Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Կարծում եմ, որ կենսաթոշակային կուտակման համակարգը պետք է լինի կամավոր . «168 ժամ»

Նոյեմբեր 19,2013 11:46
Hrant Bagratyan

Հատված ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից։
– Պարոն Բագրատյան, ՀՀ կառավարությունը որոշել է 2014թ. հունվարի 1-ից ներդնել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որի դեմ բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ իրենց բողոքն են բարձրացրել։ Ինչաիսի՞ն է Ձեր դիրքորոշումը խնդրի կապակցությամբ։
– 2009-2010թթ.–ին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հրապարակեց կենսաթոշակային ծրագիր, ուր կային իմ առաջ քաշած գաղափարները։ Այդ ծրագիրն արմատապես տարբերվում է կառավարության տարբերակից։ ՀԱԿ–ի համար մենք մեծ տնտեսություն ենք ստեղծել՝ բոլոր տեսակի ռեֆորմների
ճանապարհով։

Ես կարծում եմ, որ կենսաթոշակային կուտակման համակարգը պետք է լինի կամավոր, այսպես՝ մարդը կամ գործատուն կատարում են այդ ներդրումները, այդ չափով ստանում են հարկային արտոնության իրավունք։ Այդ ձևով կառավարությունը խրախուսում է նման խնայողությունը։ Այսօր կենսաթոշակի պարտադիր կուտակումների մասին է խոսքը գնում, որը ես չեմ կարողանում ընկալել։

– 2011թ. հունվարի 1-ից կառավարությունը սահմանեց կուտակային կենսաթոշակների կամավոր բաղադրիչը։ Իսկ այսօր որոշում կա պարտադիր վճարների մասին։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կամավոր բաղադրիչը չարդարացրեց իրեն։
– Նրանք չեն արել կամավոր վճարներն այնպես, ինչպես պետք էր։ Չեն երաշխավորել։ Այսինքն, եթե մարդը մուծում է կատարում, ապա ստանում է հարկային արտոնություն։ Դա նշանակում է երաշխավորված եկամուտ համապատասխան ներդրումներից։ Այսպիսի բաներ անելու դեպքում մարդիկ փողը բանկում դեպոզիտ դնելու փոխարեն՝ կենսաթոշակային մուծումներ կանեին։ Եվ, որպեսզի Սահմանադրությունը չխախտվի, կենսաթոշակային
վճարները պետք է մարդու համար լինեն կամավոր, իսկ գործատուի համար՝ պարտադիր։

– ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ կենսաթոշակային բազմաստիճան համակարգ գոյություն ունի որոշ Եվրոպական երկրներում, և կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները մեզ հասցնում են եվրոպական չափանիշների։ Հիմնավոր համարո՞ւմ եք այս փաստարկը։

– Ես չեմ տեսել այդ հիմնավորումը։ Լուրջ չեմ վերաբերվում։ Նույն կերպ երկու տարի առաջ կառավարությունը, մասնավորապես՝ այն ժամանակվա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասում էին, որ մենք էստոնական մոդել ենք մտնում։ Այս տարի գնացինք Էստոնիա, տեսանք, որ այնտեղ այդպես չէ։ Ես այլևս չեմ հավատում կառավարությանը, նրանք մի բան են ասում, իրականությունը մեկ այլ բան է։ Բացարձակ անիմաստ եմ համարում մեր՝ Եվրոպային ընդօրինակելու մասին մտքերին հետևելը։ Հենց խորանում ես, հասկանում ես, որ դա ամենևին այդպես չէ։ Կառավարության փաստարկները ես լուրջ չեմ համարում։ Կառավարությունն ամեն հարցի շուրջ 99 տոկոսով պարզապես ստում է։

– «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ԱԺ մի քանի պատգամավորների, այդ թվում՝ նաև Ձեզ՝ կենսաթոշակների պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Որևէ կերպ արձագանքե՞լ եք այդ նամակին։

– Ինձ կարիք չկար նամակ գրելու։ Ես դրա հայրն էի 4 տարի առաջ։ Այսօր մենք միացել ենք համատեղ առաջարկով, որ կառավարությունը փորձի կրկին լսումներ անել։ Որքան մեր ուժը պատում է, որքան հնարավորություն ունենք, կփորձենք մի բան անել:

Ժաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930