարել Եվրոպա լինելուց: Այս հարցերն են, որ անհանգստացնում են հայկական էլիտային, երբ Հայաստանի առջեւ հարց է դրվում`ընտրել`Եվրոպա, թե՞ ՌԴ»,- այսօր «ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթի» խորհրդարանական պատվիրակության անդամ, կազմակերպության փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Համաժողովի նախաձեռնողներն են  «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ն, «Նորավանք» գիտակրթական կենտրոնը, ՀԱՊԿ-ի ինստիտուտի մասնաճյուղը Հայաստանում եւ ՀԱՊԿ-ի վերլուծական կենտրոնը:

Ի հակադարձումն պարոն Հովհաննիսյանի դիտարկումների, ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը հակադարձեց, որ ՌԴ-ն մեկուսացած չէ`բերելով Գերմանիայի, Իտալիայի հետ համագործակցության օրինակները եւ ասաց, որ ՌԴ նախագահն ամենամեծ վարկանիշ ունեցող եվրոպական նախագահներից է համարվում:

Հարավային Կովկասում եւ ՀԱՊԿ-ի մարտահրավերները թեմայով իր ելույթում Վահան Հովհաննիսյանը նկատեց, հետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն գործընթացներից ամենակայացած եւ գործունը ՀԱՊԿ-ն է, որ չի ջանում այլ նախաձեռնությունների հետ մրցակցելով կայանալ: Մասնավորաբար, նա համեմատություն անցկացրեց Հայաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի իրականացման հետ, այդ թվում նաեւ ուսումնական, ու փաստեց, որ ՀԱՊԿ-ը երբեւէ չի փորձել դրանց հակասելով կամ քննադատելով կայանալ:

Ըստ բանախոսի, ՄՄ եւ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության մրցավազքը բավականին բուռն է ընթանում տարածաշրջանում, որը երկրներին կանգնեցնում է քաղաքակրթության ընտրության առջեւ: Մինչդեռ, պարոն Հովհանիսյանի համոզմամբ, Հայաստանն այդ կերպ չի մոտենում հարցին:

«Ինչո՞ւ Հայաստանի համար ժամանակավորապես հետաձգվեց ԵՄ-ի հետ առավել սերտ ինտեգրման հարցը»,-իր հնչեցրած հարցին պարոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց.«Քանի որ ԵՄ-ն այդ ինտեգրման ողջ պատասխանատվությունը դրեց իր նոր անդամների վրա»: Նա օրինակ բերեց Եվրանեսթի պատվիրակության կազմը, որտեղ պատվիրակության անդամների կեսը նորերս Եվրոպային ինտեգրված երկրների անդամներն են. «Հին Եվրոպան» չներգրավվեց այդ նախագծում: Ենթադրաբար հետաքրքրված չէ, ինչն էլ բացասական հռետորիկա բերեց իր հետ, քանի որ այն երկրները, որոնք ներգրավված էին այդ նախագծում, առավելապես հակառուսական տրամադրություններ տարան: Ցավոք, ՌԴ-ում, շատերը չհասկացան, որ Հայաստանն այդ «հակառուսական անձրեւանոցի» տակ չէ: Վրացական պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ Հայաստանը պետք է իր որոշ խնդիրների այլընտրանքային աղբյուրների հարցը լուծի: Մենք վստահ էինք, որ ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում դա կհասկանան: Ի դեպ, Հայաստանի ներգրավումը ԵՄ-ի ինտեգրացիոն գործընթացներում նաեւ մեծապես կնպաստեր ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններին, քանի որ բազմաթիվ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները կարող էին արդյունավետ աշխատել`բացելով շուկաները: Հաղթեց այլ տեսակետ, հոգ չէ: Այս իմաստով, ես ցանկանում են նշել ՀԱՊԿ-ի առավելությունները: ՀԱՊԿ-ում կարողանում են համատեղել ազգային խնդիրները»:

Վահան Հովհաննիսյանը խոսեց նաեւ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրների մասին`իր վրդովմունքն արտահայտելով ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի մասով ու տարակուսեց, որ ՌԴ-ի շահերի տեսանկյունից այդ ծրագիրը հասկանալի է, բայց ո՞ւր մնաց Հայաստանի շահը: Խոսեց նաեւ քրիստոնեական բնակչությանը սպառնացող վտանգների մասին, բերեց տարբեր օրինակներ Եգիպտոսից, Իրաքից`հարց հնչեցնելով` ՀԱՊԿ-ի մեր ընկերները գիտակցում ե՞ն այդ խնդիրները: Իրան-Հայաստանի հարաբերություններին անդրադարձավ, ինչը հաճախ խանդի տեղիք է տալիս ու վրդովմունք արտահայտեց, որ հաճախ նաեւ ՀԱՊԿ-ի գործընկերների կողմից չի ընկալվում, որ այդ հարաբերություններն այլընտրանք չունեն, որ դրանք Հայաստանի համար լինել-չլինելու հարց են:

Վահան Հովհաննիսյանը  խոսեց նաեւ ԼՂՀ-ի ճանաչման մասին, Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու մասին, Ցեղասպանության հարյուրամյակի մասին ու նկատեց. «Եթե ՌԴ-ում կամ ՀԱՊԿ-ում քաղաքական կոռեկտությունը կստիպի չխոսել Ցեղասպանության հարյուրամյակի մասին, Հայաստանին չաջակցել  Ցեղասպանության միջազգային ճանաչման իր գործում, հարցը դարձյալ օդից կախ կմնա, ապա կկորցնենք հսկայական հայկական սփյուռքի աջակցությունը: Սփյուռք, որ վաղը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930