Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային միությունն անգամ միկրոսկոպիկ չափերի հասնող ինքնիշխանության կորստով չի սպառնում». «168 ժամ»

Նոյեմբեր 19,2013 11:24

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ չի սպառնում ՀՀ ինքնիշխանությանը։ Այդ մասին հայտարարեց այս օրերին Երևանում գտնվող Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Անդրադառնալով տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը, հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանը կարո՞ղ է որևէ կերպ երաշխավորել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կորցնի իր սուվերենությունը։ Ի պատասխան՝ ռուս պատգամավորն ասաց. «Հասկանում եք, երբ մարդիկ մինչև վերջ չեն տիրապետում խնդրի էությանը, ես էլ գուցե մինչև վերջ չեմ հասկանում, որովհետև տնտեսագետ չեմ, ինչ մեկնաբանություն ասես որ չեն տալիս։ Բացարձակապես իրականության հետ կապ չունի այդ կարծիքը, որ դառնալով Մաքսային միության անդամ՝ պետությունը կկորցնի իր սուվերենությունը, կզրկվի իր անկախությունից»։

Ըստ Լեոնիդ Սլուցկիի՝ սուվերենության կորստին սպառնում է ոչ թե ՄՄ-ն, այլ Ասոցացման համաձայնագիրը, որը նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել Հայաստանը։ «Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, որն առաջարկվում է ստորագրել կամ նախաստորագրել Վիլնյուսյան գագաթաժողովին, դժբախտաբար, իրականում սպառնում է ինքնիշխանությանը, սպառնում է մասնակցել այն պետությունների ներքին տնտեսության վարման գործընթացին, որոնք պատրաստվում են ստորագրել այդ փաստաթուղթը»։

Նա նշեց, որ որքան էլ «պաթետիկ հնչեն» իր խոսքերը՝ Մաքսային միությանը միանալու դրական կողմերի մասին, այնուամենայնիվ, դրանք իրականություն են. «Մենք ինքնակամ մտնում ենք Մաքսային միություն, միասնական ընդհանուր շուկա՝ ի բարօրություն մեր տնտեսությունների, ժողովուրդների»։

Դիմելով ՄՄ քննադատներին՝ նա հայտարարեց. «Պետականության կորստով, մի փոքր սուվերենության կորստով, անգամ միկրոսկոպիկ չափերի հասնող ինքնիշխանության կորստով՝ անդամ պետություններին Մաքսային միությունը չի սպառնում։ Սուվերենության կորստի մասին երբեք խոսք չի գնացել ու չի կարող գնալ»։ Հակառակ դեպքում՝ ռուս պատգամավորը վստահ է, որ ՀՀ նախագահը երբեք նման որոշում չէր կայացնի, չէր հայտարարի ՄՄ անդամակցության մտադրության մասին։ «Սերժ Սարգսյանը բոլորից շատ է անհանգստանում իր ժողովրդի համար (ես սա կարող եմ բազմիցս հաստատել), որովհետև ժողովուրդը նրան փետրվարի 18-ին վերընտրեց նախագահի պաշտոնում։ Պետք չէ վախենալ, որ անդամակցությունից հետո՝ իբրև սուվերենության, անկախության կորուստ է սպասվում։ Մենք երաշխավորում ենք՝ ՄՄ շրջանակներում նման բան չի լինի»,- ասում է ռուս պատգամավորը։

Ինչ վերաբերում է ՄՄ անդամ-պետությունների հետ սահման չունենալու հանգամանքին, ապա ռուս պատգամավորը հիշեցրեց Հունաստանի օրինակը, որը, նրա խոսքով, ևս ցամաքային ընդհանուր սահման չուներ Եվրամիության անդամ-պետությունների հետ, երբ ինտեգրվում էր Եվրոպային։ «Բայց հիմա տեսնում եք՝ Հունաստանը Եվրամիության ակտիվ անդամ է։ Այո, Հայաստանի հետ չկա ցամաքային տարածք, բայց ապագայում հնարավոր է՝ այս հարցը լուծվի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է մտահոգություններին՝ Լեռնային Ղարաբաղի մասով, հետաքրքրվեցինք, որ, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա ո՞րն է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, արդյո՞ք դրա վերաբերյալ Մաքսային միության անդամները միասնական դիրքորոշում ունեն։ Լ. Սլուցկին էլ պատասխանեց, թե այս պահին միասնական դիրքորոշում իրենք չունեն, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ անում են ԼՂՀ հարցը լուծելու ոչ թե ապագա սերունդների համար, այլ՝ ներկա։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930