Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին: Որ «նոր լիցք» ասելով համանախագահները դրական երեւույթ նկատի ունեն, տրամաբանական է, սակայն երբ այդ լիցքերը ոչ այնքան դրական են` համանախագահների լղոզված արձագանքները դրանց պատճառներից մեկն են: Հերթական անգամ տարածաշրջանի մակարդակով կարեւոր իրադարձության նախաշեմին Ադրբեջանը անցել է սադրանքների: Մասնավորապես, շաբաթ` նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաները:
Հայկական զինված ուժերը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգի համաձայն, լռություն են պահպանել: Սակայն եթե զինված ուժերի լռությունը կարելի է հասկանալ եւ մեկնաբանել որպես իրավիճակն առավել չսրելուն ուղղված մոտեցում, ապա ընդհանրական առումով հայկական կողմի լռությունը բնավ էլ չի վկայում, թե փորձ է արվում չվնասել բանակցային գործընթացին:
Մյուս կողմից, այս ամենի հանդեպ շարունակական թերի ու «հավասարակշռված» եվրոպական ու միջազգային մոտեցումն էլ իր դերակատարությունն ունի, քանի որ անպատժելիություն ասվածը թեկուզ միջազգային դատապարտումից ազատ լինելու առումով հիմք է տալիս Ադրբեջանին գնալ սադրանքների, ու տարածաշրջանում յուրաքանչյուր բարձրաստիճան այցելություն կամ էլ նախագահների մակարդակով հանդիպում «նշանավորել» զինադադարի խախտմամբ կամ սադրանքներով:
Այսինքն` արդեն իսկ ոչ դրական է մոտեցումը Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման նկատմամբ, երբ մի կողմից հանդիպման եկած Ալիեւ կրտսերը հրահանգել է գնդակոծել խաղաղ բնակիչներին, մյուս կողմից` նրա հետ հանդիպման մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ կարգադրել է իրավիճակը չսրել, լռություն պահպանել, մինչդեռ այս անգամ է, որ հայկական կողմում տուժածներ չկան, ինչը նախորդ մի քանի միջադեպերի պարագայում այդպես չէր:
Թերեւս արդեն վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական ու հավասարակշռված ներկայացվող ընդհանրական դիմումները փոխարինի կոնկրետ հասցեատեր ունեցող դիտարկումներով կամ գնահատականներով, քանի որ ադրբեջանական կողմից հնչող կրակոցները նաեւ խաղաղությունն այդքան կարեւորող միջազգային հանրության դեմ են ուղղված:
Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում