Լրահոս
Օրվա լրահոսը

Ասոցացման համաձայնագրի ձախողումը և Եվրամիության պարտությունը. «Օրակարգ»

Նոյեմբեր 19,2013 10:30

Ասոցացման պայմանագրի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Արևելյան գործընկերության շրջանակում Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը մեծ հաշվով տապալված է:
2008թ. Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարները Բրյուսելում ներկայացրին Արևելյան գործընկերության նախաձեռնությունը: Այն ենթադրում էր, որ առաջընթացի դեպքում Ասոցացման համաձայնագիր կստորագրվի գործընկեր երկրների հետ: Նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում սպասվող գագաթաժողովի ընթացքում, նախատեսվում էր Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:
Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ինչը կասեցրեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգում է: Այս պահին դեռ ամբողջությամբ հարցականի տակ չի դրվել միայն Մոլդովայի ու Վրաստանի կողմից համաձայնագրի ստորագրման գործընթացը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Եվրամիությունը կարողացել է ավելի հեշտ ու արագ ընդլայնվել՝ իր կազմի մեջ ներգրավելով Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների, իսկ այսօր չի կարողանում նույնիսկ Ասոցացման համաձայնագիր ստորագրել որոշ երկրների հետ:
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հաջողության մեջ կարևոր դեր է խաղացել երկու գործոն: Առաջինը կապված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ի ներսում քննարկում սկսվեց, թե կառույցը ինչ դեր պետք է ունենա նոր աշխարհում: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը որոշում կայացրեց ոչ թե հետ քաշվել Եվրոպայից, այլ ընդլայնել կառույցը և նոր երկրներ ներգրավել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ներսում միշտ էլ կարևոր դեր է խաղացել:
Չնայած Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքական համաձայնություն կար Արևելյան Եվրոպայի երկրները չներգրավելու ՆԱՏՕ-ի կազմի մեջ, սակայն Միացյալ Նահանգներին հաջողվեց մեկուսացնել Ռուսաստանին, և ՆԱՏՕ-ն բանակցություններ սկսեց Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ կազմակերպության անդամ դառնալու հարցի շուրջ: 1999թ. մարտի 12-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Կոսովոյի շուրջ ստեղծված հակամարտության պայմաններում Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը դարձան ՆԱՏՕ-ի անդամ: 2004թ. մարտի 29-ին ՆԱՏՕ-ին միացավ յոթ նոր անդամ` Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան: 2004թ. մայիսի 1-ին Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Սլովակիան, Սլովենիան դարձան ԵՄ անդամ, իսկ Բուլղարիան ու Ռումինիան ԵՄ անդամ դարձան 2007թ.: ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ է տվել լուծել այդ երկրների անվտանգության խնդիրները և հեշտացրել է տնտեսական ինտեգրման գործընթացը:

Արմեն Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930