Լրահոս
Օրվա լրահոսը

Հնամաշ ավտոմեքենաների ներմուծման աճ. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2013 10:34

Անձնական ավտոմեքենան այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ «հանրային տրանսպորտ» կոչված խայտառակությունից սեփական արժանապատվությունը եւ, ինչու ոչ, անվտանգությունը պաշտպանելու պարզագույն նկատառումներով։ Բայց քանի որ քաղաքացիների չնչին տոկոսն է ի վիճակի ձեռք բերել նոր ավտոմեքենաներ, իսկ գերակշիռ մասը պարտադրված է նախապատվություն տալ էժան եւ կիսամաշ տրանսպորտային միջոցներին, հանրապետությունում շեշտակիորեն ավելանում է հենց դրանց քանակը։

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, մինչեւ 5 հազար դոլար մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաներին, որոնց ներմուծումների քանակն այս տարվա ինն ամիսներին կազմել է շուրջ 17 հազար կամ ընդհանուր ներմուծումների 60%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2008թ. այս հարաբերակցությունը կազմում էր հազիվ 25%, 2009թ.՝ շուրջ 33%, 2010թ.՝ արդեն 44,5%: Թե մինչեւ ուր կհասնի բացասական նման տենդենցը, կախված է բնակչության կենսամակարդակից։

Ու եթե նախկինում սահմանափակ հնարավորություններով հարյուր հազարավոր մարդիկ դեռեւս կարող էին հույս դնել հասարակական տրանսպորտի վրա՝ անհրաժեշտության դեպքում իրացնելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքը, ապա այսօր այդ վստահության լիմիտը վերջնականապես սպառված է՝ իր դերին եւ նշանակությանը համապատասխան հասարակական տրանսպորտի փաստացի չգոյությամբ պայմանավորված։

Սա է պատճառը, որ մարդիկ վերջին դրամներով, իսկ շատ հաճախ նաեւ բարձր տոկոսադրույքների տակ մտնելով՝ ձեռք են բերում ավտոմեքենաներ, որոնք մի քանի տարի հետո վերածվում են մետաղի ջարդոնի։

Այնպես որ՝ ավտոմեքենաների ներմուծման աճն ամենեւին էլ լավ կյանքի ցուցանիշ չէ, հատկապես, որ դրանց կեսից ավելին արդեն իսկ ներմուծման պահին կարելի է շահագործման համար պիտանիությունից դուրս համարել։ Միաժամանակ, վերջին տարիներին էականորեն նվազել է 5-10 հազար դոլար մաքսային արժեքով ավտոմեքենաների ներմուծումների ծավալը՝ ընդհանուր ներմուծումների մեջ 2008թ. 39%֊ ի դիմաց իջնելով մինչեւ 22%-ի։ Բնականաբար, սրանք եւս տարիներով շահագործված մեքենաներ են, սակայն ավելի բարվոք վիճակում գտնվող։ Ինչ վերաբերում է 10-30 հազար դոլար եւ ավելի մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաներին, ապա դրանց ներմուծումների ծավալն այս տարի չի գերազանցել ընդհանուրի 18%–ը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930