Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Ահաբեկչական խմբավորումները վերածվում են աշխարհաքաղաքական գործոնի»

Նոյեմբեր 19,2013 10:53

«Սիրիական իրադարձությունները համախմբեցին ահաբեկչական խմբերին`վերածելով լուրջ աշխարհաքաղաքական գործոնի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն`անդրադառնալով ՀԱՊԿ-ի առջեւ կանգնած հիմնական մարտահրավերներին:

Ի դեպ, այս պահին Երևանում ընթանում է քննարկում`«ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով, որի նախաձեռնողներն են «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ն, «Նորավանք» գիտակրթական կենտրոնը, ՀԱՊԿ-ի ինստիտուտի մասնաճյուղը Հայաստանում եւ ՀԱՊԿ-ի վերլուծական կենտրոնը:

ՀԱՊԿ-ի առջեւ կանգնած հիմնական խնդիրը մեր զրուցակիցը համարում է ծայրահեղական ահաբեկչությունը, որը, իր համոզմամբ, ընդհանուր է եւ ՀԱՊԿ անդամ իսլամական հանրապետությունների համար եւ մյուս, քանի որ Սիրիայում զարգացող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ահաբեկչությունը նախկինում առանձին խմբավորումների կողմից էր, հիմա դրանք դարձել են լուրջ եւ համախմբված ուժ, քաղաքական դերակատար եւ ի զորու են իրագործել լայնամասշտաբ գործողություններ:

Այս համատեքստում անդրադառնալով ԼՂՀ խնդրի առկայությանը եւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության հարցերին պարոն Հարությունյանը հիշեց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ վարձկանները կռվել են հայկական կողմերի դեմ եւ մենք այդ փորձն արդեն ունենք: Հիմա, երբ այդ ուժերը լուրջ գործոն են, չի կարելի անտարբեր մնալ, մանավանդ, որ ղարաբաղյան պատերազմն, ըստ էության ավարտված չէ, չի կարելի:

Համաժողովի ընթացքում ընթերցվեց նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորաբար ասված էր, որ ժամանակակից աշխարհում անվտանգության հարցերն առաջին պլան են մղվում եւ օրախնդիր է դառնում պետությունների համար անվտանգության ապահովումը: Այս իմաստով, նման քննարկումները, ըստ ԱԱԽ քարտուղարի, օրախնդիր են դառնում եւ խնդրին տիրապետող ու խնդրով մտահոգ մարդիկ պետք է իրենց խոսքն ասեն:

ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինն էլ իր բացման խոսքում ասաց, որ այս հարցերում բավականին կարեւորում է երիտասարդության ներգրավումը եւ արդեն եկող տարի, ապրիլին, ՀԱՊԿ անդամ տարբեր երկրների մոտ ութ հարյուր երիտասարդներ Եկատերինբուրգում կմասնակցեն այս թեմայով կայանալիք մեծ համաժողովին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930